Գյուղում

Գյուղում
Գյուղում էր ծնվել ու ապրելու էր նրան մոտ` երբեք էլ չկտրվելով իր գյուղական արմատներից, որտեղ էլ լիներ: Քաղաքն իր աղմուկով, գարշահոտությամբ ու ցուցամոլությամբ խլացրեց իր հմայքը` հանդարտ սրճարաններն ու անծանոթության պարգեւած ազատությունը:



Գյուղում ամեն ինչ կարծես գլխիվայր շուռ տված լիներ` աղմուկի փոխարեն իշխում էր լռությունը, ամեն ինչ աղքատիկ էր ու չքավոր, կովերը` տխուր, թախծոտ ու որոճուն, հավերը` անհոգ ու կչկչան, կամ փողոցներում ոտքի տակ էին ընկնում, կամ գլուխներն արագ-արագ հետուառաջ անելով՝ ամռանը փոշու մեջ ձմերուկի կճեպներ էին փնտրում, ձմռանը` վախվորած կուչ գալիս էլեկտրական լամպի շուրջ, որ այնպես էր լուսավորում կեղտոտ, ամեն օր մաքրվող, բայց միշտ ծերտի մեջ կորած հավաբունը, որ ամենասրատես մարդն էլ նայելիս կասկածում էր տեսողությանը:



Թառերը ցածր էին պատրաստված, որ չաղ հավերն էլ կարողանային ցատկել ու իջնել, թե չէ մի շատ չաղ հավ նախորդ ձմռանը չէր կարողացել իջնել, վիզը մնացել էր թառի երկու տախտակների արանքում, ու սատկել էր: Հավի անունը Դեբիլ էր, ամենափաղաքշական մի անուն, որ կարելի էր հորինել երկու դեղնուցով ձու ածող, տասը կիլո կշռող ու հազիվ տեղաշարժվող ծեր հավի համար, որին պապն ամեն օր դնում էր թառին ու առավոտներն իջեցնում, մի օր ուշացրել էր, ու Դեբոյին թաղեցին:



Պապը կենդանիների հարցում անհաջողություններ շատ էր կրել, դրանցից մեկն էլ մի քանի տարի առաջ էր պատահել, հղի կովի ծննդաբերությանը սպասող անասնաբույժ պապն ամիսներ շարունակ տանն էր անցկացնում, որ չլինի թե կովը ծնելիս լինի, ու ինքը կողքին չլինի: Մի օր, սպասումից հոգնած, տնից դուրս էր եկել, ու վերադառնալիս հորթն առաջն էր վազել:



Ախուվախ էր անում, որ կովի կողքին չի եղել: Անասնաբույժ էր: Հարեւաններն էին եկել-հասել ու ազատել կովին: Լորձով պատված հորթը ծնվել էր ու մի քանի խղճալի փորձ անելուց հետո, որ ավարտվել էին սայթաքումներով ու սղացող կճղակի փորած փոսիկներով, ոտքի էր կանգնել ու սկսել վազվզել:



Ծանր տարիներ էին: Գյուղում շատերը քաղցած էին քնում, քաղցած վեր կենում, իրենց ընտանիքը «հարուստ» էր համարվում, մեկը նրանցից, որ, ինչպես ասում են, «թաղած ոսկիներ ուներ»: Պապը կոլխոզի նախագահ էր եղել, ու հարեւաններն իրենց նախանձին, բայց ոչ իրականությանը համապատասխան եզրակացություններ էին արել:



Կյանքը հեքիաթի նման չէր, ինչպես երբեք էլ չի լինում, պապը գոռում էր, մայրը` վիրավորվում, տատը խաղաղության կոչ էր անում ու ամեն ինչ ավելի փչացնում:



Իսկ ինքը գուցե լաց լիներ ու կատաղեր, բայց հոգու խորքում վախենում էր, սարսափելի վախենում էր բարձր ձայներից ու վեճերից, որովհետեւ իրեն թվում էր, թե ամեն բան, ինչ աշխարհում կատարվում է, հենց իրեն է վերաբերում` լավն էլ, վատն էլ, ու երբ մեծերը վիճում էին, կարծում էր, թե իրեն սպանելու են, ու ինքը մեռնում է:



Այդ վախն ամուր բույն դրեց սրտում ու իր հետ մնաց մինչեւ վերջ ու ամեն տեղ: Ոչ ոք իրեն իբրեւ երեխայի չէր վերաբերվում դրական իմաստով, այլ, ընդհակառակը՝ եթե մեկը տրամադրություն չուներ, ուրեմն ինքը «ոտքի տակ էր ընկնում», հյուր էր եկել՝ առավել եւս ոտքի տակ էր ընկնում, լավ ուտելիքը «մարդ գալու» համար էր, լավ խոսքը «փչացնում է» երեխային, ու այս ամենն այնպես էր թարգմանել իր հոգում, որ ինքը դեն նետված մի իր է, ոչ ոք իր կարիքը չունի, ու բնազդաբար ինքն էլ էր իրեն արհամարհում ու քննադատում:



Եթե սիրում էին էլ, անպետքության համոզմունքն այնքան էր արմատ ձգել հոգում, որ չէր նկատում ու չէր հավատում: Մինչեւ վերջ էլ, չար հիշողությամբ արմատախիլ անելով հոգատարության հազվադեպ ու մանր դրսեւորումները, ամուր պահպանեց վիրավորանքն ու զայրույթը, զգայունությունից պաշտպանվելու համար զինվեց հպարտությամբ ու մտավ կյանք:



Աստղիկ Սարգսյան