Կարուսելներն ու վերելակները վտանգավոր են

Կարուսելներն ու վերելակները վտանգավոր են
Մոտ երկու ամիս առաջ անդրադարձել էինք Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգու կարուսելների շահագործմանը: Չնայած տեխնիկական զննումից հետո վերջիններիս վերաբերյալ դրական եզրակացություն չի եղել,  բայց աշխատում են: Զբոսայգու 4 կարուսելի գործունեություն դադարեցվել է, որոշվել է մեկն ապամոնտաժել։



Հարցն այժմ արտակարգ իրավիճակների նախարարության վարչական վարույթում է։ Ըստ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 15-րդ հոդվածի՝ վարչական վարույթի դեպքում կամ տնտեսվարող սուբյեկտը կտուգանվի, կամ արգելք կդրվի հետագա շահագործման վրա։



ԱԻ նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի պետ Աշոտ Պետրոսյանը Կապան կատարած աշխատանքային այցի ժամանակ ասաց, որ օրինախախտները կտուգանվեն կրկնակի՝ 1 մլն դրամի չափով: Ըստ պատասխանատուի՝ նման վիճակում են Սյունիքի մարզկենտրոնի բարձրահարկերի վերելակները: «Քաղաքում գրանցված 146 վերելակների 90 տոկոսին տրվել է բացասական եզրակացություն եւ չի թույլատրվել շահագործել:



Ընդհանրապես վերելակների վիճակն անմխիթար է ողջ հանրապետությունում, հատկապես Կապանում, Վանաձորում, Չարենցավանում եւ Աբովյանում: Նամակով դիմել ենք նախարարին, որպեսզի համապատասխան մարմինների միջոցով առայժմ միայն Երեւանում հոսանքազրկեն այն վերելակները, որոնք շահագործման թույլտվություն չունեն: Այս փորձը կկիրառվի նաեւ մարզերում»,- ասաց նա: