Չխայտառակել ռեսպուբլիկա

Չխայտառակել ռեսպուբլիկա
Երեկ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղի երիտասարդներից մեկը՝ 26 -ամյա Արմենը, 3 օր առաջ հարեւան Բալաք գյուղից փախցրել է իր սիրած աղջկան` 21-ամյա Հայկուհուն: Աղջկա հարազատները դիմել էին ոստիկանություն: Մայրը՝ տիկին Շուշանիկը, մեզ հետ հեռախոսազրույցում ասել էր, որ Հայկուհին ու Արմենն իրար չէին ճանաչում, եւ տղան դստերն առեւանգել է իր կամքին հակառակ: Ոստիկանությունը երեկ գտել է զույգին եւ հետ բերել հարազատ գյուղ:



Ուրբաթ առավոտյան Հայկուհու հայրը, կնոջ հայտարարությունից վրդովված, ասաց, որ «երեխեքն իրար սիրում էին»: «Հիմա Հայկուհիս մեր տանն ա, Արմենն էլ իրենց տանն ա: Չենք բողոքում: Մերսիներ Սիսիանի ոստիկաններին, որ գտան-հետ բերեցին»,- ասաց հայրը: Նա նաեւ հայտնեց, որ «երեխեքը պսակվելու են»:



Տիկին Շուշանիկն էլ արդարացավ, թե ինքը շատ խառնված էր, այդ իսկ պատճառով ասաց, որ «չէին սիրում եւ անծանոթ էին»: Հիմա թե աղջկա կողմը, թե տղայի՝ պատրաստվում են հարսանեկան արարողության: «Բայց դա երեւի ուշ՝ սեպտեմբերին կլինի, հլա որ չգիտենք»,-մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ապագա զոքանչը՝ տիկին Շուշանիկը: