Լավ առաջարկ մեր երկրի տերերին

Ի վերջո, մետրոն ընդամենը մեկ առավելություն ուներ բոլոր մնացած փոխադրամիջոցների նկատմամբ` էժանությունը: Փոխարենը ունի լիքը «բացեր»: Այ, օրինակ, եթե վերգետնյա ողջ տրանսպորտին գրեթե ամբողջությամբ փոխարինած երթուղային տաքսիում կարելի է դիմել «ուստա» կամ «վարպետ» (դիմելու ձեւը կախված է վարորդի դեմքի նյարդայնության աստիճանից), կամ՝ «թեքվես` պահի», ապա դժվար թե նույն բանը հնարավոր լինի իրականացնել թունելով ընթացող մետրոյում:
Ասում են՝ այս օրերին մետրոյից օգտվողների թիվը զգալի կրճատվել է: Հետաքրքիր է՝ եթե քաղաքապետարանում հաշվեն, քցեն-բռնեն ու տեսնեն, որ թանկացումն իրեն չարդարացրեց, ու հիմա մետրոն շատ ավելի է «տակ տալիս», ի՞նչ են անելու` նորից բերելու են հին գնի՞ն, թե՞ վերջապես կմոտենան իրենց համար այդքան բաղձալի ինքնարժեքին` դարձնելով 200 դրամ:
Միգուցե չի բացառված նաեւ երրորդ տարբերակը. ո՞նց արեցին տրամվայի հետ. հայտարարեցին, թե իրեն չի արդարացնում, ահռելի ծախսեր արեցին` քանդեցին, գծերը հետագայում վաճառելու իրատեսական ծրագրերով: Միայն թե քանդելը պետության հաշվին էր, ասել է թե` մեր գրպանից (մեր հարկերից), իսկ ահա վաճառքի գերշահույթն ինչ-որ մեկի կոնկրետ գրպանը գնաց:
Չէ՞ որ արդեն փորձը կա, ի՞նչ կլինի, եթե շուտով տեսնեն, որ մետրոն ոչ մի ձեւով իրեն չի արդարացնում, վերցնեն քանդեն եւ գծերն ու վագոնները թանկ-թանկ վաճառեն: Թունելներն էլ օգտագործեն որպես էքստրիմ տուրիզմ նախընտրողներին առաջարկվող բար-սրճարանի համար գտած վայր: Մի կրակոցով՝ քանի նապաստակ...
Կարծիքներ