Աֆրիկյանների ակումբի շենքը մեր հիշողությունն է

Աֆրիկյանների ակումբի շենքը մեր հիշողությունն է
Արդեն հայտնի է, որ Երեւանի իշխանություններին հին, արդեն կիսախարխուլ, բայց տաղանդավոր շենքեր պետք չեն, այդ սակավաթիվ հին շենքերից մեկը, կրկին ապամոնտաժման ու տեղափոխման քողի տակ, լուրջ ոչնչացման վտանգի տակ է: Խոսքը Տերյան փողոցում գտնվող Աֆրիկյանների ակումբի շենքի մասին է: Վերջերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի խումբ ճարտարապետների, արվեստագետների ու պարզապես քաղաքի ճակատագրով մտահոգվող մարդկանց ջանքերով ու մասնակցությամբ խումբ է ստեղծվել՝ ի պաշտպանություն հին շենքի: Ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանն ասում է.



«Աֆրիկյանները Երեւանի պատմության կերտման անմիջական մասնակիցներն են եղել, առաջին անգամ քաղաքում ջուր նրանք են բերել, կատարել են բարեգործություններ, բացել են դպրոցներ: Կարելի է երկար խոսել Աֆրիկյանների գործունեության մասին, արխիվում շատ ու շատ ուշագրավ նյութեր կան, ու ուսումնասիրելու շատ բան կա, եւ Աֆրիկյաններին պատկանող այս շենքը, որ կառուցվել է 19-րդ դարի վերջերին եւ Բունիաթյանների ակումբը փակվելուց հետո դարձել է այն ժամանակ դեռ փոքր քաղաքի ամենահայտնի ակումբը, վայր, որտեղ հավաքվել են, ժամանակ անցկացրել քաղաքի պատկառելի, արիստոկրատ դեմքերը, հետագայում, ասում են, բոլշեւիկները շենքի մառաններում մարդկանց են գնդակահարել:



Մի անգամ փորձեցի մտնել այդ մառանները, սակայն շենքը կիսախարխուլ է, եւ մի պատ քանդելով` վտանգը մեծ է, որ շենքն ամբողջովին կարող է փուլ գալ: Ինչեւէ, Աֆրիկյանների ակումբի շենքն այժմ ապամոնտաժման, իբր տեղափոխման ու «Հին Երեւան» նախագծի շրջանակներում Արամի ու Բուզանդ փողոցների արանքներում որեւէ տեղ վերակառուցելու լուրջ վտանգի տակ է: Հայտնի է` շենքի տարածքն արդեն  օտարված է: Այն գնվել է «Դվին Հոլդինգ» ընկերության կողմից, որ եւս ֆինանսական խնդիրներ ուներ, եւ հիմա այն կարծեմ պատկանում է «Միլենիում Հոլդինգին»:



Հիմա կարծես հարցը գնալով փակուղի է մտնում, թերեւս շենքը սեփականատեր ունի, եւ քաղաքապետարանն ասում է, որ զգուշացրել է սեփականատիրոջը, որ շենքը պետք է ապամոնտաժվի, քարերը պետք է համարակալվեն, հանվեն ու տեղափոխվեն: Սակայն, մեր աչքի առջեւ ունենալով նման անհաջող նախադեպեր, որ մյուս ապամոնտաժված շենքերն այդպես էլ չեն վերականգնվել, այս պարագայում Աֆրիկյանների ակումբի շենքը դատապարտված է ոչնչացման: Կան մի շարք կարեւոր հանգամանքներ. նախ զարդաքանդակներ կան, որոնց հանելն ու տեղափոխելը, առանց վնաս հասցնելու, պարզապես չի ստացվի:



