Գյուղում

Գյուղում
Ծառերը ծաղկում էին, գետնին երեւում էին մանր կապտասպիտակ ծաղիկները, գիրքը դնում էր թեւի տակ ու վազում այգի: Կապտասպիտակ ծաղիկներն իրական հեքիաթ էին, անհասկանալի հմայք ունեին, կախարդում էին ու ձգում: Ժամերով նայում էր ու չէր կշտանում: Սիրտն ուռչում էր հուզմունքից, զգում էր, որ ինչ-որ մեծ բանի է հանդիպել, մեծ ու հրաշալի: Սա Աստծո հետ առաջին, չգիտակցված հանդիպումն էր:



Տան ետեւում ջերմոցի պատն ու այգու ցանկապատը գողտրիկ անկյուն էին կազմել, մի քանի ծառ կար. սալոր, ծիրան, բալ ու խնձոր ամեն ամառ խնջույքի էին հրավիրում: Գիրքը դնում էր բետոնե լայն հարթակին, մրջյունների շարանների համար քարերով ու տերեւներով նոր արահետներ սարքում, որ ուրիշ ուղղությամբ գնան ու իրեն նստելու տեղ տան: Մեղավոր էր զգում, որ խախտում է նրանց հոգսաշատ առօրյան, բայց ի՞նչ արած, ինքն էլ հո պիտի Դյումա վայելեր:



Խփշտում էր հացի մեջ փաթաթած պանիրն ու երշիկը, կրծում վարունգից, ամենից հաճախ միայն պանիր էր ուտում` մոմպասի պես ծծելով: Փորձում էր ամեն բան անել գիրքը ձեռքին ու կարդալով երշիկ կտրելիս մատը մինչեւ ոսկորը կտրել էր: Պանիրը գրքի ամենահաճելի ուղեկիցն էր:



Աղը հալչում էր բերանում, տերեւները փսփսում էին, սալորները` գայթակղում, Դյուման կախարդում էր, Դ’Արտանյանը` կանչում: Բայց կանչողը հաճախ միայն հրացանակիրներից մեկը չէր լինում, այլ զայրացած մայրը կամ պապը: Սենյակը թափթփել էր ու դուրս թռել:



Մաքրությունն իր աշխարհից դուրս գտնվող, իրեն չվերաբերող մի բան էր, ու մի քանի անգամ ծեծվելուց հետո էլ Մարիամը չէր հասկանում, թե ինչ կապ ունեն իր հետ գրադարակի մատնահետքերն ու շաղ տված հագուստը: Ամեն օր լսում էր.



«Էսինչի աղջիկը մորն օգնում է, հող են մշակում, տունն է մաքրում, չէ՝ քեզ պես անկյալ»: Վիրավորվում էր կոպիտ խոսքերից մինչեւ սրտի խորքը, կուշտ լաց լինում ու իրեն զգում աշխարհի ամենադժբախտ, ամենալքված մարդը: Իսկ «էսինչի աղջիկը»՝ չէր հասկանում, թե ինչ կապ ունի իր հետ, առավել եւս` նրա մշակած հողն ու մաքրած տունը:



Ինքն «էսինչի աղջկան» չէր էլ հավանում` տգեղ էր, սեւ, կեղծ ու անհասկանալի: Հարեւանի աղջկա մայրը մի գլուխ գովում էր իր աղջկան` մաքրասեր է, եփող-թափող, իր մայրը մի գլուխ քննադատում էր ու դատափետում:



Իր սիրելի անկյունում երգում էր` դիմելով ծառերի ծաղիկներին, ու նրանք հրաշալի հանդիսատես էին`լսում էին լուռ, հարգանքով ու հիացած, պտտվում էր ծառերի արանքում ու ղունղունում, ինչքան կարող էր: Մի անգամ հարեւանի գովական աղջիկները եկել էին խաղալու կանչելու, գաղտագողի մտել էին այգի ու, լսելով, որ երգում է ինչ-որ անհասկանալի լեզվով, որ ինքն էր հորինել, թաքնվել ու լսում էին:



Շրջվեց ու նոր նկատեց նրանց, հայացքներում` ծաղր ու չար ուրախություն, ասես իրեն ինչ-որ ամոթալի բան անելիս էին բռնացրել: Խաղալու գնաց, բայց ծանրացած հոգով:



Հարեւան երեխաներն իրեն չէին սիրում, դա զգում էր իր ողջ էությամբ ու ողջ էությամբ էլ ձգտում էր, որ իրեն ընդունեն: Փոքրիկ թշնամիների մի բանակ էր` կազմված մանր նենգություններից:



Զգում էր, որ պահմտոցի խաղալիս այնպես են անում, որ ինքը փնտրի, «Որսորդն ու բադերը» խաղալիս իրեն բանի տեղ չեն դնում, որպես թե լավ չի խաղում: Բայց, միեւնույն է, շարունակում էր խաղալ,  որովհետեւ չէր ուզում մենակ մնալ: Էլի, միեւնույն է, մենակ էր, իրեն չէին ընդունում, որովհետեւ ուրիշ էր: Ոչ ոք այդ չէր ասում, բայց բոլորն էին զգում ու կտցահարում էին, ինչպես հավը փախչող որդին` որքան կարելի է շատ ու որքան կարելի է արագ:



Շարունակելի



Աստղիկ Սարգսյան