Ծեծից մահացել է

Ծեծից մահացել է
2010թ. հոկտեմբերի մեկին ամուսնու եւ սկեսրոջ ծեծից ու խոշտանգումներից հիվանդանոցում մահացած Զարուհի Պետրոսյանի մահից հետո երկրորդ ահասարսուռ լուրը ստացանք.  ոստիկանությունը հայտնեց, որ նման մի դեպք էլ տեղի է ունեցել երեկ Տաշիր քաղաքում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ այս տարվա հունիսի 24-ին գլխուղեղի ցնցումով Տաշիրի հիվանդանոց բուժօգնության է դիմել 1965թ. ծնված Նատալյա Մ.-ն, ով ոստիկաններին հայտնել է, որ ստացած վնասվածքներն իրեն պատճառել է ամուսինը` 1966թ. ծնված Սերգեյ Ա.-ն` վիճաբանության ժամանակ:



Հուլիսի 2-ին կնոջ վիճակը կրկին վատացել է, եւ նրան տեղափոխել են Տաշիրի բժշկական կենտրոն, որտեղ եւ նույն օրը, գիտակցության չգալով, կինը մահացել է: Գործի նյութերով հաստատվել է, որ հունիսի 20-ին ամուսինը տանը դիտավորությամբ հարվածել է կնոջ դեմքին եւ գլխին, առողջությանը պատճառել ծանր վնաս, ինչի հետեւանքով էլ վերջինս մահացել է:



Մեր թղթակցի հետ զրույցում Լոռու մարզի քննչական վարչության բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը նշել է, որ փաստի առթիվ Տաշիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14 կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը): Ամուսինը ձերբակալված է: Մանրամասները՝ առաջիկա համարներում: