Ուխտագնացություն դեպի մեծ լեռ

Ուխտագնացություն դեպի մեծ լեռ
ՀՀ իշխանության պատվիրակները, որ վեցն են ՀԱԿ-ի հետ ընթացող բանակցություններում, այս օրերին գոնե ինձ հիշեցնում են Ռոբինզոն Կրուզոյի լավ բարեկամ Ուրբաթի հիշատակած այն բենիկիկիներին, ովքեր գնում են մեծ լեռան մոտ, լսում են, թե ինչ է ասում իրենց Բենամուկը եւ հետո այդ ամենի մասին պատմում են հասարակ ուրբաթներին: Մի պահ պատկերացրեք, որ այդ մեծ լեռը ՀՀ Ազգային ժողովի շենքն է` բլրի գլխին, իսկ Բենամուկն էլ (ժպիտներ պետք չեն) ՀՀ իշխող կոալիցիան է, որի մոտ խորհրդակցության են գնում այդ կիկիները, որ հասկանան ի վերջո` ինչ ասել ՀԱԿ-ին բանակցությունների առաջիկա ռաունդի ժամանակ: Այ, քաղաքական նոր մշակույթը սա է եւ ոչ թե երկու քաղաքական ուժերի միջեւ ընթացող արիշ-վերիշը, որին «երկխոսություն» բարձր անունն են շնորհել:



Մենք տեղեկություններ չունենք` արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանի բենիկիկիներն է՞լ այսպիսի նախավարժանքներ են անցկացնում, թե՞ նրանց Աստվածը (ները) այլ հարթության մեջ է բնակվում: Օրինակ` երկնքում եւ ոչ թե մեծ լեռան մեջ: Այդ իսկ պատճառով մեկ-երկու խոսքով կանդրադառնանք միայն ՀՀ ԱԺ-ի փակ-գաղտնի հանդիպմանը, որ կայացել է բանակցությունների երկրորդ ռաունդի նախօրյակին` «Բենամուկի եւ նրա բենիկիկիների» միջեւ:



Դիտելով ու մտապահելով հայկական հեռուստաալիքների վերջին օրերի հաղորդումները, այն մտահոգությունն ունեցանք, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ կանեն երկխոսություն կոչվող այս գործընթացին մյուս ուժերին եւս ներգրավելու համար: Համաձայնենք, որ այսպես, երկուսով, ՀԱԿ-ն ու իշխանությունը, որքան էլ ջանան, չեն կարող Հայաստան ու հայ ժողովուրդ ներկայացնել ու մի բան էլ վստահեցնել բոլորին, որ մենք ներսում համերաշխ ու բանակցող ենք: Իրականում, եթե ուշադիր նայելու լինենք, կտեսնենք, որ համերաշխություն չկա նույնիսկ կոալիցիայի եւ ՀԱԿ-ի ներսում, էլ ուր մնաց, որ համերաշխություն լինի բոլորի համար, երբ քաղաքական կարող ուժերի մեծամասնությունը մեկուսացված է բուն գործընթացից: Ճիշտ է, գործընթացն էլ մի գործընթաց չէ, որին բոլորը ներգրավվեն, բայց, ամեն դեպքում, երկխոսում են եւ ոչ միայն իրենց միջկուսակցական հարցերի շուրջ:



Արդ ուրեմն մեծ եղավ մեր զարմանքը, երբ իմացանք, որ ԱԺ-ում կայացած կոալիցիա-կոալիցիոն բանակցային պատվիրակություն խորհրդակցությունը տեղի է ունեցել փակ ռեժիմով` առանց ԱԺ խորհրդարանական ընդդիմության մասնակցության: Գուցե իշխանության մտքին կա երկխոսության նոր ճակատ բացել եւ ֆորմալ երկխոսություն սկսել նաեւ ԱԺ ընդդիմադիր ֆրակցիաների հե՞տ…



Բանակցային սենյակում ընթացող խոսակցությունների եւ ԱԺ-ում կայացած խորհրդակցության մասին բավարար տեղեկատվության բացակայությունը խոսում է միայն մեկ բանի մասին` կողմերը չեն պատկերացնում կամ վատ են պատկերացնում, թե ինչպես պետք է ավարտին հասցնեն այս խաղը, որից միակ ձեռքբերումը կարող է լինել եվրակառույցների բարյացակամ, եվրոպական ժպիտներով համեմված վերաբերմունքը մեր նկատմամբ: Մեզ այդքան անհրաժե՞շտ են այդ ժպիտները: Ուրեմն պետք է պատրաստ լինենք նաեւ ներսի ժպիտներին, որոնք, չգիտես ինչու, չեն հասկացվում մեր ուռա-բանակցողների կողմից` մեզ չեն հասկանում, մեզ նախանձում են, աշխատում են մունդռել այս երկխոսությունը… Այն, որ երկու ուժով փորձում են վաղվա իշխանությունը ձեւավորել, պետք է հասկացվե՞ր, պետք է ողջունվե՞ր:



Որ այդ վաղվա իշխանությունը պետք է լինի իր դարն ապրած համակարգի կրկնօրինակը` պետք է ցնծությա՞մբ ընդունվեր: Այդպիսի բան չի լինում: Համազգային հարցերի շուրջ բանակցում, երկխոսում են կամ բոլորով, կամ ոչ ոք: Չկա մեկ այլ` երրորդ տարբերակ, որ կարող է ընդունելի լինել բոլորի համար: ՀԱԿ-ն ու իշխանական կոալիցիան երրորդ տարբերակն ընտրեցին, եւ նրանք բոլորովին իրավասու չեն որոշելու` ճի՞շտ են վարվում արդյոք, թե՞ ոչ մյուսները, որ չեն մասնակցում այս ձեւաչափի երկխոսությանը:



Փոխարենը մյուսները բոլոր իրավունքներն ունեն այսքան բան բացատրելուց հետո չգիտես ինչից շուտ նեղացող երկխոսողներին մաղթել` ձեր չարչարանքն ապաշխարանք թող լինի ձեր գործած ու դեռ գործելիք սխալների համար:



Աշոտ Սահակյան