Զինվորական «Ուրալ»-ը շրջվել է «կապոտի» պատճառո՞վ

Զինվորական «Ուրալ»-ը շրջվել է «կապոտի» պատճառո՞վ
ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռ պաշտոնական պատասխան չունի, թե ինչ պատճառով է ուրբաթ օրը Վայքում զինվորներ տեղափոխող մեքենան ընկել ձորը, ինչի արդյունքում մահացել է 2, վիրավորվել 19 զինծառայող: ՊՆ քննչական ծառայության մամուլի պատասխանատու Մերի Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փորձաքննությունն ընթացքի մեջ է, եւ դեպքի հանգամանքները ճշտվում են: Հիշեցնենք, որ ուրբաթ օրը հանրությանը ցնցեց այն լուրը, որ ժամը 15:35-ի սահմաններում Վայք-Բարձրունի ավտոճանապարհի 27-րդ կիլմետրում, Սերս գյուղի մոտ, զինծառայողներ տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, ու վթարի հետեւանքով մահացել է 2 զինծառայող՝ վարորդ, Վայոց ձորի Մալիշկա գյուղի բնակիչ, նույն զորամասի պայմանագրային զինծառայող 40-ամյա Նորիկ Հակոբյանը եւ Երեւան քաղաքի բնակիչ, նույն զորամասի ժամկետային զինծառայող 19-ամյա Գեղամ Դավթյանը: 19 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւան ու Սիսիան քաղաքների զինվորական հոսպիտալներ:



Նախօրեին այցելեցինք Երեւանի զինվորական հոսպիտալ՝ տեղեկանալու, թե ինչ վիճակում են վնասվածքներ ստացած զինծառայողները: Պարզվեց, որ ՀՀ ՊՆ-ն գաղտնի է պահում անգամ վիրավորներին վերաբերող տեղեկությունները: Զինվորական հոսպիտալի տնօրեն Միքայել Միքայելյանը չթույլատրեց մեզ հանդիպել ու խոսել վիրավոր զինվորների ու նրանց բուժող բժիշկների հետ՝ հայտարարելով, թե դրա իրավունքը չունենք, եւ որ լրագրողները կարող են հանդիպել հիվանդ զինվորների հետ միայն  պաշտպանության նախարարության համաձայնությամբ: «Ես չեմ թույլատրում»,- եղավ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանի պատասխանը:



Երբ պարոն Կարապետյանին հիշեցրինք, որ իր հայտարարությունն ու ՊՆ-ի սահմանած կարգը հակասում են «Մամուլի մասին» օրենքին, եւ որ բանակը պետական կառույց է, ու դեպքը հանրության ուշադրության կենտրոնում է, Դավիթ Կարապետյանը հայտարարեց, թե ինքը խոսել է զինվորների հետ՝  նրանք չեն ուզում հանդիպել լրագրողներին:



Իսկ իրականում զինվորները լրագրողի հետ խոսելուն  դեմ չէին: Մեզ այնուամենայնիվ հաջողվեց տեղեկություններ իմանալ թե զինվորների վիճակի, թե դեպքի մանրամասների հետ կապված: Ըստ այդմ՝ վերակենդանացման բաժանմունքում են գտնվում երկու զինվորականներ, որոնց վիճակը բավական ծանր է: Նրանցից մեկը 43-ամյա մայոր Դավիթ Գրիգորյանն է, ով լուրջ վնասվածքներ ունի: Վնասվածքներ ստացած մյուս զինծառայողները հոսպիտալի տարբեր բաժանմունքներում են: 7 զինծառայողներ, ովքեր թեթեւ վնասվածքներ են ստացել, արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:



Հարազատները, ովքեր տեսակցել ու խոսել էին ոչ այնքան ծանր վնասվածքներ ունեցող զինվորների հետ, պատմում էին, որ դեպքը տեղի է ունեցել սահմանային հենակետի հերթափոխի՝ պոստերից իջնելու ժամանակ: «Ուրալ» մեքենան՝ բաց թափքով, սահմանային հենակետերից իջեցրել է զինվորներին դեպի զորամաս, ու ճանապարհին, սարից իջնելիս, այդ արագության տակ, մեքենայի «կապոտը» բացվել է՝ փակելով դիմապակին, ինչի արդյունքում էլ վարորդի տեսադաշտը փակվել է, ու մեքենան գլորվել է ձորը:



Մոտ 6-7 անգամ պտտվել է ձորն ընկնելիս, իսկ զինվորները, որ եղել են մեքենայի բաց թափքում, պարզապես դուրս են ընկել մեքենայից՝ ստանալով տարբեր վնասվածքներ: Հարազատների պատմելով՝ երիտասարդներից ոմանք դեռ շոկի մեջ են, ոմանք չեն հիշում դեպքի մանրամասները, հիշում են միայն, որ Վայքում իրենց հանել-դրել են ճանապարհին ու ցավազրկող ներարկել:



Մի մասին Երեւան են տեղափոխել ինքնաթիռով: Մյուս մասին սկզբում տարել են Վայք, ապա՝ Երեւան: «Պոստերից իջնելիս մեքենայի կապոտը բացվեց, վարորդը չկարողացավ պահեր, ու շուռ եկանք: 6-7 անգամ շուռ եկավ մեքենան, դուրս էինք թռնում մեքենայից: Էլ բան չեմ հիշում»,- պատմել է զինվորներից մեկը: