16-ամյա տղան խեղդվել է

16-ամյա տղան խեղդվել է
Երեկ երեկոյան, ժամը 19 անց 30-ի սահմաններում, Վահրամաբերդ գյուղի ջրամբարում խեղդվել է 16 -ամյա Հովհաննես Մատինյանը: Նա իր երեք ընկերների հետ եկել է Վահրամաբերդ ՝հանգստանալու, փորձել է լողալ ջրամբարում, բայց խեղդվել է, քանի որ, ինչպես փրկարարներն են ասում, լողալ չի կարողացել: Նրանց Գյումրիից Վահրամաբերդ տեղափոխած տաքսու վարորդը մեզ փոխանցեց, որ որոշել են ընկերներով լողալ ջրում. «Հովհաննեսը վերջում միացավ 3 ընկերներին, որովհետեւ լողալ չգիտեր, ասի՝ այ տղա, մի մտի ջուրը, զգուշացրի՝ վտանգավոր է, բայց չկարողացա վրեն»,-նշեց վարորդը:



Մի քանի րոպե անց ընկերներից մեկը նկատել է, որ Հովհաննեսը խեղդվում է, փորձել է փրկել նրան, սակայն չի հաջողվել: Ահազանգել են ՇՄ փրկարարական վարչություն: 20 րոպե անց Փրկարարները ջրամբարի տարածքում որոնողական աշխատանքներ են իրականացրել, որոշ ժամանակ անց նրանց արդեն հայտնի է դարձել խեղդված 16 ամյա տղայի  գտնվելու վայրը: Անմիջապես ահազանգել ու տարածք են հրավիրել հատուկ փրկարարական խմբի մայրաքաղաքից:



Ջրասուզակները  դեպի վայր են հասել գիշերը ժամը 1-ին: Կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, ապա ջրասուզակների օգնությամբ 15 րոպեում հաջողվել ջրից դուրս բերել Հովհաննեսի  դին: Նախնական տվյալների համաձայն՝ տղան խեղդվել է ջուրը մտնելուց մի քանի րոպե հետո:



«Հավանաբար նա արդեն մահացած է եղել, երբ  ընկերը փորձել է օգնել նրան: Վերջին մի քանի տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Վահրամաբերդի ջրամբարը բավականին վտանգավոր է լողալու համար»,-ասում է ՇՄ փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը.« Ամեն տարի այս նույն տարածքում նման մի քանի դեպքեր են գրանցվում: Վերջին մի քանի օրերին  մեր մարզում ջրահեղձման արդեն 3 դեպք է գրանցվել, որոնցից մեկը ընդամենը 5 օր առաջ՝ նույն այս ջրամբարում»,- հավելել է Սարիբեկյանը:



«Ջրահեղձման համար նմանատիպ վտանգավոր տարածքները Շիրակի մարզում քիչ չեն»,- նշում է ՇՄ փրկարարական վարչության պետը: Ուստի Մարատ Սարիբեկյանը մեզ փոխանցեց, որ հենց այսօր հատուկ գրություն է ուղարկելու անձամբ Շիրակի մարզպետին, որպեսզի մարզային կառույցի մակարդակով գյուղերում եւ շրջակա տարածքներում հատուկ հսկողություն սահմանվի՝ հակառակ դեպքում պարոն Սարիբեկյանը վստահեցնում է, որ նմանատիպ դեպքերը անխուսափելի կլինեն:



Հերմինե Մկրտչյան