Թալինի գյուղերը հիշում են միայն ընտրությունների ժամանակ

Թալինի գյուղերը հիշում են միայն ընտրությունների ժամանակ
Թալինի մի շարք լեռնային եւ նախալեռնային գյուղեր այնպիսի վիճակում են, կարծես Խորհրդային Միությունը նոր-նոր է փլուզվել: Այստեղ հազվադեպ են հասնում պետական ու միջազգային կազմակերպություններ: Ապրուստի միակ միջոցը անասնապահությունն է, որը շահութաբեր չէ: «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը շրջանցեց այս գյուղերը` Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ, Ներքին Բազմաբերդ, Կաքավաձոր, Ագարակ: Մինչդեռ ծրագրի սկզբում այստեղ ուսումնասիրություններ կատարվեցին, նույնիսկ խոստումներ եղան` արհեստական ջրամբարներ կառուցելու, ճանապարհները վերանորոգելու մասին, սակայն ոչ միայն չարվեցին, այլեւ եղած ջրամբարներն էլ չվերանորոգվեցին:



Իսկ շատ գյուղերում միջնադարյան ճանապարհներ են, որոնցով անգամ սայլերը դժվարությամբ կբարձրանան: 2-3 տարի առաջ վերանորոգվեց Երեւան-Գյումրի ճանապարհից Ներքին Սասնաշեն ձգվող հատվածը: Այստեղից Վերին Բազմաբերդ  երեք կիլոմետր է, սակայն խիստ անանցանելի՝ մանավանդ ձմռանը, նույնը` Ն. Բազմաբերդ-Կաքավաձոր հատվածը:



Ավելի անմխիթար վիճակում է Վ. Բազմաբերդ-Ավթոնա ճանապարհը: 2006-2007թթ. նախընտրական տարում խոստումներ եղան այս գյուղերը գազիֆիկացնելու, սակայն ոչ մի համայնք չընդգրկվեց ծրագրում: Անմխիթար է հոսանքամատակարարումը՝ աննշան քամուց գյուղերը հոսանքազրկվում են, մինչդեռ մեկ օրով սպառած հոսանքի գումարի ուշացման դեպքում բաժանորդների հոսանքն անջատում են:



Ոչ մի կերպ չի բարելավվում բջջային կապի որակը, թեեւ երեք ընկերություններին պատկանող ալեհավաքները սփռված են ամենուր: Մարդիկ ստիպված են ժամանակ առ ժամանակ ծառայությունները փոխել, սակայն ոչ մեկն էլ հուսալի չէ: Խիստ թանկ է ոռոգման ջրի վարձը` ժամը 1000-1500 դրամ, որը գանձում են ՋՕՄ-երի կողմից նշանակված մարդիկ` առանց անդորրագրերի:



«Այս գյուղերը զրկված են պետական հոգածությունից, մենք մեր լեռներում իշխանության ներկայությունը բնավ չենք զգում: Իշխանությունն այստեղ գյուղապետն է, ով սովորաբար ընտրվում է մեծ ազգություն ունենալու դեպքում: Ինչպես կուզի՝ կաշխատի, ինչքան էլ ուզենաս՝ չես կարող փոխել»,- ասացին Վերին Բազմաբերդում: Իսկ բարձրագույն իշխանությունները մի խնդիր ունեն այստեղ լուծելու՝ վերարտադրվելու: Այն էլ կաշառքով ու կեղծիքներով: Խեղճի, ընչազուրկի հետ դա ավելի հեշտ է արվում: Դա արվում էր առաջ, նույնը կփորձեն անել նաեւ մոտ ապագայում` ընտրությունների ժամանակ:



Նորայր Գրիգորյան