Տիգրան Սարգսյանի խոստումից 15 անց էլ Սանահինի գմբեթին «անտառ» է աճում

Տիգրան Սարգսյանի խոստումից 15 անց էլ Սանահինի գմբեթին «անտառ» է աճում
1972 թվականին  Միավորված Ազգերի Կրթության, Գիտության  եւ Մշակույթի Կազմակերպությունն  (UNESCO) ընդունեց Բնության և մշակութային  ժառանգության պահպանման մասին  կոնվենցիան: Գրեթե ամեն տարի UNESCO-ի համաշխարհային ժառանգության կոմիտեն անց է կացնում նստաշրջաններ, որոնց ընթացքում քննարկվում են տարբեր երկրներում գտնվող բնության և մշակույթի բացառիկ հուշարձաններին Համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակ շնորհելու մասին:



Այս պահի դրությամբ Հայաստանում կա 8 նման  հուշարձան, որոնցից մեկն էլ Լոռվա մարզում գտնվող Սանահինի հանրահայտ վանական համալիրն է (X դար): Համաձայն արդեն հիշատակված կոնվենցիայի, այն պետությունները, որոնց տարածքում գտնվում են Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտները, իրենց վրա են վերցնում դրանք պահպանելու մի շարք պարտավորություններ:



Թե ինչպես է այդ պարտավորությունները կատարում Հայաստանը, կարելի է դատել Սանահինի ներկայիս վիճակից. նրա գմբեթին աճող փարթամ բուսականությունն ուղղակի ապշեցնող է:



2010 թվականի ապրիլի 13-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքային այցելություն կատարեց Լոռվա մարզ: Կառավարության պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն` վարչապետի առաջին կանգառը եղել է Սանահինը:



«Դպրոցում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն` Սանահինի վանքի վերականգնման խնդրի վերաբերյալ։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Սանահինի վերականգնման համար անհրաժեշտ է համալիր ծրագիր։ Նախատեսվում է ստեղծել հանձնաժողով, որի անդամները պետք է լինեն պետական համապատասխան գերատեսչություների ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ ու մասնագետներ։ Հանձնաժողովը մանրամասն կուսումնասիրի եկեղեցական համալիրի վերականգնման հարցը և եզրակացություն կներկայացնի վարչապետին»- նշված է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքում:



Այսօր` վարչապետի  այցից 15 ամիս անց, Սանահինի գմբեթի բուսականությունը միայն փարթամացել է: Տիգրան Սարգսյանի հեռանալուց հետո Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտի մասին կրկին մոռացան, որում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը մեղադրում է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:



Սանահինի  վանական համալիրի նման ողբերգական վիճակը «Չենք լռելու»-ն համարում է բոլորիս խայտառակությունը: Փաստորեն, ստացվում է, որ հայերը չեն հարգում անգամ իրենց կրոնի եւ մշակույթի` համաշխարհային մշակութային ժառանգություն ճանաչված օջախները:



Ցավալի է, որ խորհրդային անաստվածության տարիներին, երբ խոսք անգամ լինել չէր կարող  լինել ՅՈՒՆԵՍԿO-ի կոնվենցիաներիմասին (ԽՍՀՄ-ը վավերացրեց բնության եւ մշակույթի  համաշխարհային ժառանգության մասին կոնվենցիան միայն 1988 թվականին),Սանահինը գտնվում էր ՀԽՍՀ պատմական հուշարձանների պահպանման կոմիտեի իրական հոգածության տակ: Դրա ապացույցն են արխիվային լուսանկարները, որոնցում Սանահինը ներկայանում է իր ողջ վեհությամբ եւ առանց գմբեթի ծառերի: