Հաճախ մարդիկ ամուսնանում են ֆիզիկական գայթակղության հիման վրա

Հաճախ մարդիկ ամուսնանում են ֆիզիկական գայթակղության հիման վրա
«Ֆեյսբուք» սոցիալական կայքի բազմաթիվ խմբերի շրջանում մեծ հաջողություն է վայելում «Սեքսուալ առողջությունը բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ» խումբը: Այն ունի մոտ 1 200 մասնակից, այստեղ ակտիվորեն քննարկվում են սեքսուալ առողջությանը վերաբերող ամենատարբեր թեմաներ:



«Հրապարակի» հարցերին պատասխանում է բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:



- Պարոն Շահրամանյան, ե՞րբ եւ ինչպե՞ս որոշեցիք նման խումբ ստեղծել համացանցում:



- Վերջերս հաճախ եմ լսում թե իմ պացիենտներից, թե ուսանողներից եւ թե ծանոթներից, որ սեռական առողջության վերաբերյալ հանրամատչելի գրականություն գրեթե չկա, եղածն էլ հին է: Այդ իսկ պատճառով որոշեցի ստեղծել «Սեքսուալ առողջություն» խումբը, որը որոշ չափով կլրացնի այդ բացը:  Այս խումբը նրանց համար է, ովքեր ուզում են ապրել առողջ սեքսուալ կյանքով եւ ստանալ գրագետ տեղեկություն սեքսուալ առողջության վերաբերյալ: Սա խորհրդատվական, ուսուցողական եւ կրթական խումբ է, որը հնարավորություն է ընձեռում ստանալ մասնագիտական հանրամատչելի տեղեկություն: Խումբը ստեղծվել է 2010 թ. նոյեմբերին: Նպատակը մեկն է՝ հանրությանը տրամադրել սեռական առողջության վերաբերյալ անհրաժեշտ եւ հավաստի տեղեկություն:



- Ձեր սպասելիքներն արդարացե՞լ են:



- Նկատելի է, իհարկե, որ փոփոխություն կա: Մարդիկ իրենց հուզող հարցերը կարող են հղել անմիջապես ինձ եւ 24 ժամվա ընթացքում ստանալ պատասխանը: Խմբում տեղադրված են իմ հանրամատչելի նյութերը, որոնք տպագրվել են բժշկագիտության տարբեր ամսագրերում եւ օրաթերթերում: Ինչպես նաեւ տեղադրվում են հայալեզու զանազան տեսանյութեր՝ նվիրված սեռական առողջության հարցերին: Շուտով նաեւ կլինեն «Հարցեր սեքսապաթոլոգին» տեսագրությունները:



- Ինչո՞ւ են հայկական ընտանիքներում սեռական հարաբերությունների հետ կապված խնդիրներից խուսափում խոսել:



- Ժամանակի հարց է: Հայաստանում սեքսուալ կուլտուրան դանդաղ քայլերով աստիճանաբար դուրս է գալիս հոգեվարքի ճահճից: Հաճախ մարդիկ ամուսնանում են ֆիզիկական գայթակղության հիման վրա, երբ խաբուսիկ արտաքինը եւ «չարաճճի» քայլվածքը պատճառ են դառնում թեթեւամիտ ամուսնության, իսկ նման ընտանիքներում ներդաշնակ հարաբերություններ, որպես կանոն, չեն լինում: Ամուսնությանը լուրջ պետք է մոտենալ: Ամուսնական հարաբերությունների հետազոտումը ցույց է տալիս, որ ամուսնական դաշինքում որոշիչ դեր պետք է խաղան բարոյական չափանիշները, սերը, վստահությունը, անկեղծությունը եւ, իհարկե, հայացքների ընդհանրությունը: Դեյլ Կարնեգին այդ կապակցությամբ գրում է. «Ամուսնական հարաբերությունների հարցում անգրագետ մի՛ եղեք», եւ սա գերագույն ճշմարտություն է:



- Մի քիչ էլ սեռավարակներից խոսեք` որքանո՞վ են դրանք երիտասարդության շրջանում  տարածված:



- Մասնագիտական փորձը վկայում է, որ սեռավարակներով պայմանավորված սեռական խնդիրներ ունեցող պացիենտների թիվը, ցավոք, գնալով մեծանում է: Սեռավարակների մասին խոսելիս շատերն ամոթխածությամբ լռում են, բժշկի չեն դիմում, ինչի հետեւանքով կարող են առաջանալ մի շարք բարդություններ: Սեռավարակները թաքցնելու պարագայում վտանգի տակ կարող ես դնել եւ քո, եւ ընտանիքիդ անդամների առողջությունը: Առանձնահատուկ ռիսկի խումբ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները:  Ժամանակին չհայտնաբերելու եւ չբուժելու դեպքում սեռավարակները կարող են բացասաբար ազդել վերարտադրողական/մանկածնման ֆունկցիայի վրա:



- Արդյոք շատե՞րն են այսօր դիմում սեքսապաթոլոգին:



- Տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին` սեքսուալ կուլտուրայի առանձնահատկությունները, բժիշկ-սեքսապաթոլոգի մասին սխալ պատկերացումները եւ այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսապաթոլոգը մարդու սեքսուալ առողջության բժիշկն է, ով բուժում եւ կանխարգելում է սեքսուալ խանգարումները: Սեքսապաթոլոգը մարդու սեքսուալ առողջության պաշտպանն է: Ի ուրախություն մեզ` երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալն ավելի հաճախ են սկսել մեզ դիմել: Սեռական կյանքի պսիխոհիգիենայի հարցերի շուրջ հասարակության տեղեկացվածության բարձրացումը նպաստում է այն բանին, որ մարդիկ սկսել են քննադատորեն մոտենալ իրենց սեքսուալ կյանքի այս կամ այն դրսեւորմանը: Եվ անչափ կարեւոր է այն փաստը, որ ամուսինները փորձում են ավելի հագեցած, ավելի բազմաբովանդակ եւ ներդաշնակ դարձնել իրենց սեքսուալ կյանքը: Կանայք, ովքեր, օրինակ, չգիտեին` ինչ է սեքսուալ բավարարվածության զգացումը,  այժմ, ունենալով համապատասխան գիտելիքներ սեքսուալ ոլորտի վերաբերյալ, սկսել են վերաիմաստավորել եւ կարեւորել անձնական սեռական կյանքը: Երկար տարիներ ձեւացնելով, թե կինն իբր սեռական հաճույք է ստանում (սեռական հաճույքի իմիտացիա), ի վերջո հոգնում է խաբեությունից եւ որոշում է դիմել սեքսապաթոլոգի օգնությանը, լրջորեն լուծել  սեռական  խնդիրը եւ վայելել իսկական բավարարվածություն:



- Ինչպե՞ս անել, որ սեքսուալ կյանքի պատճառով չքայքայվեն ընտանիքները, փոխարենը ավելի ամրանան:



- Պետք է հստակ գիտակցել, որ անկողնային անախորժությունները վաղ թե ուշ կարող են ընտանիքի կործանման պատճառ դառնալ: Այս իսկ պատճառով ցանկալի է ձգտել նրան, որ ընտանիքում միշտ տիրի հոգեբանական եւ ֆիզիոլոգիական ներդաշնակություն: Իսկ եթե սեքսուալ կյանքում ամպամած եղանակ է առաջանում, պետք չէ սպասել, լռել, հետաձգել: Պարզապես պետք է ժամանակին դիմել սեքսապաթոլոգի օգնությանը: Չէ՞ որ կայուն ընտանիքը առողջ պետության գրավականն է:



Նատաշա Հարությունյան