Երանի Քոչարյանի ժամանակներին

Երանի Քոչարյանի ժամանակներին
Գործարար, «Միկա Լիմիթեդ հոլդինգի» ղեկավար Միխայիլ Բաղդասարովի կանխատեսմամբ՝ տնտեսական «ճգնաժամի պիկը» 2013 թվականին է լինելու, որին ինքն արդեն պատրաստվում է: Ճգնաժամն իր բիզնեսին նույնպես խանգարում է: «Մեր գործը բնակչության հետ է: Եթե բնակչության մոտ դրամ չկա, ուրեմն մարդիկ չեն թռչում: Հետեւաբար մեզ հետաքրքրում է, որ բնակչության մոտ շատ դրամ լինի, որպեսզի մարդիկ կարողանան շատ հանգստանալ, տներ կառուցեն եւ մեքենաներով երթեւեկեն»,- ասաց գործարարը:



Երեկ լրագրողները նրան հարցրեցին, թե որքանո՞վ են համարժեք ժողովրդի ծանր սոցիալական պայմաններն ու օրինակ՝ ավիատոմսերի, բենզինի եւ ցեմենտի բարձր գները, որոնք միջազգայինից էլ բարձր են: Բաղդասարովը պատասխանեց.



«Ե՛ս չեմ որոշում ժողովրդի կենսամակարդակը, բայց կարող եմ ձեզ հետ համաձայնել, որ գներն իսկապես բարձր են: Մյուս կողմից՝ բարձր են ոչ թե, որ ոմանք ուզում են հարստանալ, այլ՝ որովհետեւ մարդիկ ստիպված են ներկրել ապրանքներն այն գնով, ինչ կա միջազգային շուկայում, որովհետեւ տնտեսությունն առանց բենզինի կկանգնի»: Օրինակ բենզինը, Բաղդասարովի խոսքով, երկու ծովով եւ Վրաստանով է բերվում, «բեռնափոխադրումն էլ շատ թանկ է»: Իսկ ցեմենտի բարձր գնի մասին խոսելիս նշեց, որ գնագոյացման վրա ազդում է գազի սակագինը: «Իսկ ինչպե՞ս է, որ շինարարության ծավալներն աճում են, իսկ ցեմենտի սպառումը` ոչ, արդյոք ստվերային գործունեության արդյունք չէ՞»: Բաղդասարովը նկատեց, որ շինարարության մեջ պարտադիր չէ ցեմենտի օգտագործումը. «Կառույցները լինում են մետաղական կոնստրուկցիաներով եւ այլն»: Ապա հավելեց, որ ցեմենտի սպառումը չի նվազել, ինչը նշանակում է, որ շինարարության տեմպերը Հայաստանում ավելի վատ չեն, քան նախորդ տարի: Բայց ավելի լավ չեն, քան Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին: «Տնտեսական առավել ճիշտ քաղաքականություն տանում է Սերժ Սարգսյանի ղեկավարած կառավարությո՞ւնը, թե՞ Ռոբերտ Քոչարյանի»: Միխայիլ Բաղդասարովը պատասխանեց.



«Չեմ կարող ասել, թե ուր ենք գնում, մի բան կարող եմ ասել՝ շինարարության ծավալները չեն աճել, եթե դուք տեսնում եք շահագործման հանձնված շենք, դա դեռ չի նշանակում, թե շինարարության տեմպերն աճել են: Այնպիսի զանգվածային շինարարություն, ինչպես եղավ 2007-2008 թվականներին, այսօր չկա, դա վերադարձ չի այդ թվերը, այսօր ուղղակի ավելի լավ է, քան 2009 թվականին»: Ապա հավելեց, որ ամբողջ աշխարհն է այժմ հաղթահարում տնտեսական ճգնաժամի հետեւանքները:



Նշենք, որ «Միկա Լիմիթեդ հոլդինգի» մեջ մտնում են «Արմավիա» ավիաընկերությունը, Հրազդանի ցեմենտի գործարանը, «Աբիտ» բիտումային գործարանը եւ բենզին ներմուծող «Միկա քորփորեյշն» ընկերությունը: