Հրանուշ Խառատյանի պայծառատեսությունը ցնցող էր

Հրանուշ Խառատյանի պայծառատեսությունը ցնցող էր
Հաճախ լսած-տեսածի տպավորությունը լինում է տհաճության աստիճան կպչուն, եւ դրանից ազատվելու միակ միջոցը տպավորությամբ կիսվելն է:



Հուլիսի 12-ին հեռուստատեսությամբ Պետրոսի հյուրը ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էր: Տրամադրված էինք գիտական, փորձագիտական վերլուծություն, փրկության խելամիտ առաջարկներ լսելու: Պետրոսը, իր ոճին հարազատ, զրուցակցին հարցերով ակնհայտորեն հրում էր դեպի հակառակ` ընդդիմադիր դաշտ: Ազգագրագետն էլ ստեղծված կոմային վիճակն անխնա քննադատությամբ նկարագրում էր, բայց առաջարկներ, լուծումներ չէր տալիս, այսինքն` քաղաքական դաշտի սահմանը չէր հատում:



Պետրոսն այդքանով չբավարարվեց, փորձեց ազգագրագետին դեմ տալ պատին` իշխանություններին այլընտրանք դարձած ՀԱԿ-ին: Այստեղ ազգագրագետը չդիմացավ, ընդվզեց եւ բացահայտ հասկացրեց, որ ինքը վեր է թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից, այսինքն` ոչ այս է, ոչ` այն: Ասել է թե «ոսկե միջինն» է: Այդ պահից սկսվեց ոչ մաքուր խաղը: Երբ երկիրը, ժողովուրդը, իշխանությունները կաթվածահար վիճակում են, երբ արտագաղթն է մոլեգնում՝ «ոսկե միջին» չի լինում:



Ազգագրագետն ինչքան էլ անկախ ձեւանար, պարզ դարձավ, որ ոչ ավելի, ոչ պակաս՝ չկայացած երրորդուժական է, որի կայացման համար իր բաժին ջանքերն է թափում: Ակնհայտ դարձավ, որ ինչպես Լարիսա Ալավերդյանի, Տիգրան Խզմալյանի, նույնիսկ չխոսկան, բայց «Մեկ ազգ» դաշինքի թռուցիկներով ակտիվ գործող՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի, Ստյոպա Սաֆարյանի, Արտյոմ Խաչատրյանի, Ժիրայր Սեֆիլյանի եւ էլի մի քանիսի խնդիրն իշխանական համակարգի եւ Կոնգրեսի միջեւ հավասարության նշան դնելն է, նույնն էլ Հրանուշ Խառատյանն է կատարում: Այսինքն` ռեժիմի ամենաարժեքավոր դաշնակիցներից մեկն է: Թեեւ համոզված ենք, որ Ժիրայր Սեֆիլյանը սա դեռ չի գիտակցում, կռվող տղա է, քաղաքական գործիչ չէ, ուրիշի պատասխանատվությունն ակնկալելով` մտքեր է թելադրում, բայց Հրանուշ Խառատյանը լավ է հասկանում:



Մեզ ցնցեց այն հայտարարությունը, թե գործընթացը, որը 1998-ից սկսած իրագործում է ՀԱԿ-ը, համապատասխանում է իր իսկ` ազգագրագետի կանխատեսած սցենարին, այն տարբերությամբ, որ իր սցենարում «Մարտի 1» չէր նախատեսել: Ազգագրագետն այստեղ իր գովազդն ապահովեց, որ հերթական Մեծն պայծառատեսն է, ու նա այդ միտքը հայտարարեց հոգեկան մեծ բավարարվածություն  արտահայտող ժպիտով ու հպարտությամբ:



Նա չխոսեց իր սցենարի ֆինալի մասին, այն թողեց ավելի վատ օրերի համար, բայց մեծահոգաբար գնահատեց իշխանություն-Կոնգրես երկխոսությունը ոչ արդյունավետ` որպես վեճ աթոռի համար:



Առավել քան ցնցող էր ազգագրագետի եզրափակիչ միտքը, թե եթե ուզում են՝ թող Գանձասարի վանքի պարիսպը սալիկապատեն մարմարով, հետո՞ ինչ: Այսինքն, եթե այդ որոշումը կայացներ ու իրականացներ Կոնգրեսը, ապա Մեծն ազգագրագետը մեկ այլ կանխատեսված ողբերգական սցենար կպատմեր, ֆինալն էլի թողնելով ավելի վատ օրերի համար:



Ի դեպ, Պետրոսի արժեքն էլ այն է, որ նա, կամա թե ակամա, կարեւոր բացահայտումներ է անում:



Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