Դատախազությունը ստուգում է ոստիկաններին

Դատախազությունը ստուգում է ոստիկաններին
Ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ստուգումներ է իրականացնում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (6-րդ): Երեկ ոստիկանության լրատվականից փորձեցինք պարզել, թե ինչով են պայմանավորված այդ ստուգումները, հատկապես ինչն են ստուգում: Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետն ասաց, որ դրանք ընդամենը պլանային ստուգումներ են:



«Ստուգվել է շտաբը, ներկայումս հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում են ստուգումներ գնում, հաջորդը կլինի քրեական հետախուզության վարչությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ «ոչ մի էական հանգամանքով-բանով պայմանավորված չեն այդ ստուգումները»: «Իսկ ի՞նչ հաճախականությամբ են իրականացվում այդպիսի պլանային ստուգումները»,- հետաքրքրվեցինք մենք:



«Տարբեր հաճախականությամբ: Ոլորտներն ամեն անգամ ընտրվում են, եւ եռամսյակը կամ 6 ամիսը մեկ իրականացվում են ստուգումներ»,- ասաց Ահարոնյանը: