Տեղահանում քաղաքակիրթ միջոցներով

Տեղահանում քաղաքակիրթ միջոցներով
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանն ինչքան բարձրլեռնային է, այնքան էլ արհամարհված մարզային եւ հանրապետական իշխանությունների կողմից: Տարածաշրջանն իր 22 գյուղերով Խորհրդային Միության փլուզումից, Սպիտակի երկրաշարժից հետո դեռեւս գտնվում է նախորդ դարի 90-ականների քաղաքաշինության մակարդակին. այնպես, ինչպես կար աղետից հետո:



Եթե ինչ-որ ծրագրեր են իրականացվել՝ հիմնականում դպրոցաշինություն, ապա շինարարների եւ տեղական իշխանավորների առաջին նպատակն է եղել հնարավոր նվազագույն ֆինանսական միջոցներով ավարտին հասցնել կառույցը, մնացած գումարը, պարզ ասած` գողանալու համար: Ահավասիկ, Ալագյազ գյուղի դպրոցի նորակառույց շենքը, որի հատակին հնարավոր չէ քայլել, իսկ պատերն արդեն քայքայվել են: Կամ Ծաղկահովիտի` նախկին շրջկենտրոնի դպրոցը, որտեղ 4-5 տարի է` վերանորոգում է կատարվում, որտեղ, մի գործը չավարտած, ի հայտ են գալիս նախկին արվածի թերությունները:



Անորակ շե՞նքն է պատճառը, թե՞ կյանքի անբարենպաստ պայմանները՝ դեռ հարց է, սակայն երբեմնի 600 աշակերտ ունեցող դպրոցում այսօր սովորում է հազիվ 200 երեխա:



Տարածաշրջանում իրենց ազգանվեր ծրագրից խոսելիս իշխանությունները մատնանշում են գազիֆիկացումը, սակայն հաշվե՞լ են արդյոք, թե քանի ընտանիք է օգտվում կապույտ վառելիքից: Եթե հաշվեն, ապա ընդամենը մատների վրա, որովհետեւ սպառելուց հետո վճարել է պետք, որի հնարավորությունը չունեն գրեթե բոլորը:



Տարածաշրջանի ապրուստի հիմնական միջոցը դաշտավարությունն ու անասնապահությունն են, սակայն շուրջ 15 հազար հեկտար հողերի ընդամենը 10-15 տոկոսն է մշակվում: Եղածն էլ` կարկտի, ցրտահարության «բերանը»:



Երկու տարի առաջ կառավարությունում որոշվեց հակակարկտային կայաններ տեղադրել տարածաշրջանում, սակայն այն մնաց թղթի վրա: Գյուղերը նկատելիորեն դատարկվում են. ով ճանապարհածախս ունի՝ գնում է, ով չունի՝ հայթայթում է, որպեսզի հեռանա: Նախկին շրջկենտրոնը, որտեղ տեղադրված են մի շարք պետական հիմնարկներ, նախախորհրդային բնակավայրի տեսք ունի: Հիմնարկները կամաց-կամաց լուծարվում կամ տեղափոխվում են Ապարան:



Գտնվելով Արագած լեռան արեւմտյան լանջին` գյուղը զարմանալիորերն խմելու ջրի խնդիր ունի: Անտեսված այս բնակավայրում աշխատանքային լարված առօրյայով է ապրում միայն ոստիկանության բաժանմունքը, որը համառորեն չի լուծարվում, եւ որի անհրաժեշտությունը բնավ էլ չկա. այն կարող էր լինել Ապարանում, ինչպես շատ այլ հիմնարկություններ:



Վերջերս առողջապահության նախարարության կողմից Չինաստանից ներկրված ժամանակակից շտապօգնության մեքենաներից չորսը հատկացվեց Արագածոտնի մարզին: Մեկական մեքենա տրամադրվեց Աշտարակի եւ Թալինի տարածաշրջաններին, երկուսը` Ապարանին: Ծաղկահովիտի հիվանդանոցը, որ 22 գյուղ է սպասարկում, անտեսվեց:



Այս հիվանդանոցի շենքը եւս տուժել է Սպիտակի երկրաշարժից, սակայն առայսօր ուշադրությունից դուրս է մնացել: Խոսք կա, որ հիվանդանոցը նույնպես լուծարվելու է: Ի դեպ, հիվանդանոցից միայն անունն է մնացել: Բժշկական սարքավորումներն այստեղ իրենց դարը վաղուց ապրել են: Հիվանդանոց են դիմում միայն ճարը կտրած հիվանդները:



Իսկ մարդիկ հույս ունեն, որ նախընտրական տարում ինչ-որ ծրագրեր կիրականանան տարածաշրջանում, սակայն մի կողմից էլ համոզված են, որ քվեների արտահոսքը տարածաշրջանից բացասական կանդրադառնա իրենց նկրտումների վրա:



Գյուղ կա, որտեղ 80 տոկոսով տների դռները փակ են: Էլ ո՞ւմ հետ հաշվի նստեն, երբ հաշվի նստողները, գիտակցաբար, մարդկանց ձեռքին պանդուխտի ցուպ են տալիս կամ էլ չեն տալիս. առանց դրա էլ, միեւնույն է, հեռանում են, քանի որ այլընտրանք չկա:



Նորայր Գրիգորյան