«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծածկադմփոցը մերկացված է

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծածկադմփոցը մերկացված է
«Անե՞լ, թե չանել նվիրատվություն»՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին ուղեցույցի հավելված



Մինչ աշխատում էի ուղեցույցի ավարտական մասի վրա, երրորդ մասը ավելի ու ավելի էր գրավում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունից թե գոհ թե դժգոհ անձանց ուշադրությունը: Ճիշտ է ուշացումով, սակայն առաջին անգամ ուղեցույցին արձագանքեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը երկարաշունչ մեկնաբանության տեսքով:



Նա հայտարարեց. «Որպես Հայաստան Համահայկական Հիմնադրամի ներկայիս Գործադիր Տնօրեն ես հայտարարում եմ, որ Արա Մանուկյանի կողմից տպագրված հոդվածները ուղակի զրպարտություն են և նա փորձ է կատարում ստվեր գցել Համահայկական Հիմնադրամի բարի անվան վրա»:



Մի շարք մեկնաբանությունների  միջոցով արտահայտված նրա հիմնական ուղերձը նորություն չէ. «Միթե կարելի է չնկատել այն հարյուրավոր դպրոցները, բնակելի տները, ջրատարները, հիվանդանոցները, գազատարները, մանկապարտեզները որոնք Համահայկական Հիմնադրամը կառուցել է Հայաստանում և Արցախում» (մեկնաբանություն #6):



Մասնակի վերաշարադրմամբ այս հայտարարությունը հնչեցնում են հիմնադրամի բոլոր ներկայացուցիչներն ու աննկուն աջակիցները (Արա Վարդանյանը, Սարգիս Քոթանջյանը, Վարդան Փարթամյանը, Ստեփան Փարթամյանը և այլք) ի պատասխան կոռուպցիայի կամ ցածր որակի վերաբերյալ մեղադրանքներին: Այս տեսակ արձագանքը հայտնի ասացվածքի թարգմանությունն է. «Նվիրված ձիու ատամները չեն հաշվում»:



Ես` Արա Խ. Մանուկյանս, արդ հայտարարում եմ, որ ինձ հաջողվել է նկատել այն հարյուրավոր դպրոցներն ու հիվանդանոցները, որոնք Համահայկական Հիմնադրամը կառուցել է Հայաստանում և Արցախում հաճախ շատ ավելի ցածրորակ, քան կարելի էր ենթադրել ծախսված գումարի չափից: Խնդիրն այն է, որ այս ծրագրերը Հայաստանի և Արցախի կառավարությունների բնական պարտականություններն են, որոնք ունեն ավելի շատ ու ավելի լավ կառուցելու ներուժը, եթե կոռուպցիան նվազեցնելու և հարկահավաքն ինչպես աղքատի, այնպես էլ հարուստի վրա տարածելու բավականաչափ քաղաքական կամք ունենային:



Եթե այս իշխանությունները ի զորու չեն այսքանն անելու համար, ապա ո՞ր արժանիքների համար են նրանք ղեկավարում հիմնադրամը: Հաշվի առնելով նրանց տկարությունը՝ երկու երկրների ղեկավարություններն առհասարակ անելիք չունեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությունում և, հետևաբար, պետք է հեռանան:



Չնայած ուսումնասիրության  վրա վարկաբեկել հիմնադրամի գործադիր տնօրենի փորձերին, գտնվեցին անձինք, ովքեր պաշտպանեցին ուղեցույցը: Այն բանից հետո, երբ իբրև «K» ներկայացած անանուն մի օգտատեր հայտարարեց, որ ուսումնասիրության արդյունքների առաջացրած հիասթափության պատճառով ինքն «այժմ նախկին նիվիրատու» է, քննարկմանը միացավ Pahakazor մականունով մի օգտատեր: Ինչպես բառն է հուշում, այս անձնավորությունը ստանձնել էր հիմնադրամի պահապան հրեշտակի դերը՝ ճնշելով հիմնադրամի մասին անհարմար կարծիքները: Այդ գործում զարմանալի նմանություններ դրսևորվեցին Պահակազորի և հիմնադրամի գործադիր տնօրենի միջև:



Ինչպես Արա Վարդանյանը, Պահակազորը չուզեցավ հասկանալ, թե ինչու  են կոռումպացված իշխանավորները ներկայացված  «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին  ուսումնասիրության մեջ; ինչպես Արա  Վարդանյանը, Պահակազորը տվյալ ուղեցույցը հավասարեցրեց ասեկոսեների հավաքածուի; ինչպես Արա Վարդանյանը, հիմնադրամի պահապան հրեշտակը նույնպես հետաքրքրվում էր՝ արդյոք հիմնադրամը քննադատողները երբևէ քաշել են երևանյան գրասենյակ կամ որևիցե ծրագրի վայր այցելելու նեղությունը: Երկուսն էլ մեկնաբանություններ էին թողել, ուղեցույցի երրորդ մասի թե՛ հայկական և թե՛ անգլիական տարբերակի տակ:



Նրանց դիրքորոշումների նմանությունները մեջս հետաքրքրություն առաջացրին պարզելու, թե ով է իրականում Պահակազորը: Ես ունեի նրա ինքնության վերաբերյալ իմ լուրջ կասկածները, դրա համար էլ Արթուր անունով մի օգտատեր կերտեցի ում առաքելությունը պիտի լիներ մականվան հետևում թաքնված իրական անձնավորության մերկացումը: Տարբեր մեկնաբանությունների հետևյալ դրվագներում այսպես է ինքն իրեն ներկայացնում Պահակազորը.



«Հիշում ե՞ք, թե մենք ինչքան օգնություն ուղարկեցինք Հայաստան երկրաշարժից հետո՝ 1988-ին ու 1989-ին» (մեկնաբանություն #11):

«Ես նվիրատու եմ, ով առնվազն տարին մեկ փորձում է մեկնել Հայաստան» (մեկնաբանություն #18):

«Ինչպես արդեն նշել եմ, ես «Հայաստան» հիմնադրամի վաղեմի նվիրատու եմ, ում հուզում է, թե ուր են հասնում նվիրատվությունները: Այցելել եմ «Հայաստան» հիմնադրամի մի քանի ծրագրեր, խոսել եմ այդ գյուղերի բնակիչների հետ, կապալառուների ու Հայաստանում «Հայաստան» հիմնադրամի աշխատակիցների հետ» (մեկնաբանություն #55):



«Ես որ իրոք այցելում եմ հիմնադրամի հայաստանյան գրասենյակն ու ամեն կերպ աշխատում եմ գնալ այն գյուղերը, որտեղ իրականացվում են ծրագրերը, և ես իրոք ճշտում եմ հիմնադրամի ֆինանսական բաժնի հետ, թե ուր են գնում իմ փողերը» (մեկնաբանություն #25):



Առաջին հայտարարությունից  կարելի է ենթադրել, որ Պահակազորը սփյուռքահայ  է, ով ԱՄՆ-ում բնակվում է դեռ ՍՍՀՄ փլուզումից առաջ և արդ բավականաչափ  տարիքով է 1988 թ. Հայաստանին հումանիտար օգնություն ուղարկելու համար: Մնացած խոսքերը ենթադրում են, որ այս անձնավորությունն այնքան է տարված հիմնադրամով, վերջինիս ծրագրերով և նրա պատվի պաշտպանությամբ, որ հիմնադրամը պետք է պարգևատրի Պահակազորին նրա բացառիկ խանդավառության համար:



Նրա մականվան գուգլային  որոնումն ինձ տարավ Asbarez.com, որտեղ Պահակազորը մեկնաբանություն էր արել այն մասին, որ Ռամկավար Ազատական կուսակցության ԱՄՆ Արևմտյան շրջանի ճյուղը չի կատարել 100.000 դոլար նվիրաբերելու իր խոստումը: Այս կարգի տեղեկությունը ևս մեկ ցուցիչ էր, որ Պահակազորը բավական սերտ առնչություն ունի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ: Երբ Արթուրը հարցրեց նրան՝ արդյոք աշխատում է հիմնադրամում, պատասխանը բացասական էր. «Տարիներ առաջ ես կամավորի կարգավիճակով զանգեր էի ընդունում հեռուստամարաթոնի ընթացքում» (մեկնաբանություն #55): Իսկ ի պատասխան Արթուրի հարցմանը, թե որտեղից հայթայթել այդ գաղտնի տեղեկությունը, Պահակազորն ասաց. «Ստուգեցի տեղեկությունը, ու ճիշտ դուրս եկավ»: (մեկնաբանություն #25):



Հազիվ էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանը ոտք դրել մեկնաբանությունների ճակատամարտ, երբ նա պատահաբար կանգնեց մի ականի, որը ցրիվ տվեց Պահակազորի թաքստոցը: Այս ուսումնասիրության դրդապատճառներից մեկը հանդիսացող հակասական հարցազրույցը տված Սարգիս Քոթանջյանի առաջին իսկ մեկնաբանությունը տեղ հասավ այն նույն IP հասցեից, որտեղից գալիս էին Պահակազորի մեկնաբանությունները:



Ինքնության հավելյալ ապացույց ունենալու նպատակով դիմեցի Միացյալ Թագավորությունում ապրող  անկախ դատական լեզվաբանության մասնագետ, Ջոն Օլսոնին (John Olsson), ով Հյուսիսային Ուելսի Բանգորի համալսարանում դատական լեզվաբանության ծրագրի համաղեկավար է: Pahakazor մականունով հանդես եկող անձի ինքնությունը պարզելու նպատակով կազմված զեկույցում Ջոն Օլսոնը եզրակացրել է. «Իմ կարծիքով, դատելով ըստ հավանականությունների, պարոն Քոթանջյանը «Pahakazor»-ին վերագրվող տեքստերի հավանական հեղինակն է: Ըստ իս՝ երկու տեքստերի համար ընդհանուր առանձնահատկությունների համակցությունը ամենայն հավանականությամբ օգտագործվում է բնակչության միայն չնչին մասի կողմից»: Այսպիսով, այժմ կասկածներս հաստատված էին, իսկ Արթուրի առաքելությունը՝ կատարված: Զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ: Պահակազորի ակտիվ մասնակցությամբ քննարկումները կարելի է գտնել “To Donate Or Not To Donate” (PART 3) և դրա հայկական տարբերակում:



Ինքնության այս  բացահայտումն ինձ դրդեց հետ նայել  որոշ մեկնաբանություններում Պահակազորի արած հայտարարություններին ընդհանրապես այլ լույսի տակ: Օրինակ, փորձում էի պատկերացնել, Սարգիս Քոթանջյանին 1988 թ.՝ վաղ պատանեկության շրջան նոր-նոր թևակոխած երևանցի մի դեռահաս, ում հաջողվում է ԱՄՆ-ից մարդասիրական օգնություն ուղարկել Խորհրդային Հայաստան: Եվս մի քանի արժանահիշատակ դրվագներ.



«Լոսանջելեսյան տնօրենը, ով YouTube-ում խոսում է «Հայաստան» հիմնադրամի մասին իրականում խելքը գլխին բաներ է ասում իբրև պրագմատիկ գործունյա անձնավորություն» (մեկնաբանություն #22):

«Ես չեմ զարմանում, որ հիմնադրամը նոր է հայտնաբերել այս գրառումը: Ես ինքս մոտ մի շաբաթ առաջ հայտնաբերեցի — էնպես չի, էլի, որ լայն ժողովրդականություն է վայելում էս բլոգը Возможно, формат этой картинки не поддерживается браузером. » (մեկնաբանություն #18)

«Ես չեմ կարող քեզ էդ հարցով օգնել: Միգուցե Արա Մանուկյանը պարկեշտ մարդ է, ո՞վ գիտի — ո՛չ ես, ո՛չ էլ դու անձամբ չենք հանդիպել նրան» (մեկնաբանություն #27):



Առաջին հայտարարությունը թողնում եմ առանց մեկնաբանության: Ինչ վերաբերում է երկրորդ պնդմանը, ապա բացարձակ սուտ է, քանի որ Սարգիս Քոթանջյանը առաջինն է ընթերցել այս  ուղեցույցի առաջին մասը այն բանից հետո, երբ նրան հանձնեցի պատճենը մեր դեմ առ դեմ հանդիպման ավարտին: Սա նշանակում է, որ նրան այս ուսումնասիրությունը հասանելի է եղել ոչ թե Պահակազորի՝ նրա alter ego-յի արած մեկնաբանությունից մեկ շաբաթ, այլ մի երկու ամիս առաջ:



Երրորդ հայտարարության մեջ Պահակազորը բացարձակապես ժխտում է, որ անձամբ ինձ հետ հանդիպում է ունեցել: Մի քանի մեկնաբանություն անց Սարգիս Քոթանջյանն ի վերջո ստիպված է լինում ընդունել հիմնադրամի վիճակն ու այլ հարցեր քննարկելու նպատակով ինձ հետ անձամբ հանդիպած լինելու փաստը (մեկնաբանություն #57): Սարգիս Քոթանջյանը միևնույն մեկնաբանությունում նաև ավելացրել. «Այո, Արա Վարդանյանը լավ էլ տեղյակ է մեր հանդիպման մասին»:



Սակայն այս խոստովանությունը բավական անհարմար իրավիճակի մեջ դրեց Արա Վարդանյանին, քանի որ վերջինս ավելի վաղ հայտարարել էր. «Որպես հիմնադրամի գործադիր խորհրդի տնօրեն ես միշտ բաց եմ եղել ցանկացած երկխոսության համար, և զարմանում եմ, որ Արա Մանուկյանը երբևէ չի կապվել մեզ հետ հանդիպում կամ հարցազրույց կազմակերպելու խնդրանքով» (մեկնաբանություն #5):



Այսպիսով, կեղծ ինքնություն  ընդունելով, Սարգիս Քոթանջյանը սուտ վկայությամբ  գովաբանում ու գովազդում է հիմնադրամը: Պնդելով, թե ինքը հոգատար նվիրատու է, ով ստուգել է և արդ լիովին բավարարված է նրանով, թե ինչպես է գումարը վերածվում ծրագրերի, Սարգիս Քոթանջյանը ապակողմնորոշում է մարդկանց՝ նվիրատվություն և վստահություն կորզելու մի կազմակերպության համար, որտեղ ինքն է աշխատում:



Խաբեությունն առկա է ուղեցույցի երրորդ մասի տակ hիմնադրամի ղեկավարության թողած մի քանի մեկնաբանություններում.



«Հայաստան հիմնադրամը ոչ մեկի կողմից չի վերահսկվում», շեշտում է Արա Վարդանյանը թիվ 33 մեկնաբանությունում: Սակայն երբ մի մտահոգ մեկնաբանող կրկնեց տվյալ ուղեցույցի առաջին մասում աուդիտային ընկերությունները փոխելու կարևորության մասին մեր անդրադարձը, Արա Վարդանյանը որոշում կայացնելու արտոնությունները փոխանցեց հոգաբարձուների խորհրդին. «Նախ և առաջ, «Grant Amyot»-ի մասին Ձեր խոսքերը կփոխանցվեն նրանց, և դա նրանց որոշելիքն է, թե ինչպես պիտի վարվեն այդ խնդրի հետ:



Ինչպես հարյուր անգամ արդեն նշել եմ, մենք ունենք հոգաբարձուների խորհուրդ, որը բաղկացած է 35 անդամներից, որոնցից 25-ը ներկայացնում են Սփյուռքը: Այս մարդիկ են աուդիտային նախընտրանքի և այլ ռազմավարական հարցերի կապակցությամբ որոշումներ կայացնողները» (մեկնաբանություն #46): Այս վերջին հատվածը — հատկապես «այլ ռազմավարական հարցերը» — պերճախոսություն է այն մասին, թե ով է վերահսկում հիմնադրամը՝ այն տասը, ումից բաղկացած է հոգաբարձուների խորհրդի նախագահությունը, ում մեծ մասը պետպաշտոնյաներ են և ում աշխատում է շրջանցել պարոն Վարդանյանը: Այս թեմայի մանրամասները կարելի է գտնել առաջին մասում:

Զարմանալի էին 2011 թ. մայիսի 31-ին խորհրդի  հանդիպման ավարտից հետո հիմնադրամի մասին հոգաբարձուների խորհրդի 25 անդամներից մեկի՝ Արա Բոյաջյանի (Կանադա) խոսքերը.



««Հայաստան» համահայկական հիմնադրամի ընդհանուր  կառույցը բավականին ամուր հիմերու  վրա է, որովհետև այն միակ կազմակերպությունն  է, որը իսկապես կանոնավոր կերպով արևմտյան չափանիշով audit է լինում: Եվ, փաստորեն, վերջին 20 տարիներին որևէ մեկ խախտում չենք լսել» (տեսանյութ):



Անհավատալի է, թե ինչպես կարող է հոգաբարձուների խորհրդում ընդգրկված մեկը վերջին 20 տարիների ընթացքում որևէ մեկ խախտման մասին լսած չլինել, երբ անգամ ներկա գործադիր տնօրեն Արա Վարդանյանն է խոստովանում. «Ես հաստատապես կարող եմ ասել, որ որոշ դեպքերում մենք իրոք որակի հետ կապված խնդիրներ ունեցել ենք . . .» (մեկնաբանություն #30): Մասամբ ընդունում է նաև Սարգիս Քոթանջյանը, երբ հայտարարում է. «Ես ասել եմ մեր հանդիպման ընթացքում, կասեմ նաև հիմա, որ ինչպես ցանկացած կազմակերպություն, «Հայաստան» հիմնադրամն իր 20 տարվա գոյության ընթացքում ունեցել է մարտահրավերների իր բաժինը, որոնցից դասեր է քաղել: […] «Հայաստան» հիմնադրամն այն չէ, ինչ եղել է 1994, 1998, 2003 կամ 2006 թվականներին. այն փոխվում է ժամանակի հետ և փոխվում է մարդուց մարդ» (մեկնաբանություն #57): Ակնհայտ է, որ աջ ձեռքը չգիտի, թե աջն ինչ է անում: Ո՞վ կարող է այսքանից հետո հերքել, որ հիմնադրամի վստահելիության ինքնագովազդը ապակողմնորոշիչ է:



Հայտնի չէ՝ արդյոք Արա Վարդանյանը կատարել էր աուդիտային ընկերությունները հերթափոխելու հարցը  հոգաբարձուների խորհրդին փոխանցելու իր խոստումը: Սակայն փաստ է, որ 2011 թ. մայիսի 31-ի տարեկան նիստի ընթացքում այդ հարցն օրակարգում ընդգրկված չէր: Այն նույն մեկնաբանողը, ով կիսում էր մեզ հետ աուդիտային ստուգումների վերաբերյալ մեր մտահոգությունը, բողոքել էր նաև պարտադրվող նվիրատվությունների մասին: Ըստ նրա՝ տարիներ շարունակ առանց տարեկան հազար դրամ է պահվում նրա ուսուցչուհի մոր աշխատավարձից առանց նրա համաձայնության որպես նվիրատվություն «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ի պատասխան:



Ի պատասխան՝ Արա Վարդանյանն այդ գործընթացը որակեց որպես ապօրինի. «Ես ցավում եմ, որ ձեր մայրիկի աշխատավարձից պահում եմ կատարել: Բայց դա ոչ օրինական է և դրա համար պատասխան պետք է տա դպրոցի տնօրենը: Մենք չենք քաջալերում նման նվիրատվությունները» (մեկնաբանություն #6): Ինչքանով, որ մեզ հաջողվել է պարզել, մինչ օրս ոչ մի տնօրեն պատասխանատվության չի կանչվել, ոչ էլ Արա Վարդանյանն է կամ հոգաբարձուների խորհրդի որևիցե անդամ այս հարցին լուծում տվել:



Արա Խ. Մանուկյան