Տուժել են ոչ թե Սերոբից, այլ լրագրողներից

Տուժել են ոչ թե Սերոբից, այլ լրագրողներից
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ երեկ կայացել է մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի հերթական դատական նիստը: Նիստին 12 տուժողներից ներկայացել են միայն 2-ը` զինվորական համազգեստով. նրանք զինծառայության մեջ են: Նիստը կրկին դռնփակ էր: Դատարանը երեկ սահմանել է ապացույցների հետազոտման կարգը: Դատական նիստի ավարտին մեղադրող Հովսեփ Սարգսյանը լրագրողներին  հայտնել է, որ հետազոտել են տեսանյութերի որոշ մասը, եւ հարցաքննվել է մեկ տուժող: Ըստ մեղադրող կողմի՝ տուժողը դատարանում պատմել է այն, ինչ եղել է իր եւ Սերոբ Տեր-Պողոսյանի միջեւ:



«Տեսանյութերում տուժողներն էլ կային, կար նաեւ ամբաստանյալ Սերոբ Տեր-Պողոսյանը: Նրանք ներկա էին դատարանում»,- ասել է Հ. Սարգսյանը: Նա նաեւ նշել է, որ մեղադրական կողմն ավելի քան համոզված է, որ գործով դատարան բերված ապացույցները հիմնավոր են, եւ մեղադրանքը կհիմնավորվի դատաքննության ընթացքում, «ինչին ականատես եղանք այսօր դատարանում, եւ դա շարունակական ընթացք է ունենալու հետագայում»,- ասել է մեղադրողը:



Լրագրողների հետ զրույցում Սերոբ Տեր-Պողոսյանի շահերի պաշտպան Տիգրան Սաֆարյանը, որ ծանր կացության մեջ է հայտնվել՝ պաշտպանում է հասարակության կողմից պարսավանքի արժանացած անձի, նշել է, որ իր առաջ խնդիր չէր դրել  դատարանում Սերոբ Տեր-Պողոսյանի արդարացմանը հասնելու:



«Դուք այդպիսի խնդիր եք դնում իմ առաջ: Պաշտպանի խնդիրը անձին իրավաբանական օգնություն ցույց տալն է»,- արդարացել է պաշտպանը: Հետաքրքիր պահվածք են դրսեւորում տուժողներն ու նրանց հարազատները, որոնք ոչ միայն չեն թաքնվում, այլեւ ավելի բացասաբար են տրամադրված լրագրողների, քան Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 25-ին, ժամը 12:00-ին: