Մեղադրանքի ճարտարապետը

Մեղադրանքի ճարտարապետը
«Ֆեմիդա» հասարակական կազմակերպությունը  Եվրոպական հանձնաժողովի  աջակցությամբ   իրականացնում է «Դատական համակարգից դեպի անկախ դատական  իշխանություն» ծրագիրը, որի հիմնական նպատակն է ներկայացնել  մի շարք օրենսդրական առաջարկություններ` մարդու արդար դատավարության իրավունքի ավելի լիարժեք իրականացման համար:



Իտալիայում դատարան է հրավիրվում ու, Աստված իմ, ներկայանում Սիլվիո Բերլուսկոնին, ԱՄՆ-ում դատարան է հրավիրվում ու ներկայանում Քլինթոնը, Բրիտանիայում` նախկին  վարչապետը… եւ այլն: Որովհետեւ նրանք պետք է  ցույց տան բոլորին, որ հարգում են ոչ միայն իրենց  դատարանը, այլ նաեւ հասարակական կարծիքն արդարադատության մասին:



Մենք այս հարցում էլ ենք ուրիշ: Չխոսենք վերը նշված մակարդակի  պաշտոնյաների մասին. ոչ միայն մասնակցությունը դատավարությանը, այլեւ նույնիսկ ներկայությունը դատարանում վիրավորում է նրանց արժանապատվությունը: Չխոսենք նաեւ նախկին  բարձրագույն  անձանց վերաբերմունքի մասին դատարանի նկատմամբ: Դժվար է պատկերացնել, ասենք, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայանա «Հրապարակ» թերթի դեմ իր հայցի դատաքննությանը:



Բայց կան անհամեմատ ավելի ցածր պաշտոնյաներ Հայաստանում, որոնց նույնիսկ օրենքով է արգելվում  մասնակցել դատավարությանը: Դա մեր քննիչներն են: Քննիչի կողմից կազմված գրավոր   ապացույցները դատարանը մեխանիկորեն համարում է թույլատրելի: Օրենքն արգելում է քննիչին հանդես գալ որպես վկա: Օրինակ, քննիչը  կազմում է հայտնաբերված իրեղեն ապացույցի, ասենք, թմրանյութի կամ զենքի առգրավման արձանագրություն։ Դատարանում մեղադրյալը պնդում է, որ զենքն իր  մոտ  չի եղել, եւ ոստիկանն ինքն է գցել իր մոտ։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, քննիչը տվյալ դեպքում չի հրավիրվում որպես վկա:



Մինչդեռ մեղադրյալն իրավունք ունի առերես, հրապարակայնորեն եւ մրցակցային դատավարության ընթացքում հարցաքննել իր դեմ ցուցմունք տվող ցանկացած վկայի։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի ուժով, որոնք գերակայում  են ՀՀ ներքին օրենսդրության նկատմամբ, վկան ունի ինքնավար նշանակություն. այդպիսին է համարվում ցանկացած, այդ թվում նաեւ պաշտոնատար անձ, ում կողմից դատարան ներկայացված ապացույցը կարող է դրվել մեղադրական  դատավճռի  հիմքում։



Արդարադատությունն այնպիսի համակարգ է, որը չի կարող վճռորոշ չափով հիմնվել նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների վրա։ Քննիչի կողմից արձանագրվածը դեռ պետք է հետազոտվի դատարանի կողմից՝ ապացույց դառնալու համար։ Մեղադրյալը դատարանում պետք է հնարավորություն ունենա առերես հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին՝ անկախ նրանից, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ով կարող է լինել վկա, եւ ինչն է համարվում վկայի ցուցմունք։



Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքն առավել քան հստակ էգ, «վկա» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, եւ անկախ նրանից, թե ինչ դատավարական կարգավիճակ ունի մեղադրյալի դեմ խոսող կամ գրող անձը Հայաստանում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տեսանկյունից, կարեւորն այն է, որ այդ ասվածը կամ գրվածը կարող է դրվել մեղադրյալի դեմ դատավճռի հիմքում: Հետեւաբար, մեղադրյալն իրավունք ունի իրեն մեղադրող անձին՝ լինի ոստիկան թե մեկ այլ քաղաքացի, հարցաքննելու որպես վկա, ինչպես կոնվենցիան է պահանջում՝ հրապարակային եւ մրցակցային դատավարության ընթացքում։



Ջուլիետա Ամիրխանյան