Հայաստանի քաղաքական սերիալները

Հայաստանի քաղաքական սերիալները
Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ Հայաստանի քաղաքական կյանքը նման է բրազիլական սերիալի, որտեղ նախ էական ոչինչ չի պատահում, ինչ էլ պատահում է՝ մակերեսային է եւ ձանձրացնելու չափ կանխատեսելի: Հետեւաբար մի տասն օրում միանգամից երկու-երեք խորքային զարգացումների արձանագրվելը Հայաստանում եւ Հայաստանի շուրջ քաղաքական կյանքի անսովոր բոցկլտում է ու բռնկում: Անցնող տասն օրում նկատելի դարձավ, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը մի քանի ամսով, գոնե մինչեւ հաջորդ գարուն ուղարկվեց պահոց, այդտեղ ոչ մի զարգացում էլ չի լինի, բացի ՄԽ համանախագահների պարբերական այցերը, եւ Երեւանի ու Բաքվի միջեւ ձեւակերպումներ համաձայնեցնելը:



Հայ-թուրքական վերահաշտեցման հարցը, ինչպես եւ սպասելի էր, Թուրքիայի խորհրդարանում AK-ի հաղթանակից հետո վերադարձավ Թուրքիայի թե ներքին, թե արտաքին քաղաքական օրակարգ: Մի կողմից դա թթվածնի չափ անհրաժեշտ է բոլոր ուղղություններով փակուղիների հասած Թուրքիայի արտաքին քաղաքականությանը: Մյուս կողմից Իլհամ Ալիեւը, Կազանում անձամբ տապալելով շրջանակային համաձայնագրի ստորագրումը, սպառել է հանդուրժելի դեստրուկտիվիզմի բոլոր սահմանները, հետեւաբար ոչ քաղաքական, ոչ դիվանագիտական, ոչ բարոյական որեւէ ռեսուրս չունի հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը խոչընդոտելու:



Վերջապես երրորդ խորքային զարգացումը, որ կռահելի դարձավ անցյալ տասնօրյակում ՀԱԿ - իշխանություն երկխոսության մեկնարկից, Հայաստանի քաղաքական դաշտը նոր ուժի կամ առաջնորդի համար նախապատրաստելու գործընթացն է:



Որքան էլ իշխանությունները կամ ՀԱԿ-ը ձեւացնեն, թե իբր երկխոսության նստելով իրենք ինչ-որ դիվիդենտներ են շահել, հաստատ երկու կողմում էլ կշիռ, տեղեկություններ եւ դատողություն ունեցող մի քանի հոգին հրաշալի գիտեն, որ նախ երկու կողմերն ինքնաբուխ չեն նստել երկխոսության, նստել են նույնիսկ մեծ դժկամությամբ, մի քանի առաջ ու ետ քայլերից հետո, հետեւաբար երրորդ կողմի հորդորով:



Սկզբում գուցե եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ Սերժ Սարգսյանին թվացել է, թե իրենց հորդորում են երկխոսության գնալ, քանի որ ղարաբաղյան կարգավորման ինչ-որ զարգացում է լինելու, որի համար ցանկալի է Հայաստանի իշխանության եւ ընդդիմության կողմից պատասխանատվություն կիսելը: Այժմ երկու կողմում էլ ինքնաբերաբար գիտակցել են, որ երկխոսությունն առնչություն չուներ ղարաբաղյան խնդրի հետ: Այդ դեպքում ինչո՞ւ են երկխոսության մեջ ներքաշվել:



Վաղ կամ ուշ իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ չեն կարող չգիտակցել, որ իրենց հավասարեցնելը, միախառնելը, մի սեղանի շուրջ նստեցնելը չէր կարող երրորդ ուժի համար կենսադաշտ ազատելու նպատակին չծառայել: Այս պահին դժվար է կռահել, թե ում առաջնորդությամբ եւ որ կուսակցությունը կդառնա երրորդ ուժը, բայց եթե իշխանություն - ՀԱԿ «գյալաջին» կազմակերպվել է, կարելի է վստահ լինել, որ երրորդ ուժի  առնչությամբ պատկերացումներ առկա են: Եվ համարյա կարելի է վստահ լինել` որ պահից երրորդ ուժի նիշան զբաղեցվեց, իշխանություններ - ՀԱԿ երկխոսությունը կավարտվի:



Ոչ թե մարդիկ, այլ՝ ժամանակը



Այս երեք թեմաներին անդրադարձը սկսենք ղարաբաղյան կարգավորումից: Նախ այն պատճառով, որ ղարաբաղյան կարգավորումը բոլորովին անարդարացի եւ հիմնազուրկ շահարկվում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներում: Ով չի ալարում՝ ճառ է կարդում, թե ղարաբաղյան խնդրում ինչ զարգացում կլինի, եւ այդ դեպքում Հայաստանի ժողովուրդը (հասկանալիորեն ճառողի առաջնորդությամբ) ինչ կանի` առանց մտահոգվելու, որ եթե ինքը որոշի ժողովուրդ առաջնորդել, արդյոք չի՞ ընկնի ընկեր Փանջունու օրը:



Ղարաբաղյան խնդրից սկսելու  երկրորդ պատճառը այն է, որ, իմ խորին համոզմամբ, սա այն խնդիրներից է, որը չեն լուծելու մարդիկ, լուծելու է ժամանակը: Մի քսան տարի հետո թե Հարավային Կովկասի, թե Միջին Արեւելքի քարտեզները, պետությունները, ռեժիմները փոխված կլինեն (եւ «արաբական գարունը», եւ ԵՄ ընդլայնումը դրան են տանում), մյուս կողմից այլեւս ծեր կլինեն եւ ասպարեզում չեն լինի այն ադրբեջանցիները, ովքեր ապրել են ԼՂ-ում, կամ հայերը, ովքեր կռվել են դրա համար: Դիմակայությունից հոգնած երկրորդ-երրորդ սերնդի համար ավելի ցանկալի եւ դյուրին կլինեն փոխզիջումներն ու հաշտեցումը:



Մտածել, թե այդ հաշտեցմանը կհասնի ներկա` Ղարաբաղում ապրած կամ պատերազմած սերունդը, տեսականորեն հնարավոր է, գործնականում` քիչ հավանական: Նախ այնքան, որքան Իրանում իշխանության ղեկին է գտնվում կղերականությունը, եւ առկա է վերջինիս անհաշտ դիմակայությունն Արեւմուտքի հետ, Ղարաբաղում կամ դրա շուրջ միջազգային խաղաղապահներ տեղակայելն անլուծելի խնդիր է, ուղղակի մեղվի փեթակ խառնելու պես բան, որ միայն խելացնորը կփորձի անել:



Մինչեւ Իրան-Արեւմուտք դիմակայությունը չվերանա, ԼՂ տարածք ոչ մի խաղաղապահ էլ չի մտնի, այդքանով էլ ոչ մի խաղաղության պայմանագիր կյանքի չի կոչվի, եթե նույնիսկ ստորագրվի:



Այնուհետ, նույնիսկ խաղաղության պայմանագիր ստորագրելը հարկավոր չէ Ղարաբաղին, քանի որ, ինչպես մի անգամ հեռատեսորեն նկատել էր Հեյդար Ալիեւը, ղարաբաղցիները նվաճել են անկախություն եւ տարածքներ, իսկ կարգավորման համար մեկը զիջելու են, ինչո՞ւ պետք է ցանկանան զիջել: Պարզ չէ, որ հազարամյակներով լեռներում ապրած ղարաբաղցիները գերադասելու են ոչինչ չզիջել, մանավանդ երբ կարիք էլ չկա:



Լեռները մեգապոլիս չեն, որտեղ կյանքի արագությունն ու մարդկային ամբիցիաներն անվերջ ավերեն եւ արարեն, մարդուն մղելով հոգեւոր, մտավոր, նյութական նոր հորիզոններ նվաճելու: Լեռներում կյանքի բովանդակությունն աննշան է, ապրելու կենսադաշտը՝ փոքրագույն, մարդկային պահանջները՝ ծայրահեղ համեստ, այնպես որ, ղարաբաղցիներին հազիվ թե ներկա ունեցածից ավելի ինչ-որ բան հարկավոր լինի, եւ դրա համար էլ զիջումների գնան: Նրանց դեռ երկար բավական կլինի իրենց հաղթանակն ապրելու ու վերապրելու  հոգեւոր բերկրանքը:



Գալով Ադրբեջանին ու Հայաստանին, նրանք երկուսն էլ տարբեր պատճառներով չեն ցանկանա ստատուս-քվո փոխել, Հայաստանը` առնվազն ԼՂ անվտանգության նկատառումներից ելնելով, Ադրբեջանը` Հայաստանին անվերջ վնասելու հնարավորության: Հենց այստեղ է թաքնված շան գլուխը, թե ինչու է Ադրբեջանը խելագարի նման ընդդիմանում հայ-թուրքական սահմանի բացմանը:



Այդ սահմանի բացումից հետո Ադրբեջանը որեւէ կերպ Հայաստանին վնասել չի կարող: Հետեւաբար Հայաստանը միայն մեկ խնդիր ունի Ղարաբաղին առնչվող, Թուրքիայի հետ սահմանը բացել, ուրիշ ոչինչ: Բարեբախտաբար նույն խնդիրն ունեն նաեւ մի քանի այլ պետություններ, եւ դժվար թե Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնագրի կնքումը խափանած Ադրբեջանն այժմ ի զորու լինի միջազգային ճնշմանը դիմանալ: