ԼՂՀ արտգործնախարարը նշանակվել է նախագահի խորհրդատու

Այս անգամ եւս ձեւավորված ավադույթը չխախտվեց` նախագահի` նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանագրով Գեորգի Պետրոսյանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդատուի պաշտոնում:
Ղարաբաղի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է արտգործնախարարի մի քանի տեղակալներից մեկը` Վասիլի Աթաջանյանը, որը տեղի գյուղնախարարի եւ էլի մի քանիսի պես համարվում է մեծ «սրոկ գոդնոստի» եւ օգտագործման «լայն դիապազոն» ունեցող կադր:
Կյանքը ցույց է տալիս, սակայն, որ կադրային նման փոփոխություններից Արցախում ոչինչ չի փոխվում: Հստակ կարելի է ասել, որ Ղարաբաղի արտգործնախարարի փոփոխությունից առավել եւս ոչինչ չի փոխվելու: Վաղուց գաղտնիք չէ, որ, ինչպես տեղի բարձր պաշտոնյաներից մեկն է նկատել, ԼՂՀ արտգործնախարարությունը դարձել է տուրիստներ ընդունող-ճանապարհող գրասենյակ, որը նաեւ պարբերաբար տեղեկատվություն է տարածում ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից իրականացվող «հերթական դիտարկումների» մասին:
Ներկայացում, որի ժամանակ մշտապես «հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվում»: Մնացյալ հարցերը, այդ թվում եւ ամենից առաջ` Ղարաբաղյան խնդիրը, լիովին դուրս է այս գերատեսչության իրավասության շրջանակից:
Արեգ Վարդանյան
Կարծիքներ