Դեղն ուշացավ՝ բուժումը ջուրն է ընկնում

Դեղորայք ապահովող վարչությունը պարբերաբար կասեցնում է «Zyprexa Olanzapin»-ի տրամադրումը, որի պատճառով այդ կարգի հիվանդների մոտ առաջանում են բացասական երեւույթներ, մասնավորապես՝ ուժեղ տագնապ, ընկճախտ, անկառավարելի իրավիճակ, որը դրդում է կտրուկ քայլերի, ընդհուպ մինչեւ ինքնասպանության փորձեր: Այդ հիվանդների դեպքում, եթե դեղորայքի ընդունումն անգամ մի քանի օր ընդհատվի, ապա բուժման ամբողջ կուրսը ջուրն է ընկնում:
Դեռեւս 03.03.2011 թ. դեղորայքի ապահովման վարչությունից մեզ հայտնեցին, որ կարգավորվել է «Zyprexa Olanzapin»-ի ապահովման հարցը իրականացված մրցույթի արդյունքում: Սակայն դեղորայքը ստանալուց տեղեկացանք, որ չափաբաժինը կրճատվել է: Մինչդեռ ՀՀ կառավարության 2010 թ. ապրիլի 1-ի N 350-Ն որոշումը սահմանում է արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային հոգեբուժական, բժշկական օգնության տրամադրման կարգը, որտեղ կարդում ենք. «ՀՀ պետական բյուջեի հաշվին հոգեմետ դեղերով անվճար ապահովում»:
Բայց հիվանդները հոգեմետ դեղերով կամ չեն ապահովվում, կամ ապահովվում են մասնակի, իսկ բուժման կուրսի ընդհատումը ծանր անդրադարձ է ունենում հիվանդների վրա: Երբ դիմում ես բուժող բժշկին, ասում է՝ ի՞նչ անեմ, ստացվում է՝ հիվանդների հաշվին կառավարության հետ համատեղ տնտեսում են այդ գումարները: Չնայած նրան, որ մի քանի տարի է՝ հիվանդների ֆիքսված թիվ կա, բայց ասում են՝ հիվանդների թիվն ավելանում է: Լավ, եթե ավելանում է, բյուջեից հատկացումներն էլ են ավելանում, չէ՞:
Մինչդեռ կառավարության այս որոշումը կոչված է հոգեկան խնդիրներ ունեցող անձանց իրավունքները եւ բուժումը ապահովելուն: Սակայն շարունակաբար անտեսվում են բուժող բժշկի կողմից նշանակումները: Հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդի դեղորայքը եւ չափաբաժինը նշանակում է բուժող բժիշկ-հոգեբույժը, եւ փոփոխությունն էլ պետք է կատարվի նույնպես նրա կողմից, այլ ոչ թե ինչ-որ մեկի հրահանգով:
Բացի այդ, եթե առաջ դեղորայքը տալիս էին 28 օրվա համար, ապա հիմա 14 օրը մեկ հիվանդի հետ պարտադիր պետք է գնալ ու այդ դեղորայքը ստանալ, եթե հիվանդի հետ չես գնում, դեղը չեն տալիս, բայց չէ՞ որ նրանք սովորական հիվանդներ չեն եւ անվերահսկելի են այդ առումով: Այսինքն՝ բավական չէ, որ 14-20 օրով ընդհատում են կուրսը, դեռ մի բան էլ պահանջում են, որ այդ վիճակով հիվանդը ներկայանա: Իսկ եթե հիվանդը ուշ է ներկայանում, ասում են՝ դեղորայքն արդեն վերջացել է:
Իրականում այն հայտնվում է «սեւ շուկայում»: Այդկերպ նրանք գրպանում են հիվանդների դեղերը: Ուզում ենք նաեւ նշել, որ բուժող բժիշկները չեն թերանում հիվանդների հետ աշխատանքում: Վերջերս հիվանդների հարազատներից մի քանիսը գնացել են դեղերի ապահովման վարչություն, որտեղ նրանց պատասխանել են՝ ուրախ եղեք, որ մենք ձեզ այդքան դեղորայք ենք տալիս: Բայց չէ՞ որ նրանք իրենց գրպանից չեն տալիս այդ դեղորայքը, եւ իրենց կողմից դա գթասրտություն չէ:
Հարգելի պարոն նախարար, վստահ ենք՝ Դուք թե որպես նախարար եւ թե որպես բժիշկ, շատ լավ եք հասկանում իրավիճակը: Մեծարգո նախագահ, հարգելի վարչապետ, լիահույս ենք, որ Ձեր աջակցությունը կցուցաբերեք հիվանդների իրավունքները վերականգնելու հարցում:
«Հոգեկան առողջության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհուրդ
Կարծիքներ