Տիկնայք եւ պարոնայք. Սովետի ծնունդ պոստսովետական Մգոն

Տիկնայք եւ պարոնայք. Սովետի ծնունդ պոստսովետական Մգոն
Սենյակի անկյունում վառվում է լամպը, ամբողջ սենյակը միայն այն է լուսավորում: Դրսում մութ է: Դիմացի պատը ամբողջությամբ պատուհաններ են: Սովետական դեղնավուն պատեր` խոնավության լաքաներով: Սովետական չանգռված պատուհանագոգ` ծածկված մեկամսյա փոշով: Սովետական գունաթափ կանաչ վարագույր` կախած ժանգոտ քիվից, ժանգոտած կախիչներով: Ու ինքն իմ դիմաց` սովետի երեխա, պոստ-սովետական` արվեստագետ, իմ մեծ ընկերը:



-Լսո՞ւմ ես: Ինչ տժժալու ա,- ու բարձր երգում է,- դու իմ մերն ես, դու իմ քուրն ես, դու իմ յարն ես, դե արի բալես քեզ մի լավ սիրե՜մ:



Դիվանին նստած նայում եմ իրեն ու ծիծաղում իր կապիկությունների վրա: Դիմացս սեղանն է` լոլիկով, պանրով, յուղոտ թավայով` պատերին կպած բրնձով, զեյթուն, հացի կտորներ, տարբեր չափսերի բաժակներ ու շշեր. սովետական սեղան:



-Ի՞նչ ես անում էստե: Արի, նստի, քեզ հարցեր եմ ուզում տալ,- ասում եմ ` ջնջելով ժպիտս:



Ձեռքերը տարածած օդում` օրորվում է երաժշտության հետ, աչքերը փակել է, ներքեւի շրթունքով կծել` վերեւի շրթունքը ու երաժշտության հետ` ալկոհոլի ազդեցության տակ վայելում է հայկական ռեպը:



-Ասում եմ` ի՞նչ ես անում էստե, ի՞նչ ես անում էստե, ի՞նչ ես անում…- երաժշտությունը ճեղքել է փորձում ալկոհոլից հուզված ձայնս:



(Երաժշտությունը վերջացավ ու իմ ձայնը սենյակում պայթեց` կպնելով պատերին):



-Ինչ եմ էստե անում...,- քմծիծաղեց ու վերցնելով օղու բաժակը` մի ումպով դատարկելով այն` ասաց,- որովհետեւ… գիտե՞ս, որ ջահել էի մեծ հույսեր էին կապում ինձ հետ, ես էլ իմ կյանքի...,- շրթունքները ճմռում է իրար վրա, աչքերը փակում ու բացում, իբր` բա, իսկ հետո` շվցնում, իբր` անցած ժամանակների խոսակցություն է:



- Բայց դու հիմա էլ կաս, հիմա էլ անում ես էն` ինչ որ կարող ես, ինչո՞ւ ես կարծում, որ անցավ,- դողդողացող ձայնով հարձակվում եմ վրան:



-Որովհետեւ անցավ,- աթոռից օրորվելով վեր է կենում ու գնում դեպի խոհանոց ու բղավում է այնտեղից ,- Ջուր կուզե՞ս:



-Չէ... մերսի... ուղղակի,- նայում եմ  ոտքերիս վրա դրված ձեռքերիս (մի ափս դնում եմ մյուսի վրա, հետո տակինը քաշում ու դնում վերեւից) ,- ուղղակի, ինձ թվում է, որ մենք էն ենք, ինչ` ենք... մեր արածների ամբողջությունը, մեր չարածների… Ինչո՞ւ ես կարծում, որ  դու այն չես, ինչ պիտի լինեիր։



-Ըը՜,- հարցս դուրը չի գալիս, զեյթունի կորիզը բերանից հանում է ու զզվանքով շպրտում սեղանին, որը գլորվելով ընկնում է հատակին,- անկապ-անկապ խոսում ես, հըլը արի իմ տարիքին հասի, տես, թե ինչ է նշանակում ամեն վայրկյան զգալ մեջքիդ հետեւում չարած գործերի կույտը: Քո կարծիքով է՞ս եմ ես... Էս սենյա՞կը,- արդեն կանգնած վերջացնում է խոսքը: Կանգնելուց կպավ սեղանին ու իմ օղու բաժակը թափվեց, օղին ներծծվում է մատնաքաշի մեջ: Ես հետեւում եմ խմորի գունափոխությանը: Երբ բարձրացրի աչքերս, տեսա, ինքը բարձր շնչելով, նայում էր ինձ: Իր մեղրագույն աչքերը չեն սիրում ինձ: Կարմրավուն մորուքով պատված դեմքը, հավասարաչափ դիմագծերը, որտեղ յուրաքանչյուր գիծ սկսվում եւ ավարտվում է այնտեղ, որտեղ պետք է` զզվանք կա... չէ, զզվանք չի` կատաղություն:



-Չես լսում ինձ, մենակ անկապ-անկապ ղժղժում ես,- հենվելով դիվանի թիկնակին` թեւերս անցկացնելով գլխիս հետեւը` ասում եմ ես,- հը՞, որտե՞ղ էն չի…  սովե՜տը, մութ ու ցուրտ տարինե՜րը, պատերա՜զմը… ա´ն-ցա´ն : Չե՞ս կարծում, որ դու լավ էլ կուչ ես եկել «վատ տարիների»  դառը վերմակի տակ ու բոլորը քեզ շոյում են իրենց խղճահարության հայացքներով, իսկ դու իրականում վախենում ես: Վախկո՞տ ես…



-Ըհը, հասկացա... Դե, իհարկե Քամյուն ծնվեց մեծ դեպրեսիայի ժամանակ, իսկ ինքը էն ժամանակ գրում էր, գրու՜մ, երբ ամբողջ աշխարհն էր սոված, մեռած, անփող, հաշմանդամ` մարմնով ու ոգով, երբ ամբողջ աշխարհը ձանձրույթի մեջ էր, չէ, դատարկության, լռության, զզվանքի, երբ լինում է փոթորկից հետո: էն ուրիշ մարդիկ էին ու ուրիշ` ժամանակներ:



Վերջին նախադասությունը գոռաց վրաս:



(Օղին բարձրացել է գլուխս, ալիքի նման` մի հատ աջ է գնում, մի հատ` ձախ, ու խորտակվում են մտքերս, կայունությունս, աչքերս... ինքը դեռ  ծամում է զեյթունը:)



-Ես գնամ,- հազիվ արտաբերում եմ ես:



-Հա, գնա... չէ, մի քիչ էլ մնա:



Լռեցինք: Մի կտոր ամառային քամի, վարագույրին հրելով, մտավ ներս, պատուհանագոգի փոշուն` շոյեց, շարժեց պատին փակցրած նկարները, մեզ մոտ մի հատ պտույտ արեց ու էլի վարագույրին հրելով գնաց դուրս:



-Ինչ կապ ունի քո ասածը` իմ ասածի հետ,- կամաց կամաց արագություն հավաքելով, տոնս բարձրացնելով ասում եմ ես (էս անտեր օղին չի ուզում, որ ես ձեռ քաշեմ իրենից),- ես քեզ ասում եմ` դու արդեն կաս ու գործում ես, իսկ դու ինչ-որ անուններ ես տալիս: «Քամյուն» արդյունքն է, վախը` անցյալ, իսկ մենք ընթացքի մեջ ենք,- պառկելով դիվանին` ասում եմ ես ու միանգամից, չգիտես ինչու, որոշում պառկած դիրքիցս դուրս գալ: Ինքն ուզեց օգնի, բայց ես ինչ ուժ ունեի հրեցի իր ձեռքը ու ընկա հետ դիվանին,- Պարոնս արվեստագետ է խաղացնում, մատը տնկել է դուրս, իբր մեղավորներ է գտել, իրականում որտեղ էլ լինեիր հենց այ ըսենց էլ ապրելու էիր` ցեխի մեջ, ընկած հարբեցողի կյանքով, դե ասա, որ այդպես չէ՞,- ծիծաղիս միջից ավարտում եմ խոսքս ու տակից նայում եմ իր աչքերի մեջ: (Օղին արդեն համը հանում է, պետք չէր նեղացնել:)



-Լսի, իննսունականները ուրիշ էին, իսկ հիմա, էս վերջին տարիներին, էնքան բան ա փոխվել…,- ունքերը խոժոռած գոռալով ասում է ինքը:



-Փոխվե՞լ,- հրհռում եմ ես,- իսկ քսանմեկերորդ դարում ինչքա՜ն բան ա փոխվել. ինչ իզմեր եկան գնացին, ինչ պատերազմներ` համաշխարհային-մամաշխարհային, սառը, բեռլինյան պատը ու սովետի քանդումը, իսկ դու ասում ես` ես ու իմ անցած կյանքը, չգտնահատվեցի՜, փոխվե՞լ է կյանքը- ռեպի պես վանկարկելով` երգում եմ ես:



-Գնա,- դադարից հետո ասում է ինքը:



(Նեղվեց:)



-Լավ,- քթիս միջից ասում եմ ես:



Մի քանի վայրկյան լռությունից հետո արդեն ինքն է սկսում կամաց կամաց արագություն հավաքելով, տոնը բարձրացնելով` խոսել .



- Ուղղակի ես սիրում եմ կյանքը, ես սիրում եմ գրել, նկարել, կինո նայել` հիանալ, սի´րու´մ ե´մ… իսկ էս անտեր երկրի էս անտեր ժամանակահատվածում ոչ մեկի էտ պետք չի, մենակ գող ու ավազակների… ես փողի կարիք չունեմ, արածիդ…- լացի միջից գոռում է ինքը,- … կարեւորությունը … դժվա՞ր ա հասկանալ  … եթե սրիկա չեմ …բայց էդ չի նշանակում,- ձենը կորում, գալիս, շունչ է վերցնում ու կրկնում, էլի ձեն չկա,-... չի նշանակում, որ ես ուզում եմ լինել անհաջողակ…



Մոտենում է ինձ ու գրկում: Ես փորձում եմ ազատվել իր ձեռքերից: Չի թողնում: Մի քանի վայրկյան քաշքշոցներից հետո` գրկախառնվեցինք:



Իր անհանգիստ շնչառությունը աղմուկով լցրել է սենյակը: Ինքը փորձում է հանգստանալ, ես ամուր սեղմել եմ իրեն ինձ:



-Ինչքան էլ գորգռացինք իրար վրա ,- ասում է ինքը, երբ, երկուսով փաթաթված, տարուբերվում ենք մութ սենյակի մեջտեղում: Ծիծաղում ենք:



-Սեղանը հավաքե՞նք:



Ես սկսեցի սեղանը հավաքել, իսկ ինքը` ամանները լվալ: Երբ վերջացրի, փռվեցի դիվանին ու վառեցի տուփի միջի վերջին սիգարետը, ինքն էլ եկավ կողքս, սրբեց ձեռքերը շալվարի վրա ու վերցրեց սիգարետը:



Մի քանի վայրկյան լռությունից հետո, ցածր ձայնով, ինքն ասաց.



-… գիտես …բայց ես արժանապատվության իրավունք ունեմ:



Նայեցի իրեն. աչքերը` թաց, մորուքը` կարմրավուն, սենյակը` կիսամութ, իր օրերը` անցած. ամեն ինչ տխուր է, ստորացուցիչ տխուր:



-Հա…,- նորից լռեցինք: Երբ սիգարետը անջատեցի դատարկ տուփի մեջ, ասացի,- Տաքսի կանչի` գնամ:



-Ըհը:



Արդեն շեմքից ոտքս դուրս էի դրել, երբ շրջվեցի դեպի իրեն:



-Որպեսզի ամփոփեմ հարցազրույցս, Ձեր կարծիքը մետրոյի թանկացման մասին:



Ծիծաղում է: Գլուխը հենել է ձեռքին, որով բաց է պահում դուռը:



Կապկելով իմ լուրջ տոնը.



-Շատ վատ, գոնե տաս-քսան տոկոս բարձրացնեին եւ ոչ կրկնակի,- հետո ինքն իր ձայնով,- Բայց դե մենք ենք մեղավոր:



-Հա, ինձ էլ է թվում, որ շատ բաներում մենք ենք մեղավոր:



(Վերջին նախադասությունը անհամություն էր:)



-Ցը՜,- ինքը ներողամտաբար ժպտում է:

Ես ձեզ գերմարդն եմ քարոզում- նա խենթություն է



                                                                                                                        Նիցշե



Նանոր Պետրոսյան

nanuk-manuk.lievjournal.com