Պետկադաստրը շարունակում է երկրաշարժից անօթեւան ընտանիքներին հասցնել միլիոնների վնաս

Պետկադաստրը շարունակում է երկրաշարժից անօթեւան ընտանիքներին հասցնել միլիոնների վնաս
Նախորդ շաբաթ «Շիրակ կենտրոնը» իր հաղորդագրություններից մեկում անդրադարձել էր բարոյական եւ ֆինանսական այն զգալի վնասների խնդրին, որ աղետի գոտում բնակարան ստանալու հավակնորդ հարյուրավոր անօթևան ընտանիքներին հասցվում է սեփականության առկայության մասին պետկադաստրի տրամադրած սխալ տվյալներով տեղեկանքների պատճառով: Հաղորդագրությունում մասնավորապես խոսվում էր այն մասին, թե ինչպիսի խնդիրներ են ունենում այդ անօթեւան ընտանիքները բնակարանների բաշխման գործընթացին մասնակցելիս, երբ ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի բաժինների կողմից տրված տեղեկանքների` իբր Երեւանում եւ հանրապետության այլ համայնքներում ունեն 2, 3, 4 եւ նույնիսկ 5 բնակարան կամ  առանձնատուն:



Նման դեպքերում եթե տվյալ ընտանիքները չկարողանան կրկին պետկադաստրի կողմից վճարովի հիմունքներով տրամադրվող տեղեկանքներով  հերքել սեփականություն ունենալու փաստը, ապա նրանք աղետի գոտում երկրաշարժից անօթևան ընտանիքների հաշվառման կարգը սահմանող կառավարական որոշումներին համապատասխան  կզրկվեն պետության կողմից երկրաշարժին կորցրած բնակարանի դիմաց փոխհատուցումից:



Հաղորդագրությունը թեեւ հրապարակեցին տասնյակ ԶԼՄ-ներ, սակայն մինչև օրս պետկադասատրի որեւէ պաշտոնյայի կողմից արձագանք չկա: Եվ այնպիսի տպավորություն կարելի է ստանալ, որ արտառոց ոչ մի բան էլ չի կատարվել: Գուցե  իրոք պետկադաստրի թափթփված, թե միտումնավոր թույլ տրված սխալ տեղեկատվության պատճառով աղետի գոտու անօթեւան ընտանիքներին պատճառված հսկայական ֆինանսական եւ բարոյական վնասը իշխանությունների մոտ զրոյական արժեք ունի:



Մեր կողմից հնչեցրած ահազանգի հանդեպ քար լռությունը մեզ ստիպեց, որ այսօր մենք այդ խնդրով եւս մեկ տեղեկատվության հարցում էլ հղենք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին, ակնկալելով ստանալ հետևյալ հարցերի պատասխանը.



2009-2011 թթ. ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից կատարված վճարումներով եւ հարցումներով աղետի գոտում բնակբաշխման գործընթացին մասնակցելու հավակնորդ քանի՞ քաղաքացու սեփականություն ունենալու մասին տեղեկանք է պահանջվել եւ քանիսն է տրամադրվել,



քանի՞ քաղաքացու դեպքում տրամադրված տեղեկանքներով է սեփականության համընկնում գրանցվել եւ այդ դեպքերից քանի՞ քաղաքացու սեփականություն ունենալու վերաբերյալ տեղեկատվություն է հետագայում հերքվել,



աղետի գոտում բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքների սեփականության առկայության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելու համար ՀՀ քաղաքաշինության նախարարությունը որքա՞ն գումար է վճարել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, իսկ հետագայում աղետի գոտու անօթեւան ընտանիքների սեփականություն ունենալու համընկման դեպքերը հերքելիս ընդհանուր առմամբ որքա՞ն գումար է  վճարվել տվյալ քաղաքացիների կողմից:



Ավելացնենք, որ մեր մոտավոր հաշվարկներով կադաստրը 2009 - 2011 թթ. աղետի գոտում բնակարան ստանալու հավակնորդ ավելի քան 600 ընտանիքի անդամների մասին տրամադրել է սխալ տեղեկատվությամբ տեղեկանքներ:



Մեր ունեցած տեղեկություններով՝ 2009 թվականից մինչև օրս ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պետական բյուջեի միջոցներից պետկադաստրին աղետի գոտում բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքների սեփականության մասին տեղեկատվություն տրամադրելու եւ նոր ստացած բնակարանների սեփականաշնորհման համար նախատեսված ծառայությունների դիմաց արդեն իսկ վճարել է 60 մլն դրամի չափ գումար: Բնականաբար պետկադաստրի կողմից տրված սխալ տեղեկությունները հերքելու նպատակով յուրաքանչյուր անօթեւան ընտանիք էլ իր հերթին է կատարում վճարումներ` ճշգրտված տեղեկություններով տեղեկանքներ ձեռք բերելու համար:



Ի դեպ, որպեսզի թյուրիմացությունների մեջ ներքաշված ընտանիքը կարողանա կադաստրի` սեփականություն ունենալու մասին սխալ տեղեկությունները հերքել, ապա անձամբ պետք է ապացուցի, որ ինքը իր տնակից բացի ոչինչ չունի: Դրա համար նա նախ պիտի գնա հասնի Երեւան կամ հանրապետության այն բնակավայրերը, որտեղ ըստ կադաստրի տվյալների գտնվում են իրեն «պատկանող» բնակարանները, թակի դրանց  դռները, եւ եթե բախտը բերի ու այդ տների դռները նրա առաջ բացեն, բնակարանատերերից խնդրի բնակարանների սեփականության վկայականների ու այդ ընտանիքի անդամների անձնագրերի պատճենները, հետո դրանք պիտի տանի կադաստրի տվյալ տարածքի բաժին, ապացուցի, որ բնակարանը իրենը չէ, այլ պարզապես անուն-ազգանուններն են համընկել, կատարի համապատասխան մուծումներ, նոր` ճշգրտված տվյալներով, սեփականության մասին  տեղեկանքներ վերցնի ու հանձնի բնակբաշխման հանձնաժողովին:



Այդպիսով, աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացին մասնակցող եւ նման խնդիրների մեջ ներքաշված յուրաքանչյուր ընտանիքի, բացի բարոյական վնասից, պատճառվում է նվազագույն հաշվարկներով 20 – 30 հազար դրամի չափով ֆինանսական վնաս, որը ընդհանուր եւ մոտավոր հաշվարկներով ամբողջ աղետի գոտու կտրվածքով հասնում է ոչ մեկ տասնյակ մլն դրամի:



 Իսկ, թե ո՞վ եւ ե՞րբ պետք է փոխհատուցի հարյուրավոր անօթեւան ընտանիքներին,երկու տարի շարունակ կադաստրի աշխատակիցների անփույթ գործունեության պատճառով հասցված այս ահռելի բարոյական եւ ֆինանսկան վնասը հայտնի չէ: Լավ, ի վերջո ինչ-որ մեկը կրելո՞ւ է պատիժ անօթեւան ընտանիքներին ու, ի դեպ,  պետությանը եւս հասցված ֆինանսական վնասի համար:



Հ.Գ. Եվս մեկ անգամ եմ ուզում կոչ անել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին, որպեսզի հրատապ միջոցներ ձեռք առնեն ու պետկադաստրի ստորաբաժինները վերջ դնեն աղետի գոտում բնակարան ստանալու համար անօթևան ընտանիքների սեփականություն ունենալու մասին սխալ տեղեկատվություն պարունակող տեղեկանքների տրամադրմանը, առանց այդ էլ սոցիալապես ծանր պայմաններում գտնվող մարդկանց զերծ պահելով ավելորդ քաշքշուկներից եւ ծախսերից:



«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան