Հունադավան եկեղեցին պետք է փրկել

Հունադավան եկեղեցին պետք է փրկել
19-րդ դարում, Կապանի հանքերը շահագործող օտարազգի հանքագործների համար, քաղաքից 5-6 կմ հեռավորությամբ, Բաշքենդ գյուղավայրում կառուցվեց հունական եկեղեցի: Մասնագետների կարծիքով, եկեղեցին յուրօրինակ կառույց է, բայց այսօր մոռացված է բոլորի կողմից: Պատճառը ոչ թե հունադավան լինելն է, այլ, որ եկեղեցու տարածքը վթարային է:  Եկեղեցու հիմքում շահագործված հանքեր են: Շինության հյուսիսային եւ հարավ-արեւմտյան կողմերում խորը փլվածքներ կան, ինչի հետեւանքով եկեղեցու բոլոր պատերին ճաքեր են առաջացել, եւ չի բացառվում, որ մի օր էլ այն փլվի: Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը բազմիցս  ահազանգել է, որ  եկեղեցին վթարային վիճակում է, եւ այն տեղափոխելու  խնդիր կա:



«Դինո գոլդ մայնինգ քամփնիի» ղեկավարությունը մոտ 2 տարի առաջ  խոստացավ տեղափոխել եկեղեցին: Կառավարությունը կոմբինատին տվել էր այդ տարածքի հանքերի շահագործման լիցենզիա: Սակայն հետազոտությունների արդյունքում որոշվեց, որ նպատակահարմար չէ շահագործել այդ հանքերը, ու ձեռնարկությունը հրաժարվեց լիցենզիայից: Այդ իսկ պատճառով էլ եկեղեցու տեղափոխման հարցն էլ փակված համարվեց:



Տիկին Հակոբյանի խոսքով, հարցը  վարչապետի վերահսկողական ծառայության օրակարգում էր, բայց մինչ օրս ոչինչ չի ձեռնարկվել Բաշքենդի եկեղեցու ճակատագրի հետ կապված: Այն կառուցվել է 1865-ին, կառույցի  հարեւանությամբ զանգակատուն եւ դամբարան կան: Պատմում են, որ հենց այդ դամբարանում էլ թաղված է եկեղեցու շինարարը:



Կառույցը  Սյունիքի այն ոչ հայկական պատմական հուշարձաններից է, որոնք ներառված են պատմության եւ մշակույթի հուշարձանների պետական ցուցակում: Ասել է,  թե Բաշքենդի եկեղեցին պահպանվող տարածք է պետության կողմից: Բացի այս եկեղեցուց, մարզի մահմեդական գերեզմանոցները նույնպես ընդգրկված են պետական ցուցակում: Մասնավորապես, Աղիտուի մահմեդական գերեզմանոցը` կիսավեր մզկիթով: Լեհվազի գերեզմանոցում եւս կա ադրբեջանական կիսաքանդ դամբարան, որի ութանիստ հիմքը եւ պատերի մի մասը լավ պահպանված են:



Նռնաձոր գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք՝ նախկին հայկական Ըռնաձոր գյուղատեղիում պահպանվել են մահմեդական տապանաքարեր: Հաշվառված ոչ հայկական այլ հուշարձաններ մարզի տարածքում չկան: Չնայած մարզի Քիրս, Քարուտ, Գեղի գյուղական համայնքների տարածքներում դեռ պահպանված են ադրբեջանական գերեզմանոցներ: