Կադրերի պակաս

Կադրերի պակաս
Հուլիսի 25-ին Արցախի վարչապետ Արա Հարությունյանը «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի եւ մի խումբ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ակնարկել է, որ «Արցախում կադրերի լուրջ խնդիր կա համարյա յուրաքանչյուր բնագավառում», եւ ուսանողներին դիմել է ուսումն ավարտելուց հետո Արցախում հաստատվելու ու աշխատելու առաջարկով, ավելացնելով, որ նրանց համար համապատասխան պայմաններ կստեղծվեն:



Հաջորդ օրը տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրը հաստատել է ԼՂՀ բուհեր օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը, որն օտարերկրացիներին հնարավորություն կտա Արցախի ուսումնական հաստատություններում կրթություն ստանալ։ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վ. Խաչատրյանի պարզաբանմամբ՝ սփյուռքահայ ուսանողները կարող են իրավունք ստանալ նաեւ անվճար սովորելու:



Նրա ասելով՝ ԼՂՀ բուհեր ընդունված արտասահմանցի ուսանողների համար ուսուցումը կարող է կազմակերպվել գրական հայերենով կամ օտար լեզուներով: Ներկա պահին Արցախի պետական համալսարանի նախապատրաստական բաժնում ուսանում է Հնդկաստանի 7 քաղաքացի: Ճիշտն ասած, մի քիչ տարակուսելի է, թե կադրային խնդիրներ ունեցող Արցախում օտարերկրացիներն ինչ մակարդակի ուսում պիտի ստանան, երբ արցախցի շատ երիտասարդներ նախընտրում են բարձրագույն կրթություն ստանալ Երեւանում եւ ռուսաստաններում։



Արեգ Վարդանյան