Քարերը տուֆից են, իսկ տուֆը փուխր քար է, եւ մանավանդ տարիների ընթացքում` մթնոլորտային ազդեցություններից, արեւից, անձրեւից ավելի են վնասվում եւ որոշակիորեն հատկություններ կորցնում: Այդ քարերը պետք է շատ-շատ զգույշ հանվեն, իսկ նմանատիպ քարերն անվնաս հանելու դեպք դեռ չենք ունեցել, դրա համար էլ կասկածները մեծ են, եւ մեր առաջարկն է` պահպանել շենքը հենց իր տեղում, արտաքին մասը մնա նույնը, իսկ ներսն արդեն համարյա կիսաքանդ է, եւ գուցե կարիք լինի վերակառուցման նույն ձեւով, ինչպես որ եղել է: Դա հնարավոր է անել, միայն թե ցանկություն լինի, իսկ սեփականատիրոջը կարելի է ուրիշ մի տարածք առաջարկել՝ հիշելով Վիշապների այգու նախադեպը:



Եթե քաղաքապետը սա անի, կդառնա միակը, ով ոչ թե քանդեց, այլ գոնե պահպանեց: Իսկ «Հին Երեւան» նախագիծ ասվածը մինչեւ հիմա մնացել է միայն թղթի վրա, ոչ մի քար քարի վրա չի դրվել,  ոչ մի շենք չի վերակառուցվել, եւ շատ կասկածելի է էդ նախագծի ապագան. էսպես կքնացնեն, ու կմոռացվի: Մենք մեր այս փոքր խմբով, որի անդամները տարբեր մասնագիտության տեր երիտասարդներ են, բայց բոլորը մտահոգված են քաղաքի ճակատագրով, փորձում ենք պայքարել Աֆրիկյանների ակումբի շենքը պահպանելու համար:



Եթե այս շենքերը վերանում են, ուրեմն փաստացի Երեւանը 50-60 տարվա պատմություն ունեցող մի քաղաք է. մենք էս պարագայում պետք է այլեւս չասենք՝ Երեւանն աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է, ուղղակի քաղաք, որն ունի 50-60 տարվա պատմություն, որովհետեւ հնություն ցուցադրող որեւէ շենք, կառույց այլեւս չի լինելու: Ոչ մի քաղաքակիրթ երկիր միայն ալբոմներում չէ, որ ձգտում է պահպանել իր քաղաքի հիշողությունը, այլ ներկա կյանքում՝ ձեռք չտալով ու պահպանելով անցյալի մասունքները: Պատկերացրեք Հռոմը քանդեին ու ինչ-որ էլիտար բան կառուցեին, Փարիզը կամ հենց մեր կողքի հարեւան պետությունների քաղաքները: Ես եղել եմ Թբիլիսիում եւ Ստամբուլում, նրանք իրենց ոգին, շունչը պահպանել են: Աֆրիկյանների ակումբի շենքը մեր հիշողությունն է: Հիմա մեր խմբով ուզում ենք Աֆրիկյանների շենքում, այսպես ասած, մշակութային ակցիա կազմակերպենք` շաբաթօրյակ, շենքի տարածքում թեթեւակի մաքրություն կազմակերպելով:



Երիտասարդությունը հիմա ավելի ակտիվորեն է արձագանքում նմանատիպ միջոցառումներին, իսկ մարդիկ, ովքեր շատ ժամանակ այս հարցերին լուռ էին վերաբերվում, հիմա հասկացել են, որ քաղաքում ծագած յուրաքանչյուր լուրջ խնդիր վերաբերում է քաղաքում ապրող յուրաքանչյուր բնակչի, որ խնդիրը համաերեւանյան է, կապ չունի, թե քաղաքի որ մասում է: Ցավոք, շենքի պահպանում ասվածը շատերն ընկալում են համարակալված քարերը տեսնելով կամ քարերը մեկ ուրիշ տեղ տեղափոխվելով: Իհարկե դա էդպես չէ, տեղը չափազանց կարեւոր ու էական դեր ունի շենքի համար: Մենք շարունակելու ենք պայքարը»: