Գոհ եմ իմ պաշտոնից

Գոհ եմ իմ պաշտոնից
Օրերս մամուլում գրվել էր ոստիկանապետի հնարավոր պաշտոնանկության մասին, եւ հավանական թեկնածուների թվում նշվել էր նաեւ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի  թեկնածության մասին: Երեկ կառավարությունում մեր թղթակիցն Օսիկյանին հարցրել է՝ արդյո՞ք ինքը նման հավակնություն ունի: «Մամուլում ինչ որ գրվում է, մամուլի նկատառումներն են կամ նրանց որոշակի վերլուծությունները: Նման բան չկա: Ես գոհ եմ իմ կատարած աշխատանքից եւ զբաղեցրած պաշտոնից»:



Փոխոստիկանապետին մեր թղթակիցը հարցրել է նաեւ օրերս 500 դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալված Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազոր Ստեփան Սիմոնյանի  մասին, արդյո՞ք դա ոստիկանության ինքնամաքրման գործընթացի վերսկսման մասին է վկայում. «Միգուցե մամուլով միայն այդ դեպքը գնաց, բայց եթե ուշադրություն դարձրել եք կոռուպցիոն  հանցագործության պայքարի դինամիկային վերջին տարիների ընթացքում, ոստիկանության կողմից հայտնաբերված նմանատիպ բազմաթիվ խախտումներ կան, ուղղակի թերեւս այս դեպքն ավելի լայն լուսաբանվեց»:



Իսկ վերջին մեկ ամսում քանի՞սն են ձերբակալվել կաշառակերության կասկածանքով: «Ոստիկանության համակարգից, եթե չեմ սխալվում՝ այս մի դեպքն է եղել, բայց, էս տարվա կտրվածքով եմ ասում, եթե նայեք, շատ դեպքեր, երբ որ  ոստիկանության աշխատակիցների կողմից իրավախախտումներ են հայտնաբերվում, նույն Հատուկ քննչական ծառայության կողմից հետագայում որ քննարկվում են, նրանց մեծ մասը նաեւ հայտնաբերվում են ոստիկանությունում»,-պատասխանել է Օսիկյանը: