Կառավարության ետեւում՝ գմբեթ, առջեւում՝ հյուրանոց

Կառավարության ետեւում՝ գմբեթ, առջեւում՝ հյուրանոց
«Հրապարակ» օրաթերթի մայիսի 3-ի համարում գրել էինք, որ Երեւանի քաղաքապետարանը ծրագրում է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվանների տեղում հյուրանոց կառուցել: Մեր հրապարկմանը հաջորդեց Երեւանի քաղաքապետարանի հերքումը, թե նման բան չկա: Հերքում տարածողներն անգամ չէին տրամաբանել, որ վաղ թե ուշ՝ շենքը բուսնելու է, եւ իրենց հերքումը վերածվելու է պարզ ստախոսության, ինչը մեզ արդեն զարմանք  չի պատճառում: Ամիսներ հետո, փաստորեն, նույն քաղաքապետարանում արդեն ոչ թե նախատեսվում է, այլ արդեն քննարկվում եւ հաստատվում այդ նախագիծը: Եվ դրա հեղինակը, ինչպես կռահեցիք, հայտնի կազմաքանդող-ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է:



Նախագիծը պատրաստվել է դեռեւս մի քանի տարի առաջ, այժմ եկել է իրագործելու ժամանակը: Նախօրեին տեղի է ունեցել Երեւանի քաղաքաշինական խորհրդի նիստը, եւ քննարկվել է Նարեկ Սարգսյանի հերթական ճարտարապետական մտասեւեռումը: Երեւանի գլխավոր ճարտարապետը դարձյալ ձեռքն է առել 4 մետրանոց ցուցափայտն ու բեմադրել հերթական շոուն՝ ճարտարապետներին ներկայացրել «ռազմավարական նշանակության» օբյեկտը՝ յոթ հարկանի, հարյուր տեղանոց հյուրանոցը:



Եթե նախորդ նիստին, երբ թմբուկի հարցն էր քննարկվել, ընդամենը մեկ հոգի էր համարձակվել դեմ քվեարկել, ապա այս անգամ 3 «չկողմնորոշված» ճարտարապետներ ձեռնպահ են եղել, որից մեկն էլ ճարտարապետ Սասուն Քալաշյանն է: Վերջինս երիտասարդ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ երեկ «Դե ֆակտո» ակումբում իր դիրքորոշումն էր ներկայացնում: Թվաց, թե վերջինս դեմ է քվեարկել, պարզվեց՝ ընդամենը ձեռնպահ է մնացել:



«Ըստ իս՝ կարող է ես սխալվում եմ, հարիր չի Հանրապետության հրապարակին այդ կառույցը, այդպիսի մոտեցում կարող է լինել մեկ այլ շարքային հրապարակում, բայց պետական նշանակություն ունեցող  հրապարակում միջոցառումներ են կազմակերպվում, զինվորական շքերթներ, ամբողջը շրջապատել հյուրանոցներով եւ թողնել մենակ մի հատ կառավարական շենք՝ ես դա չեմ հասկանում»,-նեղսրտած ասում էր  Քալաշյանը:



Պարզվեց, որ նա դեմ է հյուրանոցային կառույցին, եթե այն լիներ մշակութային կամ վարչական մեկ այլ շենք, դեմ չէր լինի: Այս լղոզված պատասխանից լրագրողները խճճվեցին եւ պահանջեցին, որ ճարտարապետը մասնագիտորեն բացատրի այնտեղ կառուցվելիք շենքի բացասական եւ դրական կողմերը:



«Այն լուծումը, որ հիմա տրված է, ես պատրաստ չեմ ասել լավ է, թե վատ, ես գտնում եմ, որ հարմար չի այդտեղ հյուրանոց կառուցել»: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այն Տաշիր Սամոյի հերթական կապիտալն է լինելու: Քաղաքապետ Կարապետյանը, ինչպես միշտ, գայթակղվել է հերթական բիզնես պրոյեկտի եկամուտներից, իսկ մայրաքաղաքի ճարտարապետության վրա թքած ունի: Որքան էլ ողբերգական է,  նույնիսկ մետրոյի նախագծի հեղինակ Ջիմ Թորոսյանը չի դիմադրում եւ համաձայն է, որ աղավաղեն իր նախագիծն ու հյուրանոց կառուցեն, երբ այդ հյուրանոցի համար տեխնիկապես ու տարածքի սղության պատճառով հնարավոր չէ նույնիսկ ավտոկայանատեղիի հարց լուծել, եւ մեքենաները նախատեսում են կանգնեցնել առանց այդ էլ ծանրաբեռնված փողոցի մայթեզրին:



Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մեր երկրում կայացվում են միանձնյա որոշումներ, եւ մասնագիտական խորհուրդներն ընդամենը կոլեկտիվ որոշում կայացնելու իմիտացիա են ստեղծում ու կատարում իրենց ստեղծողների կամքը: Մինչդեռ պետք է գաղափարը քննարկվի մշակույթի եւ քաղաքաշինության նախարարություններում, հանրային քննարկման դրվի, լսվեն ճարտարապետների կարծիքներ, մրցույթ հայտարարվի նախագծի համար:



«Քաղաքաշինական խորհուրդն ո՞վ է, որ քննարկի, կա օրենք, կա հանրային քննարկում, մշակույթի նախարարության նիստ… Նարեկ Սարգսյանն իրավունք չունի զբաղվել քաղաքաշինական նախագծմամբ, ճարտարապետական նախագծմամբ, եւ երկրորդ՝ Նարեկ Սարգսյանն իրավունք չունի իր պետական կաբինետում, իմ վճարած հարկերի հիման վրա, հրավիրի ժուռնալիստներին եւ ասի, որ մենք գմբեթի շինարարությունը սկսում ենք։ Նարեկ Սարգսյանի արտահայտությունը սուտ է, Երեւանի քաղաքապետարանը չի հաստատել գմբեթի վերջնական նախագիծը»,- հայտարարեց Սարհատ Պետրոսյանը, ինչը հաստատեց նաեւ քննարկման մասնակից Քալաշյանը՝ նշելով, որ իրենք կողմ են քվեարկել միայն Թամանյանի գմբեթին, որն ընդամենը 40 մետրանոց մի դահլիճ է լինելու, իսկ Սարգսյանինը հսկայական կառույց է: