Գուսան Հայկազունի վաստակը գնահատեցին

Գուսան Հայկազունի վաստակը գնահատեցին
Գուսան Գագիկ Հայկազունին ճանաչում են ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Արցախում, ողջ Սփյուռքում: Չճանաչողներն էլ, անհնար է, որ լսած չլինեն նրա երգերը, որոնք շուրջ երկու տասնամյակ եւ ավելի հնչում են ամենուր՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, բեմահարթակներից, հարսանյաց հանդեսներին, ազգային բանակի զինվորների շուրթերից...



Հանրությանը քաջածանոթ են «Հայեր, միացեք», «Հպարտ գնացեք», «Գետաշեն», «Պիտի գնանք վաղ թե ուշ»,  «Վերականգնվիր, Կիլիկիա», «Պարիր, արցախցի», «Իմ Շուշի» եւ  բազմաթիվ հայրենասիրական երգեր, տասնյակի հասնող զինվորական քայլերգեր... Այդ երգերը կատարում են հանրապետության անվանի երգիչ-երգչուհիները (Շուշան Պետրոսյան, Նունե Եսայան, Թովմաս Պողոսյան, Ներսիկ Իսպիրյան, Մկրտիչ Մկրտչյան, Գոհար Հովհաննիսյան, Արեգ Միքայելյան, Սամվել Երանյան եւ այլք), այդ երգերը շրջում են ողջ աշխարհում շատ անվանի համույթների եւ երգչախմբերի  մատուցմամբ, նաեւ՝ «Գոհար» համույթի:



Գագիկ Հայկազունն ազատամարտիկ է, մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը, մարտնչել Արցախում, ինչի արդյունքում էլ ծնվել են այդ ոգեղեն երգերը:  Պատերազմից հետո գուսան Հայկազունը մարտական ակտիվ գործողությունների մասնակցելու համար ՀՀ կառավարության եւ պաշտպանության նախարարության կողմից արժանացել է մի շարք պարգեւների` շքանշանների եւ մեդալների, 20-ամյա ստեղծագործական գործունեության համար` մշակույթի նախարարության կողմից «Ոսկե մեդալի»: Արցախի նախագահի  հրամանագրով պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով: 2010-ին ՀՀ նախագահի հրամանագրով գուսան Հայկազունին տրվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:



Հայկազունի գրչին պատկանող բազմաթիվ երգեր դարձել են  մի քանի անուն գիրք-երգարաններ, մի շարք երգեր` ձայնասկավառակներ: Նա ստեղծել է «Հայկազունք» ժողովրդա գուսանական համույթը, որը, բարեգործական համերգային ծրագրեր իրականացնելով, օգնում է Քաշաթաղի մի քանի գյուղերի բազմանդամ ընտանիքներին: Սա՝ որպես մշակույթի գործչի ազնիվ վարքագիծ:



Նա շուրջ 17 տարի է, իր բեղմնավոր ստեղծագործական գործունեությանը զուգահեռ աշխատում է Պետեկամուտների  կոմիտեում՝ որպես տեսուչ-կապավոր, երեք օրը մեկ իրականացնելով հերթափոխային աշխատանք: Կասկած չկա, որ նա լավ է աշխատել, բարեխղճորեն կատարել իր պարտականությունները, քանզի այդ տարիների ընթացքում որեւէ կարգապահական տույժի չի ենթարկվել, ավելին` խրախուսվել է...



Այս տարին` 2011-ը, գուսան Հայկազունի համար հոբելյանական տարի է, եւ մենք` մշակույթի եւ արվեստի մի խումբ գործիչներ, ստեղծեցինք հոբելյանական հանձնախումբ՝ կազմակերպելու ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի 60-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիր (ինչ արած` մշակույթի նախարարությունը շատ կարեւոր գործերով զբաղված լինելու պատճառով մոռացել էր  հայ արվեստագետի հոբելյանական տարին նախաձեռնելու իր լիազորությունները): Ծրագրեր էինք կազմում, թե որ  կազմակերպություններին պետք է դիմենք` մեզ աջակցելու համար, չբացառելով, ավելին` կարեւորելով նաեւ Մաքսային կոմիտեն, որի աշխատակիցն էր գուսան  Գագիկ Հայկազունը: Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Մի քանի օր առաջ, դեռ թոշակի տարիքի  չհասած  (երեք տարի  էր մնացել), գուսանին հրավիրել են Մաքսային կոմիտե եւ  հանձնել աշխատանքից ազատման հրամանը…



Ցավալի է, երբ հաճախ գրչի մեկ հարվածով կարելի է  իրավիճակ փոխել՝ հաշվի չառնելով մարդու նյութական  անապահով վիճակը, անցած փառավոր ճանապարհը, հայրենիքին մատուցած ծառայությունները, կատարած ակնառու աշխատանքը, ունեցած վաստակը...



Խորհրդային տարիների վատը քննադատողները հարկ է, որ  մեկ-մեկ էլ լավը հիշեն. քանի-քանի արվեստագետների եւ գրողների ձեւակերպում էին հաստիքային ցուցակում եւ աշխատավարձ էին վճարում, որպեսզի նրանք որոշ չափով ապահով լինեն, եւ դրանից չտուժի մշակույթը (հազար անգամ փառք ու պատիվ քեզ, մշակույթի մեծ բարերար Ալեքսան  Մատվեյիչ Կիրակոսյան...):



Ավելի մեծ «գնահատանք»` վիրավորանքի տեսքով, հնարավոր չէր անգամ պատկերացնել: Մարդը, տվյալ դեպքում` Գագիկ Հայկազունը, վաստակ ունեցող արվեստագետ է (ՀՀ նախագահն այդ կոչումը հենց այնպես չի ընծայել նրան, այն  տրվել է գուսանի արժեքավոր երգերի համաժողովրդական ճանաչման համար):



Գուսան Հայկազունի 60-ամյա հոբելյանական հանձնախմբի անդամներ՝



Գոհար Գարուն - գրող, հրապարակախոս



Վիլիկ Եդիգարյան - քաղաքագիտության դոկտոր, դասախոս



Գաբրիել Փանոսյան - սփյուռքահայ ֆոտոլրագրող



Նիկոլ Աղաբաբյան (ՆիկՕ) - նկարիչ



Աննա Գրիգորյան - լրագրող



Մայիս Դավթյան - ազատամարտիկ



Սերգեյ Գասպարյան -  ազատամարտիկ



Սահրատ Հովհաննիսյան - ազատամարտիկ



Մարտիկ Սարգսյան - «Ազդարար» հանդեսի խմբագիր



Զարիկ Շամյան - ազգային հերոս Դուշման Վարդանի մայրը