Դելֆինների ցավը տանեմ

Դելֆինների ցավը տանեմ
Երեկ Հայաստանի տոնացույցի մեջ ավելացավ եւս մեկ օր՝ Բանտարկված դելֆինների պաշտպանության համաշխարհային օրը, որի առիթով «Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» հասարակական կազմակերպությունները դելֆինարիումի առաջ ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով ազատ արձակել դելֆիններին: Դելֆինարիումի մոտ հավաքված լրագրողների թիվն ավելի շատ էր, քան պլակատների ու մասնակիցների թիվը միասին վերցրած: 



«Մենք չենք ուզում, որ մեր երկրում այս կենդանիներն ապրեն անազատության մեջ»,- ասաց  «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը եւ օրվա կարեւորությունն ընդգծելու նպատակով նշեց, որ անազատության մեջ դելֆիններին պահելուց հրաժարվել են Թուրքիան, Կոստա Ռիկան եւ մի շարք այլ երկրներ: Նշելով դելֆինարիումի անօրինական լինելու հանգամանքը, մասնավորապես այն, որ չի կատարվել շրջակա միջավայրի փորձաքննություն, նշեց, որ չնայած իրենց հնարավորություն չեն տվել ազատ մոնիտորինգ անցկացնել դելֆինարիումում, բայցեւայնպես, հաստատ գիտեն՝ դելֆինները շատ վատ պայմաններում են, եւ իրենց հետազոտությունները բերել են նրան, որ դելֆինարիումը գործում է խմելու ջրով, որը չափից ավելի քլորացված է, ինչն էլ ամիսների ընթացքում բերում է դելֆինների ատամների, մաշկի, աչքերի հետ կապված խնդիրների: Դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանի խոսքով, ոչ ոք եւ ոչ մի անգամ չի դիմել իրենց մոնիտորինգ իրականացնելու համար, իսկ դելֆինների ատամներն էլ չեն ցավում: «Իրենց ինչի՞ է թվում, թե իրենք ավելի են հետաքրքրվում դելֆիններով, քան մենք: Փորձաքննություն բնապահպանության նախարարությունն է արել, իրենք մեզ ներկայացրել են արդյունքները, որտեղ ամեն ինչ համապատասխանում է նորմերին»,- տեղեկացրեց տնօրենը՝ ՀԿ-ների ակցիաները որակելով որպես գովազդ:



Դելֆինների ուկրաինացի մարզիչներն էլ նշեցին, որ պայմանները համապատասխանում են եվրոպական չափանիշներին, եւ ջուրն էլ նորմայից շատ կապույտ է ոչ թե քլորից, այլ լողավազանը երիզող կապույտ լինոլեումից: Հետաքրքրվեցինք, թե ունե՞ն փաստաթղթային եզրակացություն, որ դելֆինների տեսողությունը նորմալ է, եւ ատամներն էլ չեն ցավում: Պարզվեց՝ դելֆինների անձնական անասնաբույժն ուկրաինացի է, ով 2 ամիսը մեկ է գալիս-զննում դելֆիններին, փոխարենը առաջարկեցին, որ մենք ստուգենք ու համոզվեք:



«Էրեխեքի համար մի լավ բան են ստեղծել, թե հիմի տեղը պուճուր են բռնացրել՝ էդ ոչինչ: Տեսեք ինչքան ազատ տեղ կա՝ թող մեծացնեն դելֆինների համար, ես իրանց ցավը տանեմ: Էս մեր մայլեն ա, էնքան հաճելի է, որ մարդիկ են գնում-գալիս, թե չէ առաջ այգին կռիսանոց էր»,- մեզ հետ զրույցում նշեց դելֆինարիումի տարեց այցելուներից մեկը: Մեկ ուրիշ այցելու էլ «կսկծու՝ փառք Աստծու» տարբերակով կողքից հավելեց՝ գոնե ուրախանանք, որ սենց բաներ են բացվում, ոչ թե օբյեկտներ:



Մինչ դելֆինարիումում դելֆիններն իրենց համար քեֆ էին անում, արեւի տակ կանգնած լրագրողների ու ակցիայի սակավաթիվ մասնակիցների թվաքանակում փոփոխություն չեղավ, ինչը Սիլվա Ադամյանը բացատրեց նրանով, որ շատ քիչ են մարդիկ, ովքեր հասկանում են, թե դելֆինների վիճակն ինչպիսին է. «Մեր նպատակն է դադարեցնել դելֆինարիումի աշխատանքը Հայաստանում եւ դուրս բերել դելֆիններին այս ահավոր սարսափազդու իրավիճակից, շատ մեծ ակնկալիքներ չունենք, բայց պայքարելու ենք մինչեւ վերջ: Մի նոր գործընթաց ենք սկսել՝ մարդկանց փորձելով համոզել դելֆինարիում չգնալ: Իմ շրջապատում գոնե 30-40 մարդու համոզել ենք, որ չգնան»:



Բայց կարծես հոսքը դելֆինարիում չի պակասել, դեռ ավելին՝ 500 դրամով տոմսերի գները թանկացան, եւ վերջերս էլ օրվա սեանսներին գումարվեցին նաեւ գիշերային շոուները՝ 4 հազար 500 դրամ արժողությամբ: Սակայն քանի դեռ մեզանում մարդիկ իրենց իրավունքներին տեր չեն կանգնում, բանտարկված դելֆինների իրավունքների մասին խոսելն ավելորդ է: Իսկ դելֆինների առողջական խնդիրներով մարդիկ կհետաքրքրվեն այն ժամանակ, երբ հնարավորություն ունենան հոգալ սեփական առողջության խնդիրները: Միայն պարզ չէ, թե ինչու են բնապահպաններն այդքան մտահոգված դելֆինների վիճակով, իսկ կրկեսում եւ գազանանոցում բանտարկված կենդանիների պաշտպանության հարցը նրանց չի հուզում: