Սուրբ Սարգիսն ու Սերժ Սարգսյանը

Սուրբ Սարգիսն ու Սերժ Սարգսյանը
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի վարքն ուսումնասիրողներից շատերը միաբերան պնդում են, որ սույն հոգեւորականին պետք է դիտարկել ավելի շուտ որպես տիրող համակարգի մասնիկ, քան հոգեւոր աշխարհի մարդ եւ, ի նշան իրենց արգումենտների անխոցելիության, վկայակոչում են «Բենթլին» ու մեկ էլ համացանցում լայն տարածում ստացած նրա մականունը` «Բենթլի Սամո» (նստավայրը` Երեւանի Սբ. Սարգիս եկեղեցի):



Ինչո՞ւ դարձյալ նրա անձը դարձավ հայկական լրատվամիջոցների առաջին էջի քննարկման առարկա: Նկատենք, որ այս օրերին Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող խոսակցությունները, կապված Մայր Աթոռի մամլո դիվանի անպատասխանատու հայտարարությունների հետ, այնքան էլ նպաստավոր չեն եկեղեցու բարձրաստիճան հայրերի համար, եւ պետք էր ենթադրել, որ նրանք կաշխատեն միառժամանակ հեռու մնալ անհարկի նոր շահարկումներից:



Բայց, ինչպես տեսնում ենք, քրիստոնեական հորդորին հլու (մի երեսիդ ապտակում են` մյուսը դեմ տուր) մեր հոգեւոր հայրերը մամուլին իրենց մասին խոսեցնելու նորանոր առիթներ են ընձեռում: Գուցե նպատակը քննադատության սլաքը Մայր Աթոռից ու կաթողիկոսից շեղե՞լն էր` չգիտեմ, սա խորը գաղտնիք է, բայց շատ վատ է, երբ հանկարծ նախագահ Սերժ Սարգսյանն է հայտնվում գեներացվող խոսակցությունների կենտրոնում, էն էլ ո՞ւմ` մեղա Տեր, «Բենթլի Սամոյի» ընկերակցությամբ:



Ի՞նչ բացատրություն տաս սրան: Պատահականությո՞ւն էր, թե՞ հայ ժողովրդին զբաղեցնելու հնարք, իսկ գուցե մեզ հասկացնում են, որ եկեղեցին այլեւս անքակտելի կապի մեջ է իշխանությունների հետ եւ քաղաքական գործընթացների անմիջական մասնակի՞ց: Այո՞: Այդ դեպքում պետք է խոսել PR-ի մասին` ո՞վ ում քարոզեց, երբ Շիրակի թեմում իրար կողքի հայտնվեցին նախագահ Սարգսյանն ու արքեպիսկոպոս Կճոյանը:



Բնականաբար, պետք է ենթադրել, որ նախագահ Սարգսյանը փորձեց հայ եկեղեցուց վանել անցանկալի խոսակցությունների տարափը: Բայց ինչո՞ւ կողքին կանգնեցրեց այդպիսի խոսակցությունների կենտրոնում հայտնված մի հոգեւորականի, ում կերպարը հասարակության աչքին այլեւս ասոցացվում է իր հաշվին շքեղությունների մեջ լող տվողների կերպարի հետ: Չէինք ցանկանա չարախնդալ, թե Կճոյանի ներկայությունը քաղաքական վերնախավի շրջանակներում այն վարձատրությունն է, որ նա ստանում է նախորդ ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի թիմին ցուցաբերած աջակցության համար: ՁՏՐչ ջՊպրՖ վպ ցՎպրՑպվ, ինչպես ասում են:



Վերջին հաշվով նաեւ եկեղեցին կարող է դիրքորոշում ունենալ, այնպես չէ՞: Բայց մի՞թե իշխանությունը չի կարող դիրքորոշում ունենալ, եթե չասենք Հայ առաքելական եկեղեցու, ապա գոնե նրա առանձին հայրերի նկատմամբ, ովքեր լուրջ խնդիրներ ունեն ոչ միայն հասարակության, այլեւ այդ նույն եկեղեցու հետ, որի վարկը, մեղմ ասած, նրանց ներկայությունից առանձնապես չի աճում: Կճոյանը ներկա է ՀՀԿ համագումարներին, ներկա է նախագահի մարզային այցելություններին, որոշ տեղեկությունների համաձայն` կրոնական հագուստով ներկա է նույնիսկ իշխող կուսակցության քաղաքական հավաքներին:



Նորից նույն հարցն է մեջտեղ գալիս` ո՞վ է ում PR անում, ո՞ւմ հույսին է մնացել իշխանությունը, կամ ի՞նչ հույսեր է փայփայում Հայ առաքելական եկեղեցին` իր մարդուն այսքան խորը տեղադրելով աշխարհիկ կյանքի ու նրա վայելքների մեջ:



Էդիկ Անդրեասյան