Բազմազավակ մայրը ապաստան է խնդրել Թուրքիայից

Բազմազավակ մայրը ապաստան է խնդրել Թուրքիայից
Իր 6 հոգանոց ընտանիքով Մարիամ Գիշյանը ապաստան է խնդրել Թուրքիայից, և  ՀՀ նախագահին գրել, որ օվիրին վճարվելիք  պետտուրքի գումարը չունի, ուստի եւ խնդրում է իրեն զրկել ՀՀ քաղաքացիությունից։ «Քանի որ իմ եւ իմ 5 երեխաների նկատմամբ իրականացրել եք սպիտակ եղեռն՝ զրկելով ապրուստից, բնակարանից եւ մարդու իրավունքներից...»- գրել է Գիշյանը եւ հավելել, որ հասցե չունենալու պատճառով ակնկալում է նախագահի պատասխանը ստանալ նախագահականից։

Իսկ ինչու՞ եւ ի՞նչ հանգամանքներում է Գիշյանը զրկվել սեփական բնակարանից։ Մարիամ Գիշյանի 6 սենյականոց տունը, որը  գտնվում էր Լալայանց 30 հասցեում, ներառվել էր Հյուսիսային պողոտայի գոտում։  Պետության կարիքների անվան տակ, ԾԻԳ-ի հայցով 2003թ կենտրոնի դատարանը որոշել է երկրորդ կարգի հաշվանդամ  կնոջը պարտավորեցնել, որպեսզի նա կնքի անշարժ գույքի օտարման պայմանագիր, որից հետո նրան իր ընտանիքի անդամների հետ վտարել են սեփական տանից՝ «Երեւանի  վարչական սահմաններում 4 սենյականոց բնակարանի հատկացմամբ»։



Հետո սկսվել էր տիպիկ մերօրյա հայ օլիգարխիկ գործընթաց, երբ պատասխանատուները մոռացել էին տված խոստումների մասին, եւ Գիշյանն իր բազմաթիվ բախտակիցների նման մնացել է անտուն։ Ինչո՞ւ։ Որովհետեւ սեփական բիզնեսին զարկ տալու համար ոմանք  պետք է կառուցեին Հյուսիսային  պողոտա, եւ այդ ճանապարհին անտեսելով ամեն ինչ՝ սեփական բնակարաններից զրկելու էին նաեւ մարդկանց։



Վաղը  ես երեխայիս ձեռքը բռնած կքայլեմ Հյուսիսային պողոտայով ու նրան կասեմ.«Գիտե՞ս, մի ժամանակ այստեղ եղել է մի բնակարան, որտեղ ապրել է Պարույր Սեւակը, իսկ հիմա այն չկա, քանզի ոմանք կարծեցին, որ չինովնիկների համար կառուցվելիք բնակարանները ավելի կարեւոր են երկրի համար։ Դե՛, անցիր ու նրանց կիսաբաց պատուհաններից ունկնդրիր արաբաթուրքական երաժշտությունը, եւ թե կարող ես, համոզիր քեզ, որ դա Հայաստանն է»։



Կլինեն մարդիկ, ովքեր Թուրքիայից ապաստան խնդրելու Գիշյանի քայլը կհամարեն սխալ։ Մի փոքր խորհելուց հետո սակայն, երբ յուրաքանչյուրը իրեն մեկ վայրկյան պատկերացնի փողոցներում ու այգիներում գիշերող Գիշյանի ընտանիքի տեղում, կհասկանա, որ հուսահատ կինն այլ ելք  չուներ։



«Իմ հայրենիքը այն հոգևորն է, որը  կա Հայաստանում»-ասում էր Գ. Նժդեհը։  Իսկ ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, վախենում եմ որ այս կերպ շարունակվելու դեպքում վաղը կփնտրեմ  ու չեմ կարողանա գտնել նաեւ այդ  ոգեղենը: