Արտահերթ ընտրությո՞ւն, թե՞ առճակատում

Արտահերթ ընտրությո՞ւն, թե՞ առճակատում
Երեկ կեսօրին Կառավարության ընդունելությունների տան դիմաց իսկական իրարանցում էր: Այստեղ էր կայանալու իշխանություն-Կոնգրես երկխոսության երկրորդ հանդիպումը: Այս անգամ նույնպես ոչ միայն ողջ լրագրողական համայնքն էր (ի դեպ, որոշ լրատվամիջոցներից երկու-երեք հոգով էին ներկայացել) դիրքավորվել այստեղ, այլեւ երկխոսությունը թամաշա անելու ակնկալիքով ընդունելությունների տան դիմաց էին հավաքվել հասարակ քաղաքացիներ: Մինչ լրագրողները, հերթի կանգնած, մանրազնին խուզարկվելուց հետո շենք էին մուտք գործում, դրսում քաղաքացիները ռեպլիկներ էին արձակում վերջիններիս եւ հանդիպմանը շտապող պատվիրակության անդամների հետեւից (ի դեպ, այս անգամ էլ հանդիպմանն առաջինը ներկայացան իշխանության ներկայացուցիչները): Մի քանի ակտիվ կանայք բղավում էին. «Բոլ եղավ, հերիք ա, ի՞նչ եք երկխոսում, դուք ի՞նչ եք գրում, ժողովուրդը սոված կոտորվում ա: Էդ երկխոսությունից մեզ ի՞նչ, մեր մասին երկխոսեք»:



Այս անգամ էլ երկխոսությունն անցավ փակ դռների հետեւում: Եվ միայն երկու ժամից ավելի տեւած հանդիպումից հետո պատվիրակության ղեկավարները, նախ Կոնգրեսինը՝ Լեւոն Զուրաբյանը, ապա իշխանականը՝ Դավիթ Հարությունյանը, դուրս եկան եւ տեղեկացրին, որ երկխոսության օրակարգ է ձեւավորվել: Զուրաբյանը, շնորհավորելով «բոլորին», հայտարարեց. «Օրակարգը ձեւավորվել է, քննարկման ենթակա հարցերն են. Հայ ազգային կոնգրեսի առաջարկով՝ Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում եւ դրանց ազատության, արդարության եւ օրինականության ապահովման անհրաժեշտ միջոցառումներ: Կոալիցիայի առաջարկով՝ Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձեւավորում»:



Ի դեպ, Զուրաբյանը հայտնեց, որ իրեն առաջարկել են հոկտեմբերի կեսերին անցկացնել նախ արտահերթ նախագահական, ապա խորհրդարանական ընտրություններ. «Մենք սա բազմիցս բացատրել ենք, որովհետեւ, մեր կարծիքով, նախագահական արտահերթ ընտրությունները կստեղծեն լրջագույն երաշխիքներ նաեւ խորհրդարանական ընտրությունների արդար, ազատ եւ օրինական անցկացման համար»: Իշխանության ներկայացուցիչները բացառում էին արտահերթ ընտրությունների հարցը երբեւէ նույնիսկ քննարկելու հավանականությունը, հետեւաբար լրագրողներին նախեւառաջ հետաքրքրում էր.



«Նման օրակարգի հաստատումը չի՞ նշանակում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության ընդունում»: «Իհարկե ոչ: ...Ես երբեք չեմ օգտագործել «բացառում» բառը, բայց այս պահին ես որեւէ հիմք չեմ տեսնում անցկացման համար, եւ երկխոսությունը դրա համար է, որ բերվեն երկկողմ տեսակետները, եւ յուրաքանչյուրս հասկանանք միմյանց պահանջները: Եթե նստում են երկխոսության, ապա սխալ կլինի մերժեն առաջադրվող հարցերի քննարկումը: Բանակցության ընթացքում կարող է, իհարկե, չլինել համաձայնություն, եւ մի կողմը գնա սրացման, բայց դա չի նշանակում, որ դրա համար մյուս կողմը պետք է ընդունի բոլոր պայմանները»,- հայտարարեց Հարությունյանը:



Այդ դեպքում ինչքանո՞վ է ՀԱԿ-ը հավանական համարում, որ օրակարգում ընդգրկված պահանջն ի կատար կածվի: «Այնքանով հավանական, ինչքանով հավանական է Հայաստանի առաջընթացը»,- պատասխանեց Զուրաբյանը: Ի դեպ, հանդիպումից կես ժամ հետո կայքերում հայտնվեց ՀԱԿ մամլո հաղորդագրությունը, որը ներկայացվել էր իբրեւ ՀԱԿ՝ իշխանության հետ բանակցության օրակարգ: Սակայն, մեզ հասած տեղեկություններով, կողմերը չեն էլ քննարկել այդ հայտարարության որեւէ կետ:



Երբ հանդիպման սկզբում Կոնգրեսի ներկայացուցիչներն այն ներկայացրել են, իշխանության պատվիրակության ներկայացուցիչների մոտ բուռն դժգոհություն է առաջացել, եւ ՀԱԿ անդամներին հորդորել են հաղորդագրությունների լեզվով չխոսել եւ բոլոր առաջարկները ներկայացնել բանակցության սեղանի շուրջ, քանի որ դա կասկածի տակ է դնում երկխոսության ներկայացուցիչների լիազորությունները:



Սակայն, ընդհանուր առմամբ, երեկվա հանդիպումն անցել է խաղաղ մթնոլորտում, բանավեճեր, առճակատումներ չեն եղել, խոսել են հիմնականում պատվիրակության ղեկավարները, երկխոսության օրակարգն էլ  բավականին հեշտ է ձեւավորվել, քանի որ, ասում են՝ իշխանության ներկայացուցիչներին այն նախապես հայտնի է եղել: Ի դեպ, եթե նախորդ հանդիպմանը կողմերն ընդմիջում էին պահանջել եւ առանձին-առանձին խորհրդակցել, ապա երեկ 2 ժամվա ընթացքում ընդամենը 5 րոպեով են ընդմիջել հանդիպումը, որ տղամարդիկ ծխեն:



Երեկ քննարկել են Կոնգրեսի առաջին հանդիպումից հետո վերջինիս  ներկայացրած պահանջները: Հանրայինի ուղիղ եթերով ցուցադրելու կամ դրանից հետո Կոնգրեսին կես ժամ եթեր տրամադրելու պահանջն իշխանությունը մերժել է: Զուրաբյանն ընդգծեց  հանդիպումների մասին հանրությանը տեղեկություն տրամադրելու հնարավորության անհավասարության մասին: Իր հերթին Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ հնարավորությունները հավասար են եղել, նաեւ, որ այդուհանդերձ Կոնգրեսի ներկայացուցիչներին իրենք առաջարկել են՝ եթե կան տարաձայնություններ, կարող են ուսումնասիրել:



Կոնգրեսը, ըստ Դավիթ Հարությունյանի, հրաժարվել է այդ տարբերակից: «Մեր համոզմամբ՝ երկխոսությունն ուղիղ եթերով հեռարձակելը կնշանակի յուրաքանչյուր կողմի տեսանկյան ներկայացում, քան բուն երկխոսությունը»: Դավիթ Հարությունյանը բոլոր լրատվամիջոցներին դիմեց կոչով, որպեսզի ապահովեն տեղեկատվության հավասարությունը:



«Մենք միակողմանի հայտարարեցինք, որ եթե մեր վեցից որեւէ մեկին հրավիրեն եթեր, ապա մենք առաջինը հարց կուղղենք համապատասխան հեռուստաընկերությանը՝ արդյո՞ք նրանք համապատասխան հրավեր ուղարկել են Կոնգրեսի ներկայացուցիչներին: Եվ կհամաձայնենք միայն այն դեպքում, երբ Կոնգրեսի ներկայացուցիչները եւս հնարավորություն ունենան»,- վստահեցրեց իշխանության ներկայացուցիչը: Իսկ ընդդիմության հանրահավաքը Հանրայինով իրազեկելու պահանջին դեռ չեն պատասխանել, ոստիկանության կողմից հանրահավաքների մասնակիցների համար խոչընդոտների առումով էլ իշխանությունն առաջարկել է փաստեր ներկայացնել:



Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրության հարցում կողմնորոշման համար վերջնաժամկետը պահպանվում է: Չպահպանվելու դեպքում Կոնգրեսը կգնա առճակատման: «Չեմ կարծում, որ դա իրական մտադրություն է, որովհետեւ իմ կարծիքը հակառակ կողմի մասին բարձր է, եւ եթե նման բան հայտարարվել է, ապա, կարծում եմ, հայտարարվել է մարտավարական նկատառումներով»,- ի պատասխան ասաց Դավիթ Հարությունյանը: Հաջորդ հանդիպումը կկայանա նույն վայրում, օգոստոսի 4-ին: