Լիսկան ընդդեմ գայլերի

Լիսկան ընդդեմ գայլերի
Քաջարան գյուղի ղեկավար Ռաֆիկ Աթայանը խնդրանքով դիմել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին` միջոցներ ձեռնարկելու գայլերից պաշտպանվելու համար: Գյուղապետին եւ գյուղացիներին զարմացրել է այն, որ կեսօրին գայլերը հասել են գյուղամեջ եւ մարդկանց աչքի առաջ հոշոտել ոչխարներին: «Նախկինում մեր անասունները գայլի բաժին են դարձել գյուղից հեռու տարածքներում, էն էլ մութ ժամանակ»,- զարմացած ասում է Ռ. Աթայանը:



Օրեր առաջ գյուղի Թթուջուր կոչվող վայրում հինգ գայլեր հոշոտել են 10 ոչխար եւ 8 գառ:  Ականատես գյուղացիները փորձել  են փայտերով քշել գիշատիչներին, բայց արդեն ուշ էր: Երկու գյուղացի՝ Լենդրոշ Աթայանն ու Վալերիկ Պողոսյանը, զրկվել են իրենց ոչխարներից: Թթուջրի միջադեպից հետո գայլերը դարձյալ հոտից տարել են 2 ոչխար, սակայն անզեն հովիվը ոչինչ չի կարողացել անել:



«Գայլերի դեմ պետք է պայքարել զենքով, իսկ մեր գյուղացիները զենք չունեն, չգիտենք ինչ անենք, բայց հարցն էսպես թողնել չի կարելի: Հիմա 200 գլուխ ոչխար ունենք, էշեր ու կովեր էլ կան գյուղում: Եթե էսպես շարունակվի, կմնանք առանց անասունների: Բա էդ դեպքում ի՞նչ ենք անելու մենք»,- հարցնում է գյուղապետը:



Նրա  պատմելով՝ երեկոյան ժամերին գյուղացիներն անգամ վախենում են դուրս գալ տնից: Փողոցները լուսավորված չեն, եւ մթության մեջ ցանկացած մարդ կարող է հանդիպել անտառից գյուղ հյուր եկած սոված գազաններին: Այդ դեպքից հետո գյուղացիները զգուշանում են նույնիսկ ցերեկով: Ընթացիկ տարում միայն Քաջարան գյուղում գայլերը հոշոտել են էշի 4 քուռակ, 20 ոչխար ու գառ: