Եկեղեցականներն իրենց չեն զրկի հանուն եկեղեցու

Եկեղեցականներն իրենց չեն զրկի հանուն եկեղեցու
Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ վերջին օրերին բարձրացված աղմուկը նոր հնչերանգներ է ստանում: Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանը, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, հերքեց այն, թե կաթողիկոսը Սանահինի վերանորոգման առիթով ասել է. «Ես սարերում եղած վանքերի հետ գործ չունեմ»:



Սակայն հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ով հիշեցրել էր կաթողիկոսի 2006-ի հայտարարությունը, եկեղեցու ներկայացուցչի հետ բանավեճի ժամանակ անընդհատ պնդում էր, որ կաթողիկոսն այդ խոսքերն իսկապես ասել է հենց իր ներկայությամբ, երբ ինքն ու ճարտարապետ Արմեն Հախնազարյանը, ով 2 տարի առաջ մահացել է, հանդիպել էին նրա հետ:



Ճարտարապետը կաթողիկոսին ասել էր՝ թեեւ նոր եկեղեցիների կառուցման կարիք կա, բայց խնդրում ենք հնարավորինս ուշադրություն դարձնել նաեւ միջնադարյան հուշարձաններին, օրինակ` Սանահինի նման համալիրի տանիքին անտառ է աճել:



«Կաթողիկոսը խոժոռվեց, ձեռքը պարզեց եւ տառացիորեն ասաց` ես թույլ չեմ տա, որ Խոր Վիրապի, Գեղարդի նման վանքերի վրայից մի քար անգամ ընկնի, իսկ էդ սարերի վրա եղած վանքերի հետ ես գործ չունեմ: Եվ այս պահին այլ օբյեկտների շինարարություն է իրականացվում»,- ընդգծեց Սամվել Կարապետյանը:



«Ես հերքում եմ, որ Վեհափառ հայրապետը նման բան ասել է, առավել եւս, երբ բառացի են ներկայացվում Սամվել Կարապետյանի կողմից այդ զրույցի որոշ մանրամասներ: Ես ասում եմ, որ առաջնահերթության խնդիր է եղել, բայց երբեք ու երբեք չի անտեսվել որեւէ բան»:



Տեր Վահրամի վստահեցմամբ՝ Վեհափառն ընդամենը հայտնել է, թե այնպիսի սրբավայրեր, ինչպիսիք Գեղարդն է, Խոր Վիրապը, Սուրբ Էջմիածինը, նրանց հոգատարությունը համազգային կարեւորության իմաստով առաջնահերթություն է՝ մյուս վանքերի համեմատ: Նա նաեւ նշեց, թե Վեհափառը եկեղեցական շինությունների մասին խոսելիս չէր կարող «օբյեկտ» բառն օգտագործել:



Վերջին շրջանում Մայր Աթոռի կողմից նորոգվել են հարյուր վանքեր եւ եկեղեցիներ, որեւէ եկեղեցու կամ սրբավայրի նորոգում Մայր Աթոռի եւ Վեհափառի կողմից անտեսված չէ, սակայն Մայր Աթոռը չունի «ձեր պատկերացրած միջոցները», որ վերանորոգի բոլոր վանքերն ու եկեղեցիները:



«Պետական հոգածության կարիք կա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Վեհափառն ինքն է ժամանակին Սանահինի վանքը վերանորոգելու համար բարերար փնտրել: Սակայն դա չի խանգարում, որ մայրաքաղաքում կաթողիկոսական նստավայր կամ հերթական եկեղեցին կառուցվի: Տեր Վահրամը խեղճացած պատասխանեց, որ բարերարներն են որոշում որտեղ ինչ կառուցել, եւ եկեղեցին չի կարող ուղղորդել:



Այդ թվում՝ մեքենաները գնելու հարցում, որոնք հատկացվում են Մայր Աթոռին: «Ծիծաղելի է մտածել, որ 6 հազար աշխատակից ունեցող Մայր Աթոռի համար մի քանի արտասահմանյան մեքենա ունենալը ճոխություն է»,- հանդիմանեց Մելիքյանը եւ տեղեկացրեց, որ բարերար Սամվել Կարապետյանն է մեկ տարի առաջ 309 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ «Տոյոտա» մակնիշի այդ 6 մեքենաները նվիրել իրենց: