Նոր առաքելական եկեղեցի՞ Շվեյցարիայում

Նոր առաքելական եկեղեցի՞ Շվեյցարիայում
Շվեյցարիա-Էջմիածին կոնֆլիկտը նոր դրսեւորում է ստանում: Գարեգին Բ ամենայն կաթողիկոսը, փաստորեն, նոր առաքելական եկեղեցիներ է հիմնում նրանց փոխարեն, ովքեր տարաձայնություն ունեն իր վարած քաղաքականության հետ: Մեր խմբագրությունը հաղորդագրություն է ստացել «Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Ժընեւի եւ Լեմանի շրջանի Ծուխ» ստորագրությամբ, որով հայտարարվում է Էջմիածնից ուղարկված Մեսրոպ Վարդապետ Պարսամյանի գլխավորությամբ Շվեյցարիայում առաքելական եկեղեցու նոր ծուխ ու եկեղեցական նոր՝  8 հոգանոց խորհուրդ ստեղծելու մասին:



Հիշեցնենք, որ օրեր առաջ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հռչակագիր էր տարածել, որով Մայր Աթոռն այլեւս չի ճանաչում 1985-ին հիմնադրված «Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցի» եկեղեցական ծուխը, իսկ ժամանակ առաջ Գարեգին Բ-ն կարգալույծ արեց Շվեյցարիայի հոգեւոր հովիվ Տեր Աբել քահանա Մանուկյանին:



«Ժողովականները կարեւորեցին ժնեւահայ համայնքի մեջ խաղաղութեան, կայունութեան եւ սիրոյ վերաստեղծումը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան բարձր հեղինակութեան վերահաստատումը»,- ասվում է հայտարարության մեջ՝ շարունակելով. «Ժողովականները խորապէս հաւատացած են, որ թեմական կառոյցի կազմակերպմամբ ի վերջոյ կհաստատուի զուիցերահայոց բաղձալի միասնականութիւնը, կզորանայ Առաքելական մեր Մայր Եկեղեցւոյ հայապահպան առաքելութիւնը եւ կը զարգանայ էկյումենիկ համագործակցութիւնը քոյր եկեղեցիներուն հետ»:



Ուշագրավն այն է, որ Շվեյցարիայում առաքելական մեկ եկեղեցի կա՝ Սբ. Հակոբ եկեղեցին, որի կառույցը, մեր տեղեկություններով, պատկանում է ոչ թե Էջմիածնին, այլ համայնքի ներկայացուցիչներին՝ եկեղեցու խորհրդին: Թե որտեղ պետք է ժամերգություններ անի եկեղեցական նոր ծուխը, պարզ չէ:



Ավելի վաղ Շվեյցարիայի համայնքի իր անդամներին ուղղված հայտարարություն է տարածել Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցու խորհուրդը: «Վեհափառ Գարեգին Երկրորդը զրկել է մեզ Տեր Աբել քահանայի ծառայություններից, մեր քահանային ընտրելու ազատությունից, մեր անձնական կամքը ձեւակերպելու եւ արտահայտելու իրավունքից եւ մեր հաղորդակցությունից Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հետ»,-հայտարարել էր Սբ. Հակոբ եկեղեցու խորհուրդը՝ շարունակելով.



«Արդեն մի քանի ամիս է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խթանում է Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցու մասին սխալ տեղեկությունների տարածումը, որպեսզի արդարացնի իր բռնատիրական քաղաքականությունը եւ նվազագույնի հասցնի մեր համայնքի արձագանքի օրինականությունը»:



Այնուհետեւ խորհուրդը տեղեկացնում է, որ շիկացած մթնոլորտի պատճառով մայիսի 16-ին հրաժարական է տվել եկեղեցական խորհրդի ատենապետ Վիգեն Վարձպետը: Շվեյցարահայերն ավելի վաղ նամակ են գրել Սերժ Սարգսյանին՝ ներկայացնելով խնդիրը, սակայն մինչ այժմ պատասխան չունեն: Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հետ եւս հանդիպում է եղել, սակայն խնդիրը չի լուծվել: Փոխարենը կաթողիկոսը դիմել է ամենաբարձր քաղաքական շրջանակներին Հայաստանում եւ Ղարաբաղում, որպեսզի համակիրներ գտնի Շվեյցարիայում ու իրականացնի իր ծրագիրը:



«Այսօր Գարեգին Բ-ն արդարացնում է Շվեյցարիայում թեմի առկայությունը՝ հղում կատարելով կաթողիկոս Վազգեն 1-ինի 1992 թ. հրապարակումներին, սակայն  միեւնույն ժամանակ գիտակցաբար անտեսում է մեր եկեղեցու օրենքները, այդ թվում՝ Վազգեն Ա-ի կողմից  հաստատված 1985 թ.-ին»,- հայտարարում են շվեյցարահայերը՝ գրելով. «Ավելին՝ Գարեգին Երկրորդը, որպեսզի օրինականացնի եւ արդարացնի իր միակողմանի ընդունած որոշումները, վկայակոչում է նոր կանոններ, որոնք  ձեւակերպել են Էջմիածնում 2001 թ. ( եւ դեռ պետք է ընդունվի համընդհանուր) եւ հավակնում է լինել կրողը Քրիստոսի հաղորդագրություն: Նա ցուցադրում է  անսահման արհամարհանք իր ղեկավարած եկեղեցու անդամների տեսանկյան ու զգացմունքների նկատմամբ»:



«Ո՞ւր մնաց բարեգործությունը, հանդուրժողականությունն ու կարեկցանքը, որը քարոզում է Քրիստոսը: Գարեգին Բ-ն մոռանո՞ւմ է, որ ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս: Էջմիածինը վերածվել է եկեղեցական կառույցի առանց բովանդակությա՞ն»,- հարց են ուղղում շվեյցարահայերը՝ հավելելով, որ ամառվանից հետո հավաքվելու են ընդհանուր ժողովի, որը թույլ կտա եկեղեցու շահագրգիռ բոլոր անդամներին արտահայտել իրենց տեսակետը: