Վիճակը վատ է

Վիճակը վատ է
Ջերմուկում այս տարի, անցած տարվա համեմատ, բավականին պակասել է հանգստացողների քանակը: Առողջարանային քաղաքի գլխավոր հանգստավայրը՝ «Արմենիան», մեկ երրորդով է ծանրաբեռնված, ինչն այս սեզոնի համար այնքան էլ բնական չէ: Ինչի՞ մասին է սա խոսում: Անշուշտ՝ մեր ժողովրդի սոցիալական վիճակի, տնտեսության հետընթացի, արտագաղթի, ընդհանրապես՝ երկրում առկա համընդհանուր ճգնաժամի մասին: Երբ տարվա լավագույն շրջանում մեր հատուկենտ հանգստավայրերում թափուր է, կնշանակի մենք լավ չենք ապրում եւ ամռանը հանգստանալու կամ փող չունենք, կամ՝ սիրտ ու հավես: Վստահ եմ՝ այս տարի արտերկիր ու վրացական ծովափ մեկնողների քանակն էլ է նվազել: Պարզապես մեր մի քիչ ամոթխած, մի քիչ ստախոս իշխանությունը շատ բան է թաքցնում հասարակությունից եւ ճշգրիտ թվեր ու տվյալներ չի հրապարակում, վիճակի իրական վերլուծություններ չի անում: Գուցե դրանք արվում են, բայց ոչ թե հասարակության, այլ հատուկենտ ընտրյալների համար: Ասենք՝ նախագահ, վարչապետ, մի քանի նախարարներ ու բարձրաստիճան վստահելի պաշտոնյաներ տեղեկանում են եւ վերջ: Ու հենց այդ ինֆորմացիայի տիրապետումն է պատճառը, որ էկրաններին շարունակ տեսնում ենք նրանց մռայլ ու հուսահատ դեմքերը: Գուցե հենց դա է պատճառը, որ սկսել են գնալ այնպիսի արտառոց քայլերի, ինչպես ընդդիմության հետ երկխոսությունն է: Կամ՝ փորձում են ֆուտբոլային դիվանագիտություն զարգացնել, սահմանների բացման եւ Ղարաբաղի հարցի լուծման ուղիներ են փնտրում: Կամ՝ «բազեների» ճամբարներ են կազմակերպում, աշակերտների հետ ծաղկաձորյան հանդիպումներ բեմադրում, որոնց ժամանակ փորձում են երկրի նախագահի ընդունելի իմիջ ձեւավորել: Եթե իրավիճակը երկրում ավելի սրվի, երկրի ղեկավարի նկատմամբ համակրանքի պաշարը կարող է փրկօղակ դառնալ: