Ձկնաբուծարանները՝ անապատացման վտանգ

Ձկնաբուծարանները՝ անապատացման վտանգ
Վերջին տարիներին հայ մեծահարուստների շեղվածությունը նոր բովանդակություն է ձեռք բերել՝ ջրի ու ձկան տեսքով: Անկիրթ ընչաքաղցությամբ ձկնաբուծարաններ են կառուցում որտեղ պատահի, որքան հնարավոր է շատ, լիքը-լիքը, մեծ-մեծ, առանց հաշվարկի ու հասկանալու՝ չարաշահելով ընդերքը եւ բնության ու մարդկանց հերն անիծելով: Մեր օրերում «պրեստի՞ժ» է ձկնաբուծարան ունենալը, թե՞ մոլուցք: Սարքում են՝ մեկը մյուսի «տարածք» ներխուժելով, երբեմն էլ «տարածքի տիրոջից» ձկնաբուծարան նվեր ստանալով, եւ այս հիվանդությունն ընդգծված է հատկապես Արարատի մարզում:



Թվում է՝ լավ բան են անում, տնտեսությունն են զարգացնում, աշխատատեղ-մաշխատատեղ են ստեղծում, իսկ հետեւանքների մասին բնակիչներին հարցրեք, ովքեր աղետալի վիճակում են հայտնվել արտեզյան ջրերի նվազման հետեւանքով եւ աղաղակում են՝ գյուղացուն օգնելը գլխներիդ կպնի, գոնե ունեցածի՛ց մի զրկեք:



«Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի մակարդակն իջել է, ինչն ընդերքի ավազանի չարաշահման հետեւանք է: Եթե համեմատենք 1980-ականների վերջի եւ ներկայիս ստորգետնյա ջրերի օգտագործումը Հայաստանում, մասնավորապես Արարատյան դաշտում, ապա պարզվում է, ըստ պաշտոնական տվյալների, մեկուկես անգամ ավելի քիչ ենք այժմ օգտագործում: Այդ դեպքում մենք գոնե չպետք է հասնեինք ստորգետնյա ջրավազանի անձեռնմխելի մասին: Այստեղ երկու տարբերակ կա՝ կամ շատ լուրջ փոփոխություններ են կատարվել ընդերքում, որը քիչ հավանական է, կամ այսօր չունենք լուրջ հաշվառում, այսինքն՝ օգտագործվում է շատ ավելին, իսկ վիճակագրական տվյալները ցույց են տալիս դրա կեսը: Ստորգետնյա ջրերի չհաշվառված գերսպառում է տեղի ունենում, ինչի հետեւանքով այսօր ունենք շատ լուրջ էկոլոգիական ռիսկեր՝ աղբյուրների, գետերի, լճերի ցամաքում, անապատացում»,- ասում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:



Ձկնաբուծարանները ջրով ապահովելու համար մինչեւ 150 մետր խորությամբ հորատանցքեր են փորում, եւ լայն տրամագծով ինքնաբուխ ջուր է դուրս գալիս ընդերքից, ինչի հետեւանքով իջնում են արտեզյան ջրերը: Գյուղացիները տնամերձները ոռոգում են ամեն մեկն իր բակում փորած հորատանցքից պոմպի միջոցով մղվող արտեզյան ջրով: Այդ հորերը 10-12 մետր խորություն ունեն եւ այսօր չնչին քանակությամբ ջուր են մղում, քանի որ անհամեմատ հզոր հորերը, ինչպիսիք ձկնաբուծարաններինն են, կլանում են ջրի պաշարները՝ զրկելով իրենցից թույլերին: Գյուղացին օրերով չի կարողանում ջերմոցը կամ մի քանի մարգ բանջարեղենը ջրել, քանի որ պոմպի մղած ջուրը մի քանի րոպե բարակ գալիս է ու կտրվում, մեկ-երկու ժամ սպասելուց հետո նորից է փորձում, եւ կրկին նույնը: Գյուղացին ստիպված է կամ նոր արտեզյան հոր փորել ավելի խորը, կամ ունեցածը, եթե հնարավոր է, խորացնել:



Բայց դա էլ փրկություն չէ, քանի որ այդ խորությունը կարող է ամիսներ հետո այլեւս չբավարարել ջուր մղելուն, եւ նա հարկադրված լինի ավելի խորը փորել, ինչը մեծ ծախսերի հետ է կապված: Գյուղացին ստիպված է տնամերձ այգին մշակելուց հրաժարվել, քանի որ կանալներց ջրվող ջուրը միայն սեփականաշնորհված հողակտորներին է բավարարում, իսկ տնամերձները ոռոգվում են արտեզյան ջրով:



Տարվա ցանկացած եղանակին եւ ճիշտ ժամանակին բույսն ապահովված է ջրով, ինչի հնարավորությունը չի տալիս կանալից բաց թողնվող ջուրը: Հատկապես ջերմոցային բույս մշակողները, որ վաղ գարնանը կամ ձմռանն են աշխատում, ստիպված են հրաժարվել ջերմոցից: Սակայն ձկնաբուծարանների առաջացրած աղետը միայն այսքանով չի սահմանափակվում:



«Ստորգետնյա ջրերի ցամաքումն առաջնահերթ խնդիր է ոչ միայն Արարատյան դաշտում, այլեւ Հայաստանի մի շարք տարածքներում, ինչն էլ հետեւանք է մեծ քանակությամբ ջրհանման եւ ջրերի պաշարների քչացման: Մի շարք մարզերում, հատկապես Արարատյան դաշտում, հողի որակն է ընկնում, հումուսային մասը փոշիանում է, դառնում ավազ: Բերրի շերտի եւ մեխանիկական, եւ քիմիական կազմը փոխվում է, անպտուղ դառնում: Ձկնաբուծական ավազանների համար հանվող ջրի հետեւանքով ջրազրկվում է ստորգետնյա ավազանը: Սա վերաբերում է նաեւ մակերեւութային ջրերին, գնալով պակասում է գետերի հոսքը: Այդ անխնա չարաշահման հետեւանքով Արարատյան դաշտն անապատացման վտանգի առջեւ է կանգնած, եւ որպես փորձագետ կարող եմ ասել, որ արտեզյան ջրերի ցամաքելը պայմանավորված է ձկնաբուծական լճակների մեծ քանակությամբ: Շուտափույթ կանխել է պետք, իսկ դրա համար անհրաժեշտ է պետական, կառավարական կամքի դրսեւորում»,- տեղեկացնում է ջրաբան-էկոլոգ Քնարիկ Հովհաննիսյանը:



Որտեղից ջուր են վերցնում, պետք է հաշվարկեն, թե որքան են վերցնում եւ որքան թողնում, որպեսզի շրջակա միջավայրը չվտանգվի, հակառակ դեպքում կենսաբազմազանությունն է տուժում: Վերցնելիս պետք է մի բան թողնել բնությանը, որպեսզի կարողանա վերականգնվել:



Չկա մեկը, որ ասի՝ բավական է ինչքան տարաք, չե՞ք ուզում այս երկրում ապրել: Այս երկիրն էլ ամայի դարձրեցինք՝ ո՞ւր ենք գնալու: Անկիրթ ագահությամբ կտրում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք: Իսկ հողը չի դիմանում այդ ընչաքաղց շահագործմանը: Ցավն այն է, որ ձկնաբուծարանները պատկանում են այն օլիգարխներին, ովքեր Ազգային ժողովում են, կառավարությունում, այսինքն՝ չարաշահողները նրանք են, ովքեր չարաշահման դեմ օրենքներ պետք է մշակեն:



Ֆելիքս Եղիազարյան