Ո՞վ եւ ինչո՞ւ է նախաձեռնել դատավորի լիազորությունների դադարեցման գործընթացը

Ո՞վ եւ ինչո՞ւ է նախաձեռնել դատավորի լիազորությունների դադարեցման գործընթացը
ՀՀ արդարադատության խորհուրդը, 24.06.2011թ.-ին քննարկելով Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, որոշել է դիմել  ՀՀ նախագահին` Ս. Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:



Որոշումը ստորագրել են Խորհրդի դատավոր անդամները (բացառությամբ Գագիկ Խանդանյանի): Որոշումից պարզվում է, որ Ս. Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ նրա լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ ՀՀ նախագահին դիմելու պատճառ է հանդիսացել ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվողի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու որոշումը: Ընդ որում, մեղադրողը եւ քննիչը ներկայացրած միջնորդության դեմ չեն առարկել եւ դատավորի կայացրած որոշման դեմ վերաքննիչ բողոք չեն բերել, իսկ հետագայում գործը կարճվել է:



Որոշումից պարզվում է, որ «...Ս. Մնացականյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 01.06.2011թ.-ի թիվ Ե-2966 գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին»:



Պարզենք Ա. Մկրտումյանի կողմից Կարգապահական հանձնաժողովին գրություն ուղարկելու, Խորհրդի կողմից Ս. Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ նրա լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ ՀՀ նախագահին դիմելու պատճառները:



Ա. Մկրտումյանի գործողությունները կարող են պայմանավորված լինել հետեւյալ հանգամանքներով` 1. հանձնարարություն է ստացել ՀՀ նախագահից, 2. հանձնարարություն է ստացել ՀՀ գլխավոր դատախազից, 3. գործել է իր ենթակաների խորհրդով, 4. գործել է սեփական նախաձեռնությամբ:



Եթե Ս. Մնացականյանի լիազորությունների դադարեցման հանձնարարությունը տրվեր ՀՀ նախագահի կողմից, ապա այդ մասին առաջինը կիմանար Ս. Մնացականյանը եւ «կամավոր» դիմում կգրեր իր լիազորությունների դադարեցման վերաբերյալ, կամ Ա. Մկրտումյանն այդ մասին կհայտներ Խորհրդի բոլոր անդամներին, եւ նրանք ոչ միայն կստորագրեին Խորհրդի որոշումը, այլեւ ՀՀ նախագահն անմիջապես կբավարարեր Խորհրդի` Ս. Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու մասին միջնորդությունը:



ՀՀ նախագահը, Խորհրդի որոշման ընդունումից 20 օր հետո, հրամանագիր է ստորագրել Ս. Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Չի բացառվում, որ Խորհրդի որոշման շուրջ բարձրացված աղմուկից հետո Ա. Մկրտումյանը Ս. Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ տարբեր, այդ թվում դատական համակարգում իր հեղինակությունը պահպանելու վերաբերյալ «հիմնավորումներ» է ներկայացրել ՀՀ նախագահին եւ խնդրել է բավարարել միջնորդությունը, որի կատարումը ՀՀ նախագահի կողմից դեռեւս չի նշանակում, որ ՀՀ նախագահն է հանձնարարել դադարեցնել Ս. Մնացականյանի լիազորությունները:



Գաղտնիք չէ նաեւ, որ Ա. Մկրտումյանը կուրորեն կատարում է ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունները` դատավորներին հանձնարարում է դատական ակտերով վավերացնել ակնհայտ անհիմն մեղադրական եզրակացությունները: Եթե Ս. Մնացականյանը կատարել է ոչ թե Ա. Մկրտումյանի, այլ ՀՀ գլխավոր դատախազի խնդրանք-հանձնարարությունը, որը հիմնավորվում է միջնորդության վերաբերյալ դատավորի կայացրած որոշման դեմ մեղադրողի կամ քննիչի կողմից վերաքննիչ բողոք չբերելու եւ հետագայում գործը կարճելու փաստերով, ապա Ա. Մկրտումյանի գործողությունները կարող են նշանակել, որ նա, պատժելով Ս. Մնացականյանին, ինչպես ՀՀ գլխավոր դատախազին, այնպես էլ դատավորներին փորձում է հասկացնել, որ դատական համակարգում պետք է կատարվեն միայն իր հանձնարարությունները:



Դատավարությանը մասնակցող մեղադրողի եւ քննիչի` գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությանը չառարկելը եւ նրանց կողմից դատավորի` գրավ կիրառելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք չբերելը, ՀՀ գլխավոր դատախազի կողմից Խորհրդի կարգապահական հանձնաժողովին կամ ՀՀ արդարադատության նախարարին` դատավոր Ս. Մնացականյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդում չուղարկելը նշանակում է, որ ՀՀ գլխավոր դատախազը եւս համամիտ է եղել Ս. Մնացականյանի կայացրած որոշման հետ, որից էլ հետեւում է, որ Ա. Մկրտումյանը չի գործել ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ:



Գաղտնիք չէ, որ ընդհանուր իրավասության եւ քրեական վերաքննիչ դատարանների քրեական գործերով բոլոր դատական ակտերը, մինչեւ դրանք կայացնելը, համաձայնեցնում են վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի հետ:



Գաղտնիք չէ նաեւ, որ Ա. Մկրտումյանը քաղաքացիականի մասնագետ է եւ քրգործերով տեսակետ արտահայտելիս հիմք է ընդունում  Դ. Ավետիսյանի փաստարկները: Հայտնի է նաեւ, որ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, Դ. Ավետիսյանի հանձնարարությամբ, զանգահարել է Ս. Մնացականյանին եւ հայտնել, որ մեղադրյալի նկատմամբ 30.04.2011թ.-ին ընտրված խափանման միջոց կալանքը չփոխարինի այլընտրանքային խափանման միջոցով` գրավով: Չի բացառվում, որ Ս. Մնացականյանը կատարել է ՀՀ գլխավոր դատախազի խնդրանքը` կալանքը փոխարինել գրավով, եւ չի կատարել Դ. Ավետիսյանի պահանջը` կալանքը երկարացնել եւս երկու ամսով, որից հետո Դ. Ավետիսյանը որոշել է վրեժ լուծել Ս. Մնացականյանից` նրա «անհնազանդության» մասին հայտնելով Ա. Մկրտումյանին եւ խնդրելով պատժել նրան, քանի որ նույն «անհնազանդությամբ» կարող են «վարակվել» նաեւ մյուս դատավորները:



Չի բացառվում, որ Ա. Մկրտումյանը գործել է սեփական նախաձեռնությամբ, որը կարող է ունենալ բազմաթիվ պատճառներ, մասնավորապես, պատժելով Ս. Մնացականյանին, ցանկանում է մյուս «անհնազանդ» դատավորներին հասկացնել, որ դեռեւս ինքն է ղեկավարում դատական համակարգը, եւ նրանք պարտավոր են կատարել իր հանձնարարությունները` թեկուզեւ դրանք լինեն ապօրինի եւ անհիմն, հակառակ դեպքում կարժանանան Ս. Մնացականյանի ճակատագրին:



Հակոբ Ճարոյան