Կաթողիկոսի հրաժարականի պահանջը հիմքեր ունի

Կաթողիկոսի հրաժարականի պահանջը հիմքեր ունի
Կո՞ղմ եք, որ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հեռացվի Հայ առաքելական եկեղեցուց: Այս պարզ եւ ոչ երկիմաստ հարցին, որը հարցման տեսքով տարածվում է «Ֆեյսբուքի» հայկական միջավայրում, նյութը գրելու պահին պատասխանել էր արդեն մոտավորապես 3 հազար հոգի, որոնցից 85 տոկոսը կողմ էր, որ Գարեգին Բ-ն հեռացվի եկեղեցուց:



Եթե հաշվի առնենք, որ վերջին տարում հասարակական ամենամեծ ակտիվություն դրսեւորող մարդկանց խումբը հենց «Ֆեյսբուքում» է հաղորդակցվում, եւ ամենաակտիվ ու ազդեցիկ շարժումները ձեւավորվում են հենց այստեղից, վերոհիշյալ թիվը կարելի է կրիտիկական համարել: Եթե սրան էլ գումարենք «Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը» նորաստեղծ խումբը, որը գնալով թափ է հավաքում, հասկանալի է դառնում, որ գործ ունենք ոչ օրդինար մի իրավիճակի հետ, որի դեպքում առաքելական եկեղեցու առաջնորդի եւ նրա գործունեության նկատմամբ դրսեւորվում է անթաքույց ու բացահայտ դժգոհություն:



Իհարկե կարելի է ասել, որ 3 հազար հոգանոց խումբը՝ դա ավազահատիկ է ՀԱԵ հետեւորդների միլիոնանոց բանակում: Բայց նորից եմ շեշտում, որ գործ ունենք հասարակական ակտիվություն ցուցաբերող, հասուն եւ գիտակից հատվածի հետ, որտեղ, փաստորեն, Գարեգին Բ-ի կողմնակիցները ճնշող փոքրամասնություն են կազմում, այն էլ` ելնելով մի շարք կոնյունկտուրային պայմաններից: Եվ հիշեցնենք, որ ընդվզման ալիքն ուղղված չէ ոչ կաթողիկոսական ինստիտուտի, ոչ էլ առավել եւս Հայ առաքելական եկեղեցու դեմ, այլ միայն կոնկրետ մարդու` Գարեգին Բ կաթողիկոսի: Առաջին հայացքից աբսուրդային թվացող այս երեւույթն ունի իր պատմական եւ հոգեբանական հիմքերը, որոնք սերտորեն շաղկապված են միմյանց:



ԽՆԴՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԿՈՂՄԸ. ՖՈՆ



Նախ ընդունենք, որ ՀԱԵ շուրջ ծավալվող ցանկացած լուրջ իրադարձություն, ուզենք թե չուզենք` կարեւոր է, քանի որ, որպես ինստիտուցիոնալ համակարգ, այն անհերքելի դեր ունի հայկական իրականության մեջ: Եվ հետեւություններն էլ արվելու են ոչ թե սուբյեկտիվ ընկալումից (դիցուք ես ընդհանրապես առաքելական եկեղեցու հետեւորդ չեմ), այլ օբյեկտիվ իրողություններից, նաեւ կաթողիկոսական ինստիտուտը կարեւորողների` կաթողիկոս երեւույթի մասին դասական պատկերացումներից ելնելով: Այս կտրվածքով, հանուն արդարության պետք է սկսել նրանից, որ Գարեգին Բ-ն շատ հեռու է մեր երբեւէ ունեցած կաթողիկոսներից ամենաանարժանների խմբին դասվելու վտանգից:



Հիշենք լավ բաները` ամուր ձեռքի քաղաքականության կիրառում ներեկեղեցական խնդիրներում, եկեղեցաշինության նոր թափ, հոգեւոր բարձր դասի երիտասարդացում, քարոզչության նոր հնարավորությունների ստեղծում եւ այլն: Սակայն այս ամենը Գարեգին Վեհափառից պահանջեց որոշակի խարիզմատիկ դրսեւորումներ, որոնք էլ, թերեւս (կաթողիկոսի աշխարհիկ հակումների հետ ձեռք-ձեռքի տված) վնաս տվեցին նրա հոգեւոր հեղինակությանը` չհամընկնելով կաթողիկոսական ինստիտուտի կրողի մասին համընդհանուր պատկերացումներին:



Գարեգին Բ-ի գահակալության առաջին իսկ տարիներից փոխըմբռնողության կտրուկ նվազում սկսեց նկատվել ՀԱԵ նվիրապետական աթոռների` Պոլսո, Երուսաղեմի պատրիարքությունների, Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության եւ Մայր Աթոռի միջեւ: Դրդապատճառներին եւ հետեւանքներին չարժե հիմա անդրադառնալ, մանավանդ, որ այս մասին ժամանակին շատ է գրվել, նաեւ իմ կողմից, բայց այդ ամենի ընթացքում Գարեգին Բ-ն ակամա ձեռք բերեց «կռվարարի» համբավ:



Դրան գրեթե զուգահեռ ի հայտ եկան Ռուսաստանի եւ Նախիջեւանի թեմի հետ կապված բարդությունները, ինչի արդյունքում թեմի առաջնորդն անգամ կարգալույծ արվեց, եւ նրա փոխարեն նշանակվեց կաթողիկոսի կրտսեր եղբայրը` Եզրաս վարդապետ Ներսիսյանը: Ընդ որում Եզրաս Ներսիսյանը վարդապետական օծումը ստացել էր թեմի առաջնորդ նշանակվելուց ընդամենը երկու ամիս առաջ, իսկ նշանակումից  կես տարի հետո արդեն ստացավ եպիսկոպոսական աստիճան: Այս գործընթացները Գարեգին Բ-ի օպոնենտների համար հիմք հանդիսացան նրան մեղադրելու նաեւ պրոտեկցիոնիզմի մեջ:



Հետո ի հայտ եկան Լեզվի ինստիտուտի շենքի եւ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու տխրահռչակ պատմությունները, որոնց արդյունքում կաթողիկոսը ձեռք բերեց նաեւ զավթողական հակումներ ունեցող գործչի նկարագիր:



Այս ամենին զուգահեռ` ներհասարակական կյանքին բացարձակ անհաղորդությունը, եկեղեցական ծառայությունների «մենյուի» հաստատությունը, հոգեւորականության բարձր դասի անթաքույց սերն աշխարհիկ հաճույքների հանդեպ, նրա սերտ կապվածությունը` ինչպես ընկերական, այնպես էլ ֆինանսական, ժողովրդի կողմից փաստացի մերժված իշխանական վերնախավի հետ, լիակատար անտարբերությունը ֆորմալ առումով իրենց չվերաբերող, բայց լուրջ հասարակական, բնապահպանական եւ մշակութային նշանակություն ունեցող խնդիրների նկատմամբ, հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումը, ինչը հնարավորություն է տալիս ստանալ կաթողիկոսի մասին արհամարհական եւ իր դիրքը չարաշահելու մեջ մեղադրական բովանդակությամբ տեղեկություններ հոգեւորականության դժգոհ ներկայացուցիչներից, ստեղծեցին այն սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պայմանների համակարգը, որը պիտի հոգեբանական ֆոն հանդիսանար այսօրվա պոռթկման համար:



ԽՆԴՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ. ՊՈՌԹԿՈՒՄ



«Իմացե՞լ ես, որ կաթողիկոսն օրհնել ա Նորագյուղի Ավետի եվրոռեմոնտ արած բանտախցի նորամուտը, ու էդ զապիսները շեստոյի արխիվներում կան»: Կամ` «Էն օրը մեկը պատմում էր, թե ոնց ա տեսել, որ Գարեգինը Սեւանից գալուց անձամբ «ջիփից» իջել ա քյաբաբ առնելու, խի տենց կաթողիկոս ա՞ լինում»:



Սրանք ու սրանց նման հարյուրավոր պատմություններ այսօր ՀՀ շարքային քաղաքացիների առօրյա խոսակցության մասնիկն են: Եթե նույնիսկ դրանց 10 տոկոսն է ճիշտ, նույնիսկ եթե մասնակիորեն, միեւնույն է` ընդհանուր ստեղծված ֆոնն արդեն չափազանց նպաստավոր է մնացած 90 տոկոսին լիարժեք հավատալու համար: Ինչքան էլ մեղադրենք վրացիներին ստորության եւ ճղճիմության մեջ, միեւնույն է` երբ այս հոգեբանական ֆոնի վրա դիտում ես Գարեգին Բ-ի «եղբայրական» զրույցն Իլյա Բ-ի հետ, ակամայից հավատում ես, որ նա հանգիստ կարող էր ասել` Սանահինի վանքի հետ ես ոչ մի գործ չունեմ:



Եվ այդ գործընթացն այլեւս անդառնալի է: Այս է պատճառը, որ ներկայումս կաթողիկոսի հրաժարականը պահանջող 85 տոկոսի մեջ շատ են հենց իրենք` առաքելական եկեղեցու հետեւորդները, եւ դա պահանջում են ոչ թե չարակամորեն, այլ հանուն իրենց եկեղեցու, հանուն կաթողիկոսական սուրբ ինստիտուտը վերջնական ապականումից փրկելու: Այս է պատճառը, որ այդ մարդիկ գործընթացը կանգնեցնելու միակ հնարավորությունն այլեւս տեսնում են նրանում, որ կաթողիկոսը, ցանկալի է` մի քանի արքեպիսկոպոսների հետ միասին, լքի իր գահն ու հեռանա ճգնելու եւ աղոթելու հանուն Հայաստանի ու հայության պայծառ ապագայի:



Վահագն Թեւոսյան