Կոնգրեսի պահանջները գուցե հենց այսօր կատարվեն

Կոնգրեսի պահանջները գուցե հենց այսօր կատարվեն
Ինչպես արդեն հայտնի է՝ այսօր կկայանա կոալիցիա-Կոնգրես պատվիրակությունների երկրորդ ռաունդ- հանդիպումը, որը տեղի է ունենալու Կառավարության ընդունելությունների տանը` Պոնչիկանոցի հարեւանությամբ: Հայտնի է նաեւ, որ Հայ ազգային կոնգրեսը Հանրային խորհրդի սրահում տեղի ունեցած առաջին հանդիպումից հետո պահանջել էր հետագա հանդիպումներն անցկացնել «չեզոք վայրում»: Առաջին հանդիպումից հետո Կոնգրեսը պատրաստակամություն հայտնեց շարունակել երկխոսությունն այն ձեւաչափով, ինչպես որոշել էր իշխանությունը:



Միայն երկխոսությանը զուգահեռ մի քանի պահանջ ներկայացրեց՝ հանդիպումները կազմակերպել չեզոք վայրում կամ Հանրայինի ուղիղ եթերում հեռարձակել դրանք, կամ ՀԱԿ-ին ամեն հանդիպումից հետո առնվազն կես ժամ ուղիղ եթեր տրամադել Հ1-ով, որպեսզի ներկայացնի իր մոտեցումները, ինչպես նաեւ վերացնել ՀԱԿ հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքը:



«Պետք է դադարեցնել Կոնգրեսի հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկումը, տարաբնույթ խոչընդոտների հարուցումը, մասնավորապես հանրային եւ այլ տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմալուծումը»,- վերջին պահանջում ձեւակերպել էր Կոնգրեսը: Երկխոսության երկրորդ ռաունդի կայացմանն ընդառաջ իշխանություններն անմիջապես բավարարեցին միայն մեկ՝ «ամենաանշառ» պահանջը՝ փոխեցին հանդիպման վայրը: Սակայն շատերը միանշանակ չընդունեցին, թե ինչու Կառավարության ընդունելությունների տունը Կոնգրեսի կողմից ընդունվեց իբրեւ չեզոք վայր, իսկ այ Վազգեն Մանուկյանի խորհրդի դահլիճը՝ ոչ չեզոք:



Ի՞նչ տարբերություն Կառավարության ընդունելությունների տան եւ «Էրեբունի Պլազայի» սրահի միջեւ: Թեեւ ոմանք վստահ են, որ կարեւորը ոչ թե հանդիպման վայրն է, այլ քննարկվող նյութը եւ ձեռք բերված արդյունքները: Այդուհանդերձ շատերը նշում էին, թե Կառավարության ընդունելությունների շենքում որեւէ պետական մարմին ամենօրյա գործունեություն չի ծավալում, թեեւ այնտեղ իրականացվող բոլոր միջոցառումները կազմակերպվում են  պետական կամ պետականամերձ մարմինների կողմից:



Իսկ Կառավարության ընդունելությունների տուն մուտք գործելու համար լրագրողներին, ինչպես նաեւ հանդիպման մասնակիցներին, անհրաժեշտ է նախապես գրանցվել-հավատարմագրվել: ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի խոսքով՝ Կոնգրեսը պահանջելու է, որ մյուս պահանջները եւս հնարավորինս արագ բավարարվեն: Մուսինյանն ասաց, որ մասնավորապես այսօրվա հանդիպումից մի քանի օր հետո, կապված իշխանությունների՝ ՀԱԿ պայմանների վերաբերյալ դիրքորոշումից, «Կոնգրեսը համապատասխան դիրքորոշում կցուցաբերի», թե ինչպիսի՝ Մուսինյանը չմանրամասնեց:



ՀԱԿ մամուլի խոսնակը չբացառեց, որ հենց այսօրվա հանդիպման ժամանակ «տեխնիկական հարցերի շրջանակում այդ հարցերը կքննարկվեն» եւ դրանց լուծումներ կտրվեն: Իսկ հանդիպման նոր եւ նախորդ վայրերի միջեւ տարբերության մասին ասաց. «Հանրային խորհուրդն ուներ քաղաքական բովանդակություն, ընդ որում՝ վարկաբեկված եւ հակահասարակական բովանդակություն: Իսկ այս կառույցը չեզոք է այն առումով, որ սա պետական, ոչ թե իշխանական մարմին է, ինչպես, օրինակ, Մելիք Ադամյանի կառավարության նիստերի դահլիճը, որտեղ մենք եւ այլ ընդդիմադիր կուսակցություններ բազմիցս համագումարներ ենք արել»:



Ի դեպ, երկխոսության առաջին հանդիպման ժամանակ կողմերը չեն ձեւավորել երկխոսության օրակարգը։ Սպասելի է, որ այն կձեւավորվի այսօրվա հանդիպման ժամանակ։ Դժվար է ասել, թե օրակարգն ինչպիսին կլինի, քանի որ մինչեւ հիմա Կոնգրեսը հայտարարում է, թե երկխոսում է բացառապես արտահերթ ընտրությունների օրակարգով։ Իսկ կոալիցիայի պատվիրակության հատկապես հանրապետական պատգամավորները հայտարարում են, որ իշխանության պատվիրակությունը պատրաստ է քննարկել ցանկացած հարց, բայց բացառում է արտահերթ ընտրությունների անցկացումը։ Սակայն եթե հիշենք, որ ժամանակին երկխոսության գաղափարն էլ էին բացառում, հետո, չգիտես ինչու, համաձայնեցին, դժվար է նրանց հայտարարություններին հավատալ: