Անհրաժեշտ պարզաբանում

Անհրաժեշտ պարզաբանում
«Հրապարակ» օրաթերթը հուլիսի 22-ին հրապարակել է «Ոստիկանները խրախուսո՞ւմ են գողությունը» վերտառությամբ հոդված, ուր, տուժողների տեսակետը մեջբերելով, ոստիկանության Չարենցավանի բաժինը մեղադրվում է այդ քաղաքում կատարվող միանման գողությունների հանդեպ անտարբերություն դրսեւորելու, միտումնավոր չբացահայտելու, մեղավորի նկատմամբ համապատասխան քայլեր չձեռնարկելու, ավելին` «գողին ուղղորդելու» մեջ:



Հոդվածում բերված փաստերն աղավաղված են, եզրահանգումները` անհիմն:



Ըստ ոստիկանության Չարենցավանի բաժնի տեղեկանքի, գողությունների հեղինակը` տեղի բնակիչ, նախկինում դատապարտված Ժորա Նադարյանը, գողությունների համար մարտի 20-ից հուլիսի 11-ը չորս անգամ բերման է ենթարկվել ոստիկանություն: Գողությունների փաստը հաստատվել է: Բայց գողությունների առաջին երկու դեպքերով քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրդատօր.-ի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով: Նադարյանի հետ տարվել է բացատրական աշխատանք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Սակայն դրանից հետո, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, նա կատարել է նմանատիպ այլ գողություններ եւս (գիշերով կոտրել է խանութի ապակին, գողացել խմիչք, ծխախոտ, վառիչ): Վերջին երկու գողությունների փաստով նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է:



Հավելենք, որ Նադարյանի կատարած գողությունների բացահայտման եւ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկելու մասին պատմող տեսանյութ է հեռարձակվել «Արմենիա» հեռուստաընկերության «Հերթապահ մաս» հաղորդաշարի հունիսի 13-ի թողարկման ժամանակ:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն



ՀԳ - Եթե նկատեցիք՝ պարզաբանման մեջ ոստիկանության լրատվականն ամբողջությամբ հաստատել է մեր գրածը: Պարզապես վատ «սովորույթի» ուժով գրել է անիմաստ բառակապակցությունը, թե «հոդվածում բերված փաստերն աղավաղված են»: