Ոստիկանները խրախուսո՞ւմ են գողությունը

Ոստիկանները խրախուսո՞ւմ են գողությունը
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում գտնվող «Փյունիկ» խանութից 5 ամսվա ընթացքում 5 անգամ գողություն է կատարվել, սակայն տեղի ոստիկանությունը որեւէ քայլ չի ձեռնարկում կանխելու եւ գողություն իրականացնող անձին պատժելու ուղղությամբ: Գողն ամեն անգամ կոտրելով խանութի ապակին՝ ներս է մտնում եւ գողություն անում: Ընդ որում, խանութը գտնվում է Չարենցավանի պետական պահպանության ծառայության հսկողության տակ, սակայն դա էլ որեւէ դեր չի խաղում: «Դեպքից հետո ոստիկանը պարզապես գալիս է, ինչ-որ բան է գրում-ջնջում: Այնպիսի տպավորություն է, կարծես այդ ոստիկանը գողի շահերի ներկայացուցիչը լինի: Նա արդեն գիտի, թե այդ գողն ինչ է գողացել, ոնց է արել եւ այլն:



Արձանագրությունը կազմում-գնում է, բայց ոչ մի հետեւանք էլ չի լինում: Ընդհակառակը՝ դրանից հետո արձանագրվում է գողության հերթական դեպքը»,- մեզ հետ զրույցում ասաց խանութի սեփականատեր Գեւորգ Հակոբյանը: Նա համոզված պնդեց, որ գողություններն ուղղորդվում են հենց Չարենցավանի ոստիկանության կողմից.



«Այդ մարդն ուղղորդված է ոստիկանության կողմից: Մեր համբերությունն են փորձում: Ուզում են, որ մեր համբերությունը հատնի, եւ մենք մեր ձեւով պատժենք այդ մարդուն՝ գողին, ու հետո մենք խնդիրներ ունենանք ոստիկանության հետ: Այդ մարդն ընդամենը ոստիկանների զոհն է: Ոստիկաններն օգտագործում են նրա կարգավիճակը»:



Գեւորգ Հակոբյանը չմանրամասնեց, թե հատկապես ինչու պետք է ոստիկանությունն այդպիսի նպատակ ունենա: Գողը, խանութի սեփականատիրոջ խոսքով, չարենցավանցի է, բանտից նոր դուրս եկած հարբեցող մարդ, բոլորն էլ գիտեն նրան, սակայն ոստիկանները միջոցներ չեն ձեռնարկում նրան պատժելու համար: Խանութի սեփականատերը բազմիցս դիմել է Չարենցավանի ոստիկանություն՝ խնդրել օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել գողություն կատարած անձին եւ վերացնել անպատժելիության մթնոլորտը, սակայն որեւէ արձագանք չի եղել:



Օրերս նա դիմում է գրել նաեւ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին եւ, տեղեկացնելով իրավիճակի մասին, խնդրել է գործը վերցնել հսկողության տակը, ինչպես նաեւ, որ գործով հետաքննություն իրականացնեն ոչ թե Չարենցավանի ՆԳ բաժնի, այլ քննչական գլխավոր վարչության քննիչները, քանի որ տեղի ոստիկանները չափազանց անտարբեր են գործի նկատմամբ եւ վստահություն չեն ներշնչում: «Մեր խնդիրը ոստիկանության անտարբերությունն ու անգործությունն է: Մենք այդ մարդու՝ գողի դեմ ոչ մի բան չունենք: Պարզապես ոստիկանների այդ անտարբեր վերաբերմունքն անպատժելիության մթնոլորտ է ձեւավորում քաղաքում»,- հավելեց խանութի տերը: