Վճարել ենք, անգամ պարգեւատրել ենք

Վճարել ենք, անգամ պարգեւատրել ենք
Ի պատասխան «Հրապարակ» թերթի հուլիսի 7-ի համարում տպագրված «Ճարտարապետները դատի են տալիս Հովիկ Աբրահամյանին» հոդվածի` ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է.



2005թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը պայմանագիր է կնքել «HEDCON» LLC ՍՊԸ-ի հետ` ԱԺ նիստերի դահլիճի նախագծման վերաբերյալ: Նախագծի պատրաստումից հետո  կատարված աշխատանքների համար Անահիտ Թարխանյանի կազմակերպությունը ստացել է համապատասխան գումար` 3 փուլով.



1-ին փուլով՝  2006 թվականի հունվարի 16-ին` 2 միլիոն 520 հազար դրամ



2-րդ փուլով` 2006թ. հունվարի 23-ին` 4 միլիոն 530 հազար դրամ



3-րդ փուլով՝ 2007թ. հունիսի 20-ին` 1 միլիոն 414 հազար դրամ:



Ընդհանուր առմամբ՝ 8 միլիոն 464 հազար դրամ:



2010 թվականի մայիսին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ԱԺ նիստերի դահլիճի կապիտալ վերանորոգման եւ տեխնիկական վերազինման աշխատանքները համակարգելու եւ վերահսկելու  նպատակով  ստեղծվել է հանձնաժողով` ԱԺ նախագահի գլխավորությամբ, ինչպես նաեւ  աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբի ղեկավար  է նշանակվել ՀՀ գլխավոր ճարտարապետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ում առաջարկով էլ հանձնաժողովի եւ խմբի կազմում ընդգրկվել է նաեւ Անահիտ Թարխանյանը: Աշխատանքային խմբի՝ հասարակական հիմունքներով ընդգրկված անդամները շարունակական ուղղումներ  են մտցրել նախագծի մեջ:



Դահլիճի շինարարական աշխատանքների ավարտից հետո հանդիսավոր պայմաններում պարգեւներ են հանձնվել դահլիճի ճարտարապետներին եւ շինարարներին, այդ թվում նաեւ Անահիտ Թարխանյանին:



ՀԳ - Հիշեցնենք, որ ԱԺ դահլիճի նախագծի հեղինակ, «Ա-3 ճարտարապետներ» ՍՊԸ-ն՝ Անահիտ Թարխանյանի ղեկավարությամբ, պնդում է, որ իրենց հասանելիք գումարի մի մասը՝ 3 մլն դրամը, չի վճարվել, եւ պատրաստվում է դիմել դատարան՝ ԱԺ աշխատակազմից գումարի պահանջով: