Անտեսված գանձերի համայնքը

Անտեսված գանձերի համայնքը
Եթե Հայաստանը հռչակել ենք թանգարան բաց երկնքի տակ, եւ եթե ինչ-որ բնակավայրերի բնորոշ չէ այդ հատկանիշը, ապա Արագածոտնի մարզի Արուճ գյուղին կարելի է անվերապահորեն այդ բնորոշումը տալ: Այստեղ խտացված են տարբեր ժամանակների հայ մշակույթի գանձեր: Արուճի կենտրոնում իր ողջ վեհությամբ խոյանում է 7-րդ դարի հրաշակերտ եկեղեցին: Մի քիչ հարավում դեռ պահպանվում են Կամսարականների ամրոցի պարիսպները: Հյուսիսում 13-րդ դարի իջեւանատունն է: Գյուղի շրջակայքում ամեն քայլափոխի հանդիպում են խաչքարեր, մատուռներ, դամբարանադաշտեր:



Խորհրդային Միության փլուզումից հետո բոլոր առումներով անտեսվեց նաեւ այս համայնքը: Գյուղին կպած Արզնի-Շամիրամ ջրանցքի անգործության պատճառով խոշոր այգեգործական տնտեսությունից մնացին ամայի դաշտերը: Այսօր Արուճն իր աշխատավոր մարդկանց շնորհիվ քիչ թե շատ փորձում է վերականգնել իր երբեմնի դեմքը, սակայն պետության անտարբերության մեղքով գործընթացը դանդաղ է ընթանում:



«Ինչ եղել է՝ եղել, անցյալը հիշելով ու նախկին իշխանություններին փնովելով` ոչինչ չի փոխվի,- ասում է խորհտնտեսության նախկին տնօրեն, ազատամարտիկ, այժմ անասնապահությամբ զբաղվող Միհրան Մանուկյանը:- Այսօր Արուճը կարճ ժամանակում կարելի է դարձնել խոշոր անասնապահական կենտրոն` էկոլոգիապես անարատ կաթնամթերքի եւ մսի արտադրությամբ: Դրա համար անհրաժեշտ է ճիշտ գյուղատնտեսական քաղաքականություն մշակել: Դա գործընթաց չէ, ընդամենը ցանկության խնդիր է, սրտացավության դրսեւորում: Եթե ուզում ես, որ գյուղն իրեն էլ ապահովի, քաղաքին էլ տա, ուրեմն ճիշտ գնային քաղաքականություն սահմանիր, արտոնյալ միջոցներ տրամադրիր եւ կտեսնես, թե ինչի է ընդունակ հայ գյուղացին:



Տասը տարի է, ինչ Միհրանը զբաղվում է անասնապահությամբ: Սկսել է ոչնչից: Միակ հոգսը բանկերն են եղել, որոնք վարկերը տրամադրել են դոլարային` 22, դրամային` 24 տոկոսով: Մի բանկից վարկ է ստացել, մյուսի տոկոսները փակել: Արանքում դանդաղ զարգացրել է իր տնտեսությունը:



«Անհամեստություն չլինի ասել, միայն ազատամարտիկի համառությամբ կարողացա այդ անհավասար կռվից պատվով դուրս գալ: Իսկ եթե պետությունը մի քիչ ցանկանար նկատել ինձ ու իմ նմաններին, ապա այն, ինչ ստեղծել եմ տասը տարում, կարող էի ստեղծել, առանց չափազանցության, երկու-երեք տարում»:



«Բոլորը չէ, որ բանկերի հետ անհավասար կռիվ տալուց կարող են հաղթանակով դուրս գալ: Ընդհակառակը, ոմանք կորցնում են տուն-տեղ, եղած-չեղածը: Պատկերացնո՞ւմ եք նման մարդու վիճակը,- շարունակում է Միհրանը,- արուճեցու ամենաեկամտաբեր բանկերը գտնվում են Արուճում եւ Արուճի շրջակայքում: Փառք մեր նախնիներին, որոնք դարերով այստեղ մշակույթ են կերտել, ու ամոթ մեզ, որ ժառանգել ենք այդ մշակույթը եւ անգին գանձի պես պահ տվել հողի տակ: Խոսում ենք զբոսաշրջության զարգացման մասին ու կենտրոնանում միայն Էջմիածնի ու Գառնու վրա: Արուճն էլ ունի մեզ ու աշխարհին ներկայանալու կարիք: Դրա համար ոչինչ չենք անում: Քանի որ իջեւանատունը գտնվում է աչքին տեսանելի վայրում` Երեւան-Գյումրի մայրուղու եզրին, երկու-երեք տարի առաջ իբր վերանորոգեցին, բարեկարգեցին: Փնթի տանտիրոջ պես, որ տան աղբը ավլում-լցնում է շեմից դուրս»:



Հարյուրավոր պատմամշակութային արժեքներ կան գյուղի տարածքում: Ո՞վ գիտի տեղը: Ո՞ւմ է հետաքրքիր: Գոնե չասեն` զարկ տանք տուրիզմին: Ոնց որ կոմունիզմից մնացած գաղափարախոսություն:



Միհրանը խոսում-ներկայացնում է, սակայն համեստությամբ չի ուզում ասել, որ եթե մարդն է անտեսվում, ազատամարտիկը, ուրեմն մնացած արժեքները միանշանակ անտեսվում են:



«Ես ուզում եմ վերագտնել Արուճի գողացված առավոտները»,- ժպտալով, սակայն վստահությամբ ասում է Միհրանը:



Դեռ 88-ին իր ընկերոջ` Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հետ Ազատության հրապարակում ուխտ կապեցին՝ եթե պետք է գնալ-շենացնել, ուրեմն` շենացնել, եթե պետք է կռվել, ուրեմն`  կռվել: Ու Թաթուլը գնաց Գետաշեն, Միհրանը վերադարձավ գյուղ, խորհտնտեսություն, մինչեւ տնօրեն: Երբ Թաթուլը Գետաշենում նահատակվեց, Միհրանը խորհտնտեսության գրասենյակից մեկնեց Արցախ` կռվելով մինչեւ ազատամարտի ավարտը: Երեք տղաներից մեկին Թաթուլ է անվանակոչել: Տղաները բարձր առաջադիմությամբ սովորում են մայրաքաղաքի բուհերում, սակայն աշխատանքի եռուն օրերին Միհրանի կողքին են: Միհրանն ընկերների հետ նոյեմբերի երկրորդ կիրակին հռչակել է «Մատաղ զինվորին ուխտը», որ ամեն տարի հանդիսավոր կատարվում է գյուղի եկեղեցում:



«Ազատամարտիկը խռովված չէ, ինքնամեկուսացված է: Փոքր Մհերի պես: Սպասում է իր ժամին: Կողքից հետեւում է երկրի անցուդարձին: Չի խաբվում նախընտրական ընծաներին ու հետընտրական ստերին: Ներքին թշնամի չունի, բոլորն էլ հայեր են` լավ թե վատ: Բայց յուրաքանչյուրն իր տեղում պիտի լինի թե նախագահ, թե օլիգարխ, թե ռանչպար: Այսօր ես ռանչպար եմ, բայց իմ ձեռքին են նայում մի քանի ընտանիքներ: Եթե օլիգարխն իր տեղում լինի, նախագահն ու նախարարը՝ իր տեղում, ես` ռանչպարս, ինձ հետ աշխատող մնացած ռանչպարներին ավելի լավ կվարձատրեմ: Իսկ դա նշանակում է, որ նախագահը կդառնա ռանչպարների նախագահ, ոչ թե մի գիշերում հարստացած կամ տարաբնույթ ճանապարհով նախարար դարձած նախարարի եւ օլիգարխի նախագահ: Սա է երկրի փրկության ամենակարեւոր միջոցը»,- ասում է Միհրանը:



Երեւանից Արուճի մատույցներ հասնելը կես ժամվա ճանապարհ է: Մայրուղուց Արուճ խղճով վարորդը դարձյալ կես ժամ հազիվ հասնի: Գյուղ մտնող երկու կիլոմետրանոց ճանապարհն այնքան անբարեկարգ է, որ անծանոթը երկրորդ անգամ ավելի հեշտությամբ դժոխքի ճանապարհը կնախընտրի, քան Արուճինը: Իսկ այստեղ ապրում են մարդիկ, պահպանում մշակութային ժառանգությունները, կռիվ տալիս հողի հետ` առջեւում փարոսի պես ունենալով ապագայի պատմության այն լուսավոր կետը, որին միայն երեւակայորեն են հասնում:



Նորայր Գրիգորյան