Գյումրու քաղաքապետարանի հավաստիացմամբ՝ «Չերքեզի ձորի» որոշ հատվածներ վարձակալությամբ տրված են` հանգստյան գոտիներ ստեղծելու նպատակով

«Շիրակ կենտրոնի» հունիսի 28-ին հրապարակած հայտարարությունում մասնավորապես ասվում էր (http://shirakcentre.org/hy/-/1010-shirak-centre-ngo).
«Վերջերս «Չերքեզի ձոր» են այցելել ինչ-որ անձինք եւ իբր թե սեփականաշնորհման համար բնակելիների ու զբաղեցրած տարածքների չափագրումներ են իրականացրել, դրա համար յուրաքանչյուր ընտանիքից գանձել են 20.000 - 30.000 դրամի չափով գումարներ: Բնակիչների պնդմամբ՝ գումարների գանձման վերաբերյալ որեւէ փաստաթուղթ իրենց չեն տվել, թաղամասում էլ ինքնակամ կառույցների օրինականացման գործընթաց մինչև օրս չի սկսվել:
- Արդյո՞ք Գյումրու քաղաքապետարանը տեղյակ է «Չերքեզի ձոր» թաղամասի բնակչությունից չափագրման և քարտեզագրման պատճառաբանությամբ գումարներ գանձելու դեպքի մասին,
- եթե կատարվել է անօրինական գործողություն, արդյո՞ք այդ մասին տեղյակ է պահվել իրավապահ մարմիններին,
- Գյումրիում ինքնակամ կառույցների օրինականացման նպատակով ո՞ր կազմակերպություններն են իրականացնում չափագրման եւ քարտեզագրման աշխատանքները,
- Գյումրու քաղաքապետարանն ի՞նչ ծրագրեր ունի այդ թաղամասի բնակելիների օրինականացման եւ առհասարակ «Չերքեզի ձորի» վերականգնման ու զարգացման համար,
- արդյո՞ք «Չերքեզի ձորի» տարածքից որոշ հատվածներ տրված են երկարաժամկետ վարձակալության որեւէ անհատի կամ կազմակերպության: Եթե այո, ապա ու՞մ, ի՞նչ հիմքով եւ քանի՞ տարի ժամանակով,
- եթե կանաչ տարածքը վերականգնելու նպատակով այնուամենայնիվ բնակելիները ենթակա են քանդման, ապա ինչպե՞ս են լուծվելու այդ թաղամասում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները: Ինչպե՞ս է լուծվելու նաեւ այդ տարածքում գործող, Գյումրու ռուսական ռազմակայանին պատկանող հսկայական լվացքատունը տեղափոխելու հարցը, որի ծառայությունից օգտվող օրական տասնյակ բեռնատար մեքենաներ են մուտք գործում «Չերքեզի ձորի» կանաչ տարածք»:
Գյումրու քաղաքապետարանի մամուլի քարտուղարությունը մոտ մեկ շաբաթ անց` հուլիսի 7-ին, «Շիրակ կենտրոնի» էլեկտրոնային հասցեով եւ մեր կայքում հրապարակման խնդրանքով, ի պատասխան Գյումրու «Չերքեզի ձոր» տարածքում ինքնակամ կառույցների օրինականացման խնդրի վերաբերյալ մեր տեղեկատվության հարցմանն ի պատասխան ուղարկել է պարզաբանում, որը ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Գյումրիի քաղաքապետարանը պարզաբանում է, որ Չերքեզի ձորի տարածքի բնակչությունից չափագրման եւ քարտեզագրման պատճառաբանությամբ գումարներ գանձելու կապակցությամբ, քաղաքապետարանն ահազանգ չի ստացել, հետեւաբար չէր կարող այդ հարցի մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին:
Գյումրու ինքնակամ կառույցների օրինականացման նպատակով չափագրման եւ քարտեզագրման աշխատանքներն իրականացվում են հանրապետությունում արտոնագրով գործող մի քանի կազմակերպությունների կողմից: Ուստի նշված տարածքի բնակիչների կողմից առաջ քաշած հարցերը սեփական նախաձեռնությամբ չափագրումների նպատակահարմարության վերաբերյալ, պետք է ուղղվեն նշյալ կազմակերպություններին:
Գյումրու քաղաքապետարանը Չերքեզի ձորի հետագա վերականգնումը եւ զարգացումը իրականացրել եւ իրականացնելու է՝ հավատարիմ մնալով քաղաքի գլխավոր հատակագծին` որպես հանգստի գոտի:
Տեղեկացնենք, որ Գյումրու քաղաքապետարանի որդեգրած սկզբունքի համաձայն, ժամանակավոր կառույցները միանշանակ չեն օրինականացվելու, դրանք ենթակա են տեղահանման, իսկ ձորի մեջ գտնվող տները, միանշանակ, չեն օրինականացվի:
Եվս մեկ անգամ շեշտենք, որ ձորի միայն վերևի հատվածում 50-60-ականներին կառուցված տների օրինականացման հարցը քաղաքապետարանը միշտ էլ պատրաստակամ է լուծելու:
Հարկ ենք համարում նշել, որ միայն հանգստի գոտիներ ստեղծելու նպատակով, թաղամասի որոշ հատվածներ քաղաքապետարանի կողմից տրված են վարձակալության: Ինչ մնում է թաղամասում բնակվողների բնակարանային խնդիրներին, ապա դրանք կլուծվեն համաձայն գործող օրենքի: Ի դեպ, ինչպես նշված է «Շիրակ կենտրոն» ՀԿ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ հարցման մեջ, թաղամասի բնակիչների գերակշիռ մասը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չէ:
Հարցման մեջ նշված տարածքում գործող ռուսական ռազմակայանին պատկանող լվացքատան շենքի խնդիրը կկարգավորվի ըստ տարածքի կառուցապատման եւ կազմակերպման նախագծի»:
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան
Կարծիքներ