Հիմա էլ քեռին

Հիմա էլ քեռին
Երեկ տեղեկություն տարածվեց, թե նախօրեին ինքնասպանություն է գործել անցյալ տարվա հուլիսի 28-ին ԼՂՀ Մարտունու զորամասի մարտական դիրքերից մեկում սպանված զինծառայողներից մեկի` Կարո Այվազյանի մորեղբայրը՝ Անուշավան Միքայելյանը: Կարո Այվազյանն այն զինվորն էր, ով սպանել էր իր 5 մարտական ընկերներին, ապա ինքնասպան եղել: Այդ ժամանակ տեղեկություններ տարածվեցին, եւ նույնիսկ որոշ փաստաթղթերով հիմնավորվեց, որ Կարոն հոգեկան անհավասարակշիռ վիճակում է եղել եւ մինչ ծառայության մեկնելը հոգեկանի հետ կապված խնդիրներ է ունեցել:



Երեկ ոստիկանությունից փորձեցինք Կարոյի քեռու ինքնասպանության դեպքի հետ կապված մանրամասներ ճշտել: Ոստիկանության լրատվականից մեզ փոխանցեցին, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 18-ին, Ադոնցի փողոցի տներից մեկում: Ահազանգ ստանալուց հետո օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ 1968 թ. ծնված Անուշավան Միքայելյանը տան պատշգամբում ինքնասպանություն է գործել պարանով կախվելու միջոցով:



Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն դեռ պատասխանը չկա: Կատարվում է նախաքննություն: