Գզվռտոց տնօրենի աթոռի համա՞ր

Գզվռտոց տնօրենի աթոռի համա՞ր
Օրերս մենք մի նամակ էինք ստացել Արարատ քաղաքի թիվ 3 դպրոցի մի խումբ աշխատողներից, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնում տնօրենի պաշտոնակատար Գոհար Հովհաննիսյանից:



Մասնավորապես, որ նա, մեկ տարի առաջ դառնալով պաշտոնակատար, «քանդել ու խարխլել է մանկավարժական ու աշակերտական կոլեկտիվները», որ այդ ամենն անում է Արարատի մարզպետարանի կրթության վարչության պետ Անահիտ Հակոբյանի հովանավորությամբ: «Անընդհատ դրամահավաքներ մանկավարժներից, աշակերտներից: Փող է հավաքել զինկաբինետի համար: էլեկտրիկ ունի ցուցակում, բայց նա Ռուսաստանում է:



Աշխարհագրության մասնագետ է ընդունել, բայց դպրոց չի մտել, ու ուղարկել է ֆիզարձակուրդ»,- ասվում է նամակում եւ նշվում, որ տնօրենի պաշտոնակատարը հայտարարում է. «Իմ հարցերը ես լուծել եմ, բոլորին կաշառել եմ, իմ դեմ խաղ չկա»: Մենք կապվեցինք տնօրենի պաշտոնակատար Գոհար Հովհաննիսյանի հետ, ով նամակի բովանդակությունը լսելուն պես նախ լիաթոք ծիծաղեց, ապա գրվածը հերյուրանք որակեց:



«Դա ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում: Սովորական փոքր դպրոց է իր խնդիրներով: Բոլոր կոլեկտիվներում էլ ինչ-որ խնդիրներ առաջանում են: Գուցե մեկ-երկուսի հետ խնդիրներ են առաջանում, բայց այդ խնդիրները լուծվում են, դրանք անլուծելի խնդիրներ չեն, որոնք կարելի էր այդքան ուռճացնել: Ես նոր մարդ չեմ այս կոլեկտիվում, արդեն 16 տարի աշխատում ենք միասին: Չգիտեմ ով կարող էր նման բան անել»,- մեզ հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:



«Վայելո՞ւմ եք արդյոք կրթության վարչության պետի հովանավորությունը»,- հետաքրքրվեցինք Հովհաննիսյանից: «Ի՞նչ վարչության պետի հովանավորություն, դա ընդհանրապես այդպես չէ: Այդպիսի բան բացառվում է, երբեւիցե որեւէ նվիրատվություն չի եղել: Բոլորը սուտ բաներ են: Մենք սովորական աշխատանքային հարաբերություններ ունենք, եւ ամեն ամիս 111 տնօրենների պես ես էլ եմ մասնակցում տնօրենների խորհրդակցությանը, ուրիշ ոչինչ»,- անդրադառնալով նամակում նշված դրամահավաքությանը՝ նշեց տնօրենի պաշտոնակատարը:



Նա չբացառեց, որ  սա պայմանավորված է դպրոցի տնօրենի առաջիկա ընտրություններով (օգոստոսի 16-ին տնօրենի ընտրություններ են Արարատի 3-րդ դպրոցում), եւ, ըստ նրա, որոշ մարդիկ շահագրգռված են հայտնվելու տնօրենի աթոռին: Զրուցեցինք նաեւ Արարատի մարզպետարանի կրթության վարչության պետ Անահիտ Հակոբյանի հետ:



«Դուք կարող եք ստուգել, թե արդյո՞ք ես նրան հովանավորում եմ: Ես չգիտեմ, թե ինչու են այդպես գրել, միայն գիտեմ, որ ես հովանավորչություն չեմ անում, եւ ով ինչ է մտածում, ինձ հետաքրքիր չէ»,- ասաց նա: «Ես կարող եմ ասել, որ դա լրիվ կեղծիք է: Դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դպրոցի նախկին փոխտնօրենն է եւ շատ նորմալ մարդ է: Պարզապես հիմա տնօրենի ընտրություններ են լինելու, եւ որոշ մարդիկ ցեխ են շպրտում: Մրցույթ է լինելու, դրա համար էլ այսպիսի բաներ են արվում: Ինչո՞ւ մինչեւ հիմա չէին գրում: Մեկ տարի արդեն աշխատում են նրա հետ, ինչո՞ւ չէին խոսում այդ երեւույթների մասին, դրամահավաքության մասին: Այսօ՞ր հիշեցին, որ դպրոցում դրամահավաքություն է կատարվում»,- զարմացավ Հակոբյանը:



Հետաքրքրվեցինք նաեւ, թե ստուգումներ իրականացրե՞լ են դպրոցում, քանի որ նամակում նշվում է, որ «մեռած հոգիներ» է պահում տնօրենը, որոնք դպրոց չեն մտնում: «Ի՞նչ ստուգում անցկացնեմ: Ո՞նց կարող է մարդը գրանցված լինել ու դպրոց չմտնել: Շատ հետաքրքիր փաստեր են ասում, որոնք ես առաջին անգամ եմ լսում: Ինչ է, ծնողները չէի՞ն կարող մտնել մարզպետարան եւ ասել, որ իրենց դպրոցում այդպիսի բաներ են կատարվում»:



Այս պահի դրությամբ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցում է միայն ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Հովհաննիսյանը, եւ դեռեւս նոր թեկնածու չկա, չնայած չի բացառվում, որ մինչեւ ընտրություն այլ թեկնածուներ եւս հայտնվեն:



ՀԳ - Նամակագիրները, վախենալով իրենց աշխատանքը կորցնելուց, չցանկացան, որ իրենց անունները հրապարակենք: