Մեկ ամիս առաջ Խարբերդում, հիմա՝ Մասիսում
Արդյոք ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունում տեղյա՞կ են այդ մասին: Տեսչության պետի տեղակալ Ղազարոս Հակոբյանը պատասխանեց, որ այդ գյուղերի մասին կոնկրետ ինքը տեղյակ չէ, իսկ մոտ մեկ ամիս առաջ Խարբերդ գյուղում խմելու ջրից վարակվելու դեպք է գրանցվել` խոստացավ մյուս օրն ավելի մանրամասն տեղեկացնել: Հաջորդ օրն արդեն Արարատի մարզում էին, եւ Հակոբյանը հեռախոսը փոխանցեց Սարգսյանին, ով ավելի իրազեկ էր:
«Այս պահին մեր բժիշկն աշխատում է Դարակերտում: Մենք սովորաբար պլանային ջուր ենք վերցնում, ստուգել ենք, եւ վերջին ամսվա ընթացքում ընդամենը մեկ ինֆեկցիոն հիվանդ է եղել Դարակերտից՝ գյուղապետի 5 տարեկան թոռը: Իսկ մեկ ամիս առաջ Խարբերդում ջրի հետեւանքով աղիքային ինֆեկցիա ենք ունեցել, ընտանիքով Մասիսի հիվանդանոցում են պառկել, մի հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է երիկամային անբավարարությունից»,- ասաց Սարգսյանը, ով չցանկացավ ներկայանալ:
Խոսքը 16-ամյա Լիլիթ Մուրադյանի մասին է, ով հունիսի 4-ին ծննդաբերել էր «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը եւ հուլիսի 3-ին մահացել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: «Ծննդաբերելուց հետո նորմալ վիճակում դուրս է գրվել: Մեկ օր հետո ընդունվել է մեզ մոտ աղիքային լուծի գանգատով, ինչի կապակցությամբ հետազոտվել է, բուժում է նշանակվել:Չորս օր հետո՝ ամսի 13-ին, քանի որ լուծը չէր դադարում, որոշվեց տեղափոխել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, ինչից հարազատները հրաժարվեցին՝ պատճառաբանելով, որ ամուսինը նույն ախտանիշներով պառկած է Մասիսի հիվանդանոցում, եւ տեղափոխվեց այնտեղ: Աղիքային նման երեւույթներ կային նաեւ ընտանիքի մյուս անդամների մոտ: Հետագայում պարզվեց, որ բնակավայրից, որտեղ իրենք ապրում են, նման երեւույթներով էլի հիվանդներ կան հիվանդանոցում պառկած, հավանաբար ջրի կամ սննդի հետ էր կապված: Մեկ օր հետո վիճակը կտրուկ վատացել է, եւ հունիսի 14-ին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն»,- տեղեկացնում է «Գրիգոր Նարեկացի» ծննդատան ծնարանի վարիչ Գագիկ Գեւորգյանը:
Իսկ Մասիսի հիվանդանոցի հակահամաճարակային բաժանմունքից համառորեն ժխտեցին՝ ջրից վարակված որեւէ մեկն իրենց մոտ չի պառկել, եւ նման դեպքեր չեն ունեցել, ապատեղեկատվություն է: «Մեզ մոտ տեղափոխվել է ծանր վիճակում՝ «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ, անհայտ ծագմամբ հարուցիչով: Մենք արդեն գործ ենք ունեցել դրա բարդությունների, հետեւանքների հետ: Ես չգիտեմ՝ ջրից է, թե ջրից չէ, միգուցե ուտելիքից է»,- ասում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանը:
Անկախ այս դեպքից, ոչ միայն Մասիսի շրջանում, այլեւ Հայաստանի մի շարք բնակավայրերում հաճախ է ժանգոտ կամ պղտոր ջուր հոսում: Ջուրը ժամանակացույցով բաշխելու հետեւանքո՞վ է, թե՞ մաշված ու փտած խողովակների, բայց փաստ է, որ այն տարբեր հիվանդությունների ու վարակների պատճառ է դառնում: Այսօր մաքուր ու անվնաս ջուր ունենալն անգամ լուրջ խնդիր է որոշ բնակավայրերում: Իսկ մենք 21-րդ դարում ենք ապրում:
Ֆելիքս Եղիազարյան
Կարծիքներ